ArmnewsTV.am-ը գրում է.
«ԴԵՄ ԵՄ»-ի հանրահավաքն` անակնկալով: Նախաձեռնության կողմնակիցներից մեկը հատուկ «ԴԵՄ ԵՄ»-ի համար` ընդդեմ պարտադիրի ռեպ կատարում նվիրեց:
Սա վերջում, իսկ սկզբում հանրահավաքը մեկնարկեց Սահմանադրության 2-րդ հոդվածով` իշխանությունը քաղաքացուն:
Հանրահավաքին մասնակցելու էին նաև ոչ իշխանական չորս ուժերը: Նախաձեռնության ներկայացուցիչները շահարկումները կանխելու նպատակով միանգամից հայտարարեցին` քաղաքական ու կուսակցական շահ չկա` միայն մեկ ընդհանուր նպատակ: Նրանք պահանջում են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը:
«ԴԵՄ ԵՄ» շարժումը, որ սկսեց պարտադիր կենսաթոշակային օրենսդրական նախաձեռնությունից, վերաճեց շարժման: Գլխավոր ձեռքբերումը նոր քաղաքացին էր` երիտասարդ ու պահանջատեր: «ԴԵՄ ԵՄ»-ի ներկայացուցիչներից մեկը դիմեց բոլոր ներկա ու ապագա ուժերին` այսուհետև բոլորը պետք է հաշվի նստեն քաղաքացու հետ:
Միասնական օրակարգ ձևավորող չորս քաղաքական ուժերը եկան առանձին-առանձին: Րաֆֆի Հովհաննիսյանը բեմ բարձրացավ հավաքվածների միջով: Զորակցություն հայտնեց, հիշեց իր սխալները, ասաց, որ տառապանքը փորձ ունի:
Երիտասարդներին զորակցելու էր եկել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Խոսքը սկսեց ախտորոշմամբ` հիվանդությունը քաղաքացու բողոքի նկատմամբ անուշադրությունն է, ախտանիշը` այն, որ պարտադիր կուտակայինի անցնում են, երբ այդքան հավաքվածներ դժգոհ են օրենքից: Այդքան գումար չունի քաղաքացին, պնդում է Փաշինյանն ու հայտարարում, թե ումից կարող են գումար վերցնել հիմնադրամների համար` ներկա ու անցյալ կոռումպացված օլիգարխներից, ներկա ու անցյալ մեծահարուստներից:
Դաշնակացությունն էլ եկավ` ի դեմս Արծվիկ Մինասյանի: Ի տարբերություն Րաֆֆու, Արծվիկ Մինասյանը լավատես էր: Վստահ ասաց` ամեն ինչ էլ ստացվելու է, սխալներով, թե առանց: Հայաստանի նոր քաղաքացին կլուծի բոլոր խնդիրները:
«ԴԵՄ ԵՄ»-ը խոստանում է, որ կգործի անակնկալ, ոչ թե սխեմատիկ: Գուցե հրաժարվեն իշխանության հետ համագործակցությունից, գուցե համագործակցեն: Բոլոր խաղաղ ու օրենքով սահմանված միջոցները օգտագործելու են նպատակին հասնելու համար: Չնայած երիտասարդ են, բայց այսօր մտածում են վաղվա ավելի լավ Հայաստանի համար: Հայտարարում են, որ այսօրվա գործը պետք է այսօր անել:
«ԴԵՄ ԵՄ»-ի հանրահավաքը ավարտվեց երթով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



