Երկուշաբթի օրը Սերգեյ Վեչիրկո անունով օգտատիրոջ կողմից YouTube սոցկայք է վերբեռնվել Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցը Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախկին փոխքարտուղար Նեստոր Շուֆրիչի հետ:

Գաղտնազերծված հեռախոսազրույցում Տիմոշենկոն նշում է, որ ուկրաինացիները պետք է զենք վերցնեն ռուսների դեմ, որ նույնիսկ այրված հող չմնա, որտեղ կկանգնի Ռուսաստանը:

Տիմոշենկոն թվիթերյան իր էջում հաստատել է խոսակցության իսկությունը, սակայն պնդել, թե այն հատվածը, որտեղ նա նշում է Ուկրաինայի տարածքում 8 միլիոն ռուսներին միջուկային զենքով կոտորելու մասին, խմբագրվել է:

Թվիթերյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Հեռախոսազրույցը տեղի է ունեցել, սակայն «8 միլիոն ռուսներն Ուկրաինայում» հատվածը խմբագրվել է: Իրականում, ես ասել եմ, որ Ուկրաինայի ռուսները նույնպես ուկրաինացիներ են: Ողջույն, Անվտանգության ֆեդերալ ծառայություն :) Ներողություն անպարկեշտ խոսքերիս համար»:

 

Ի տարբերություն Տիմոշենկոյի՝ Շուֆրիչի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ձայնագրությունը կեղծ է, և որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել: Այս մասին հրապարակել է korrespondent.net-ը:

Պետք է նշել, որ սա առաջին գաղտնազերծված սկանդալային հեռախոսազրույցը չէ: Մարտի սկզբին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը հեռախոսազրույց ունեցան, որտեղ Պաետը Էշթոնին տեղեկացնում էր, թե կասկած կա, որ Կիևում դիպուկահարները, ովքեր կրակ են բացել ցուցարարների ու ոստիկանների վրա, հնարավոր է վարձված լինեն Մայդանի առաջնորդների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել