Փողոցի ստվերաշատ անկյունում ապրում էր փողոցային լուսավորության սյունը: Նա շատ հպարտ էր արծաթագույն իր փայլով ու հզոր լամպով: Հատկապես երեկոյան, երբ խամրում էին ցերեկվա երագները, սյունը գոռոզությունից ուղղակի փայլում էր: Առանց իրեն` փողոցի անկյունը շատ մութ կլիներ, և ով գիտե, թե ինչ կարող էր պատահել:
Հետո երկրաշարժ եղավ: Շուրջն ամեն ինչ փլվեց ու փոշիացավ: Սյունը չէր ճանաչում իր ստվերաշատ փողոցի խելագար մարդկանց: Նրանք ամեն ինչ կորցրել էին: Լապտերասյունն իրեն անհարմար էր զգում. իրեն ոչինչ չէր պատահել: Նա ամոթից ուզում էր կախել գլուխը, սակայն չէր կարողանում: Ժամանակը կանգ էր առել: Նա արդեն չէր հիշում, թե վերջին անգամ երբ էին միացրել իր լույսը: Բոլորը մոռացել էին նրան: Սյունը թախծում և կարոտում էր անգամ գիշերային աներես թիթեռներին: Լապտերասյունը ոչ ոքի պետք չէր: Հետո մարդիկ սկսեցին տնակներ կառուցել` ժամանակավոր- հարատև կացարաններ: Սյունը մոռացությունից կուչ եկավ և կորցրեց արծաթյա իր փայլը: Մի օր էլ կողոպտեցին ու տարան նրա վերջին հպարտությունը` լամպը: Զգաց, որ մեռնում է, մեռնում է կանգնած ու մոռացված: Հիշեց, թե որքան էր պարծենում իր գեղեցկությամբ ու փայլով: Ամեն ինչ անցյալ էր: Կար երկու ժամանակ` երկրաշարժից առաջ և երկրաշարժից հետո:
Ամառային մի առավոտ, երբ ծերացած սյունը սովորության ուժով մի անգամ էլ բացեց իր կորցրած աչքը, զգաց, որ ինչ-որ բան փոխվել է: Հուզմունքը դողի նման անցավ մարմնով: Նրանից ինչ-որ բան էր կապված: Ո’չ, դրանք վաղուց գողացված էլեկտրալարերը չէին: Դա մի հրաշալի պարան էր, լվացքի պարան` մանկական խայտաբղետ շորերով: Երջանկությունը ափ էր տալիս ու պատրաստվում էր դուրս հորդել նրա սրտից: Սյունը վերածնվում էր. նա պետք էր ինչ-որ մեկին, նրան, ում այս փլված աշխարհում տարիներ հետո պետք է լույս տար փողոցային լուսավորության սյունը:
1997թ.