Հորդ անձրև, մոմավառության համար հավաքված մարդիկ, Հարսնաքարի շուրջ շղթա կազմած ոստիկաններ… Պարզ է, որ մոմ չենք վառելու այնտեղ, որտեղ կուզենայինք, բայց դեռ հույս ունենք, գուցե ստացվի՞:
Սակայն մայթին անգամ մոմ վառելու հնարավորություն չկա, անձրևը մի կողմից, քամին մյուս կողմից խանգարում են: Կանգնած նայում եմ ոստիկաններին, որ արձանացած նայում են մեզ ու մտածում եմ: Լավ, մենք եկել ենք ներքին մղումից դրդված, ամեն մեկն իր անձնական մղումից դրդված, դեմ չեմ ;) բայց այս տղաները, որ հիմա թրջվում են, ինչո՞ւ են այստեղ: Այստեղ են, որովհետև դա իրենց պարտքն է, լինել այնտեղ, որտեղ հնարավոր է անախորժ միջադեպ լինի:
Անձրևը կտրվեց, սկսեցինք մոմեր վառել: Շենքին մոտենալու և մոմավառություն անցկացնելու վերաբերյալ բանակցություններն արդյունք չտվին, ոստիկանական շղթան չբացվեց: ՉԵՄ հասկանում, ինչո՞ւ: Չէ որ նախորդ անգամ էլ ժողովուրդն ուղղակի շենքի շուրջ պտտվեց ու վերջ: Ինչևէ: Արդյունքում լարվածությունը մեծանում էր և զգացմունքային պոռթկումը բերեց փողոցը փակելու կոչին: Քիչ անց կարմիր բերետավորների ու ոստիկանների շարքերը սկսեցին մխրճվել փողոց լցված ցուցարարների բազմության մեջ: Հասկանում էի, որ ռևերանսներ չեն անելու միմյանց, ի վերջո սա օրիորդաց դպրոց չի: Բայց որ այսքան անհաճո բան տեղի կունենար, չէի պատկերացնում: Եղածը բոլորդ գիտեք, ամեն ինչ տեսել եք: Բայց կան բաներ, որ աննկատ մնացին: Այդ բախման հետ կապված ցնցումից իմ մտերմուհին վատ զգաց իրեն և մենք մոտեցանք ոստիկանների շարքին, որ նա կարողանա մայթի եզրաքարին նստել, մոտիկ կանգնած ոստիկանին խնդրեցի, որ ջուր բերի, ասաց թե չի կարող, իրավունք չունի: Մի հետաքրքիր բան եղավ այդ ժամանակ, ընկերուհուս ընդամենը մի քիչ խաղաղվել-հավաքվել էր պետք ու քանի որ ցուցարարներն անտարբեր չէին անցնում, օգնություն էին առաջարկում, դա ավելի էր լարում մեզ… (զարմանալի է չէ՞ մարդը, որ չմոտենային՝ գրելու էի, որ անտարբեր են)) ինչևէ, մի երկու րոպե անց նկատեցի, որ ոստիկանները մեզ «օղակի» մեջ էին վերցրել, մենք մարդկանց չէինք երևում և նույնիսկ, եթե կրկին հրմշտոց լիներ, ընկերուհիս ապահով էր…
Տանը վերլուծում էի կատարվածը: Ի՛նչ բևեռացված ծայրահեղություններ էին աչքիս առաջ: մի կողմից մահակավոր ոստիկանաշարքը, որն ուղղակի ուժով հրում էր մարդկանց առանց հաշվի առնելու, թե ով է դիմացինը, մյուս կողմից՝ մեզ շրջապատած ոստիկանի համազգեստով մարդիկ: Փողոցը փակել էին նրանք, ովքեր ուզում էին արդարության հասնել, բայց այդ պահին հավանաբար չէին մտածում, որ հնարավոր է, որ այդ փողոցով շտապ օգնության մեքենա պիտի անցներ, որ մեկի կյանքը փրկվեր, գուցե ստիպված կանգնած մեքենաներից մեկում մի հղի կին, կամ հիվանդ երեխա կար, ում պետք էր շուտ հասցնել հիվանդանոց: Պատկերացրի ի՞նչ կզգա այն հիվանդի ազգականը, ում շտապ օգնությունը ժամանակին չհասնելու պատճառով կորցնեին: Զգացմունքային է գրածս, դեմ չեմ, բայց ես կին եմ և իրավունք ունեմ այդպիսին լինելու: Քաղաքական գործիչ չեմ, որ խորհուրդներ տամ որտեղ և ինչպես անցկացնեն ցույցեր ու բողոքի ակցիաներ, բայց… սիրելիներս, ընդունեք, որ սգո արարողությունը կարող էր մեկ ուրիշի սգո պատճառ դառնալ: Հասկանում եմ, եթե թույլ տային, որ ժողովուրդը խաղաղ մոտենար շենքին ու մոմ վառեր, ոչինչ էլ չէր լինի, բայց… Գուցե պետք է մտածել ինչպես և որտեղ անել բողոքի ակցիաներ: Ամեն դեպքում, երթևեկությունը խոչընդոտելը լավագույն ելքը չէ իմ կարծիքով:
Մի բան էլ նշեմ, ես հասկացա, որ այնտեղ տարատեսակ սադրիչներ կային: Ընդհարման «հիմնական մասն» արդեն ավարտվում էր և փողոցում այդքան էլ բարձր ժխոր չէր, երբ մի աղջիկ հիստերիկ սկսեց ճվճվալ, թե մարդ սպանեցին: Ի՞նչ զգացին այդ բղավոցը լսողները՝ կարծում եմ կպատկերացնենք: Այդ պահին արդեն փողոցի մի մասը բաց էր և մեքենաներ էին անցնում, իսկ եթե ինչ- որ մեկը նետվեր դեպի «սպանության վայր» ի՞նչ էր լինելու: Հարց է առաջանում, աղջիկ ջան, ինչո՞ւ ես այդպես գոռում անհիմն ենթադրությունդ, չե՞ս մտածում արդյոք, որ ներկաները մարդ են, եթե եկել են այստեղ նշանակում է էմոցիոնալ են ու տպավորվող, ուզում էիր երևա՞լ, մարգարեանա՞լ: Չեմ հասկանում…
Հասկանում եմ մի բան. մարդը մնում է մարդ իր ներքին որակներով: Կապ չունի արտաքին աշխարհում ինչ գործունեություն է ծավալում: Մեկը ուսադիրներ է կրում, նշանակում է պիտի առաջնորդվի իր վարքականոններով, մեկ ուրիշը իր ազատության համար պայքարում է, բողոքում երկրում տիրող վիճակից, բայց երկու կողմում էլ կան և´ լավը և´ վատը, պետք չէ թացը չորին խառնել, ամեն ոստիկան չէ, որ գազանաբարո է, ինչպես և ամեն ցուցարար չէ, որ անկեղծ է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/436195019737114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել