Allsport.am-ը գրում է.

Այն, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև առաջիկա խաղը կարող է վճռորոշ լինել Իսպանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնական մրցավազքում, կասկածներ չի հարցում: 28-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 70 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» երրորդ տեղում է` 66 միավորով:

Ի՞նչ ենք այսօր տեսնելու «Սանտյագո Բեռնաբեուում». «Ռեալի» թագադրու՞մ, թե՞ չեմպիոնական պայքարի սրացում:

 Մադրիդցիների հաղթանակի դեպքում թիմերի միջև միավորների տարբերությունը կհասնի յոթի, պարտության պարագայում կատալոնացիները մնացյալ 9 խաղերի ընթացքում ստիպված կլինեն հաղթահարել ընդամենը մեկ միավորի տարբերությունը: Չմոռանանք նաև այս պահին երկրորդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյին»: «Ռեալի» պարտության և «Բետիսին» հաղթելու դեպքում Դիեգո Սիմեոնեի սաները կբարձրանան առաջին հորիզոնական: 

Ընթացիկ մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն: Եթե վերհիշեք մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն, որում 2:1 հաշվով հաղթեցին կատալոնացիները, ապա առաջնահերթ պետք է նշենք` Նեյմարը և Խեսեն իրենց առաջին Էլ կլասիկոյում դարձան գոլի հեղինակ, Կարլո Անչելոտիի մարտավարական փորձարկումները չաշխատեցին, Սանչեսը շքեղ գոլ խփեց, Վիկտոր Վալդեսը փայլեց, մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոն որոշ դրվագներում կասկածելի որոշումներ կայացրեց: 

 Վերոհիշյալ պարտությունից հետո շատ բան է փոխվել հատկապես «Ռեալի» խաղում: Եթե մրցաշրջանի սկզբնական շրջանում մադրիդցիների ամենաթույլ օղակը պաշտպանությունն էր, այսօր նույնն ասել չենք կարող: Եթե Մոուրինյոյի հեռանալուց հետո թիմում կար հոգեբանական վիճակի կարգավորման, ներդաշնակության և փոխըմբռնման հաստատման խնդիր, ապա Կարլո Անչելոտին դա մեծավմասամբ լուծել է: Մրցաշրջանի առաջին հատվածում «Բարսելոնան» հիանալի էր հանդես գալիս, իսկ ահա երկրորդ շրջանում եղան նկատելի թերացումներ: Եվ թեպետ «Մանչեսթեր Սիթիի» և «Օսասունայի» նկատմամբ վերջին խաղերում Խերարդո Մարտինոյի սաները վստահ հաղթանակներ տոնեցին, առաջիկա հանդիպման ֆավորիտը «Ռեալն» է:

Այժմ: Կարլո Անչելոտիին և Զինեդին Զիդանին հաջողվել է հարձակման հիանալի գիծ մշակել, թեպետ կիսապաշտպանությունն ու պաշտպանությունը ևս չեն զիջում: «Ռեալը» ցուցադրում է կայուն բարձրակարգ ֆուտբոլ, ինչը վերջին շրջանում որոշ դեպքերում պակասում էր «Բարսելոնայի» մոտ: Սակայն, չպետք է մոռանալ, որ բոլորովին վերջերս «Ատլետիկոն» ապացուցեց` այս նույն «Ռեալի» դեմ հնարավոր է բավականին հաջող խաղ ցուցադրել... Չանտեսեք մեկ կարևոր փաստ ևս` վերջին անգամ «Ռեալը» պարտվել է հենց «Բարսելոնային»: «Նոու Կամպում» կայացած խաղից հետո Անչելոտիի թիմը դեռ չի զգացել պարտության դառը համը:

Կորուստներ: «Բարսելոնայի» առաջատարների թվում կորուստներ չկան: Հարցականի տակ էր Խերարդ Պիկեի մասնակցությունը, սակայն իսպանացի պաշտպանն ապաքինվել է և հայտավորվել խաղին: «Ռեալի» կազմում բացակայելու են Ալվարո Արբելոան, Խեսե Ռոդրիգեսը և Սամի Խեդիրան, ով շարունակում է ապաքինվել աշնանը կայացած Իտալիա-Գերմանիա ընկերական խաղում ստացած վնասվածքից: «Բարսելոնայի» հայտացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Ռեալի» հայտացուցակին`այստեղ:

Ընթացիկ մրցաշրջանում թիմերի վիճաագրությունը: Էլ կլասիկոյին ընդառաջ` «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հիանալի ինֆոգրաֆիկա է պատրաստել, որում ներկայացված է թիմերի` ընթացիկ մրցաշրջանի վիճակագրությունը: Թե քանի գոլային փոխանցում է կատարել Չավին կամ ձախ ոտքով քանի գոլ են խփել մադրիդցիները, կարող եք տեսնել այստեղ:

Կարծիքներ խաղից առաջ: Կարլո Անչելոտի. «Երկու թիմերն էլ միշտ նույն ճնշման տակ են, ինչը պայմանավորված է հանդիպման կարևորությամբ: Միայն Լա լիգայի համար չէ, որ այն կարևոր է: Ցանկանում ենք ցուցադրել մեր բոլոր որակները: Հարձակվողական խաղ խաղալու, հարձակվելու և միասնաբար պաշտպանվելու մեծ հույս ունենք… ինչպես դա արել ենք մնացած խաղերում»:

Խերարդո Մարտինո. ««Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք խաղը մեր վերջին հնարավորությունն է: Այս տուրից հետո մնալու է ընդամենը 9 հանդիպում, և մեկ միավորի տարբերությունը հաղթահարել է նույնը չէ, ինչ չորս կամ յոթ միավորի տարբերությունը: Պետք է կրճատենք միավորների տարբերությունը: Հիանալի հասկանում ենք իրավիճակը: ասկանում եմ` պետք է վերահսկենք գնդակի տեղաշարժը և հակագրոհներ կազմակերպելու համար տարածություններ չտանք «Ռեալին»: Պետք է կասեցնենք Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին:»

Խաբի Ալոնսո. ««Բարսայի» խաղացողները շատ լավն են, երկար տարիներ միասին են խաղում և լավ են ճանաչում միմյանց: Եթե նրանց հաղթենք՝ լավ խաղ ցուցադրելով, դա հնարավոր լավագույն նորությունը կլինի մեզ համար»:

Խորդի Ալբա. «Կլասիկոյի ժամանակ ֆավորիտներ չկան: «Ռեալը» շատ վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Մենք պետք է շատ ուշադիր լինենք պաշտպանությունում: «Բարսելոնան» չի կարող փոխել իր խաղաոճը: Մենք պարզապես շատ են ցանկանում «Ռեալի» դեմ լավ հանդիպում անցկացնել: Հիանալի հասկանում ենք` յուրաքանչյուր կլասիկո կարևոր է, բայց այս մեկն առանձնահատուկ է»:

Դիեգո Լոպես. «Կլասիկոն այն հանդիպումն է, որից պետք է հաճույք ստանալ: Պետք է ապրել այդ խաղով և հաղթել: Ինձ դեռ բաժին չի հասել այնպիսի իրավիճակ, որ Մեսսին «Սանտյագո Բեռնաբեուում» 11 մետրանոց վաստակի: Հույս ունեմ` կիրակի ևս դա տեղի չի ունենա: «Բարսելոնայից» նվեր չենք սպասում`գիտակցելով, թե որքան ուժեղ և տաղանդավոր թիմ է այն: Կիրակի օրը մեզ համար բնավ հեշտ չի լինելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել