1in.am-ը գրում է.

Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի բոլոր 10 համերգները, որոնք ապրիլին պետք է տեղի ունենային Ռուսաստանի տարբեր քաղաքներում, չեղյալ են հայտարարվել: Երաժիշտներն ընդգծում են, որ դա տեղի է ունեցել ոչ իրենց նախաձեռնությամբ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

Խմբի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշված է, որ Ռուսաստանում կայանալիք համերգները «հետաձգվել են` տեղափոխվելով անորոշ ժամանակով»: Արդյունքում, «Օկեան Էլզի»-ի համերգները չեղյալ են հայտարարվել Վլադիվոստոկում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Խաբարովսկում և Հարավային Սախալինում:

Իսկ մարտի 19-ին, երբ երաժիշտները եվրոպական համերգային շրջագայություն էին կատարում, հայտնի է դարձել, որ տեղի չեն ունենա նաև Կուրգանում, Օմսկում, Նովոսիբիրսկում և Բառնաուլում նախատեսված համերգները:

«Խմբի հարգելի երկրպագուներ: Ինչպես հայտնել են ռուսական մասով երկրորդ`«Զեմլյա» համերգների շրջափուլի կազմակերպիչները, ապրիլին նախատեսված համերգները հետաձգվել են անորոշ ժամանակով: Ցանկանում ենք ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել անկեղծ սիրո և աջակցության համար: Մենք վստահ ենք, որ շուտով կկայանա մեր երաժշտական հանդիպումը»,- գրել են երաժիշտները` իրենց կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել