ՀՀ ազգային բանակի սպա Վահե Ավետյանին ծեծելով սպանած ու էլի մի քանի սպաների հիվանդանոցի դուռը հասցրած հանցագործները եւ նրանց ազգուտակը ռեժիմի շարքային սպասարկուներից էին, ովքեր միշտ էլ վստահ են եղել, որ իրենց կարելի է ամեն ինչ, միայն թե հավատարիմ մնան ռեժիմին, ով միշտ էլ իրենց «թասիբին կանգնել է»: Ու իրենք իրոք շոկի մեջ են, զարմացած են ու զայրացած, իրենց քցված են զգում: «Մեզ չէին զգուշացրել, որ կարող է եւ մեր հանդեպ արդարադատություն կիրառվի»,- մտածում են իրենք, փորձում են հավատալ իրենց երաշխիքներ տվողներին, որ մեղավորը նման «անարդարության» համար տուժողների փաստաբաններն են ու «եսիմ որդուց բուսնած» (երեւի «տարբեր գռանտներով») ու այս գործը ուշադրության կենտրոնում պահող քաղաքացիական հասարակությունը: Ուրեմն ի՞նչ, այսուհետեւ սրանց նման «լավ տղերքն էլ» մարդ սպանելու համար պետք է բանտ նստեն: