-Բարև…
- Բարև…
- Ինչպե՞ս ես…
- Լավ, դո՞ւ…
- Փորձում եմ լավ լինել:
- Առողջանո՞ւմ ես:
-Երևի… Ինչո՞ւ չես քնում:
- Չգիտեմ…
- Բարկացած ու նեղված ես թվում…
- Չէ, ոչ մի նման բան…
- Ի՞նչ ես անում:
- Ոչինչ… պառկած եմ:
- Բայց դա անելիք չէ… դա իրավիճակ է:
-Թող լինի այդպես:
- Բայց դրանք տարբեր բաներ են:
- Ցանկանում ես իմանալ` ինչո՞վ եմ զբաղված: Դատարկությամբ…
- Իսկ եթե փորձեմ դատարկությունդ լցնե՞լ…
- Զրուցի~ր հետս…
- Թեմա առաջարկիր:
- Ախր ասացի, չէ՞… Դատարկություն է…
- Ինչո՞ւ…գիտե՞ս…
- Բնավ:
-Ես ասե՞մ…
-Հա…
-Դու սիրում ես դատարկությունը, հոգիդ անչափ սիրում է այն, այլապես ինքդ ելքեր կորոնեիր` դուրս գալու այդ իրավիճակից:
- Երբեք թեմա չեմ առաջարկում: Ըհն, կարծես թե սիրում եմ մենակությունը:
-Իսկ եթե ինքս թեմաներն առաջարկե՞մ… կընտրե՞ս:
- Փորձենք:
- Ատելություն, դավաճանություն, հավատարմություն… մմմմմ, սեքս, կյանք, հարգանք, վրեժ, զիջում…դե՞…
- Զղջում…
-Կա՞ մի բան, որի համար խիստ զղջում ես (Առաջընթա~ց… թեման ինքդ ասացիր…):
- Հա, շատ բաների համար եմ զղջում:
-Ե՞վ:
- (Ինչպե՞ս ես ինձ ստիպում հոգիս բացել քո առաջ) Որովհետև ամեն ինչ աննպատակ է:Մենք աննպատակ ենք ապրում, օր ենք մեռցնում, քարշ ենք տալիս սեփական գոյությունը:
- Կձևացնեմ, որ այդ հիմար միտքը չարտահայտեցիր:
- Ինչո՞վ էր հիմար:
- Դու նպատակ չունե՞ս: Ոչ մի տեսակի՞:
-Չէ:
- Օրինակ` չե՞ս ցանկանում սիրվել:
- Ոչ: Սիրելու ընդունակ չեմ:
- Ձեր պատասխանը սխալ է: Դու չես ուզում սիրել պարզապես:
- Չեմ ուզում: Ես մեղավոր եմ ինձ զգում կիսատ մնացած սերերիս համար:
- Պիտի ցանկանաս սիրել:
- Մարդիկ ինձ սիրում են, որովհետև ես իրենց պետք եմ:
- Մարդիկ քեզ սիրում են, որովհետև կարողանում են քեզ օգտագործել:
- Եվ ես իրապես արժանի եմ դրան: Ես ինքս եմ թույլ տալիս, որ ինձ ուզած կերպ օգտագործեն… օգտագործեն զգացմունքներս, անձս, հատկանիշներս, ինտելեկտս…
- Բայց դու ինքդ ես թույլ տվել: Դու ցանկացել ես, որ քեզ օգտագործեն:
- Հավանաբար… ինձ բնորոշ է դրամատիկ կերպարը:
- Կցանկանայի՞ր ամուսնանալ:
- Օ~, ոչ…. Ես բոլորովին պիտանի չեմ ամուսնության համար: Չափազանց էգոիստ եմ ամուսնանալու համար: Ես անկայուն մարդ եմ, կարող եմ ընտանիքիս լքել, երբ խելքիս փչի, կարող եմ սիրահարվել ուրիշ տղամարդու և նոր սիրահարի նման լքել ամուսնուս:
- Դու չե՞ս ցանկանում ապրել այն մեկի համար, ում համար պարտավոր ես ապրել:
-Ուզում եմ:
- Ահա նպատակ համար 1-ը:
- Փորձում ես իմաստ հաղորդել կյանքիս… իզուր…
- Բացարձակ… ուղղակի քայլում ենք իրար կողքի, զրուցում միմյանց հետ: Իսկ ենթադրելն ու եզրահանգումները թողնում եմ քեզ:
- Մենակությունից լավ բան չկա:
- Իսկապե՞ս… էլ ինչո՞ւ ես ապրում:
- Չեմ ապրում… ամեն օր 11 լիտր ավելորդ թթվածին եմ շնչում:
- Ինքնապատասխանի՞չ ես…
- Ինչո՞վ եմ տարբերվում ինքնապատասխանիչից:
- Որ կենդանի էակ ես…
- Հակառակը… անկենդան եմ…
- Երանի գժերին, որ էլ չեն գժվի… Սևակ կարդացե՞լ ես…
- Հա… չեմ սիրում Սևակ:
- Տանդ մոտակայքում կամուրջ կա՞:
- Ոչ, ինչո՞ւ: Ինքնասպանությա՞ն ես դրդում:
- Ամենևին, ցանկանում եմ վերացնել այն, քանի քո այդ դեռահասի ուղեղով կյանքդ չես կործանել:
- Նման քայլի երբեք չեմ գնա: Դա իմ արժեքներից դուրս է:
- Ավելի լավ… Կյանքի հաճույքը ինչո՞ւմ է կայանում:
- Կյանքի հաճույքը սերն է: Հըմ, ավելի շուտ, արժեհամակարգի հարց կա:
- Սե՞րը…Հավանաբար երբեք իրական սեր չես զգացել, եթե սերը քեզ համար հաճույք է:
- Մի՞թե սիրելուց ու սիրվելուց առավել մեծ հաճույք կա աշխարհում: Սեր հակառակ սեռի, ընտանիքիդ անդամների, ընկերներիդ, կենդանիների, բնության, ամեն ինչի հանդեպ… ամեն բանի հանդեպ սերը իսկական հաճույք է…
- Դա հենց կյանքն է, որ կա:
- Թեկուզ… ես պարզապես ապրել եմ ուզում, միայն ապրել:
- (Նպատակ համար 2) Իսկ ինչպե՞ս ես ապրում:
- Քնել եմ ուզում…
- Խուսափում ես… ինձնի՞ց, թե՞ քեզնից…
- Դե հերիք է փորփրես ինձ…
- Դու ինքդ ես քեզ փորում: Դու ինքդ խնդրեցիր զրուցել քեզ հետ:
- Իսկ հիմա խնդրում եմ, որ լռես, քնել եմ ուզում…
- Շատ լավ: Երբ կարիքս ունենաս, գիտես` ինչպես գտնես ինձ:
- Ես քեզ երբեք չեմ փնտրի:
- Դա քո ընտրությունն է: Բայց մի օր վերադառնալու ես` մտքերիցդ ու զգացմունքներիցդ խեղդված, ու խնդրելու ես, որ փորեմ քեզ….Անձամբ…