ArmՏtar.am-ի հետ Սոս Ջանիբեկյանը զրուցեց իր հայրիկի՝ Կարեն Ջանիբեկյանի  հետ նույն ֆիլմում հանդես գալու, իր ուժեղ և թույլ կողմերի, դերերից հրաժարվելու  և շատ այլ հարցերի մասին։

Գիտենք, որ մարտին մեծ էկրան կբարձրանա «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը։ Կխոսե՞ք այդ մասին, ինչպե՞ս եղավ հրավերը, կերպարի ընտրությունը։

Մեծ կինոյի կնքահայրս  Հովհաննես Գալստայնն է, ով առաջին անգամ ինձ 15-16 տարեկանում նկարահանեց «Խճճված զուգահեռներ» ֆիլմում: Նրա կինը՝ Մարինե Զաքարյանը, որպես դեբյուտ որոշել էր Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա ֆիլմ նկարահանել։ Երբ ծանոթացա սցենարին, արդեն գիտեի, թե ինչ անձնակազմ է աշխատելու, գիտեի, որ հայկական, արժեքավոր և ճաշակով բան է լինելու. առաջարկն ընդունեցի և նկարահանվեցի։

Ֆիլմի չորս պատմություններից մեկում հորս հետ պետք է խաղայի, իսկ դա բացառիկ երևույթ էր, քանի որ մենք միասին երբեք չէինք խաղացել։ Իսկ հորս հետ որպես դերասան լինել մեկ կադրում, դա մեծ պատիվ էր ինձ համար, նաև  հետագայում իմ թոռների և պատմության համար: Կար նաև այն զգացումը, որ կանգնած ես մեծ դերասանի կողքին ու քննություն ես հանձնում: Նկարահանումներն անցան  շատ լավ և ես ուրախ եմ, որ նկարահանվել եմ այդ ֆիլմում: Չորս պատմություներից մեկում գլխավոր հերոսին եմ մարմնավորում, իսկ մյուսներում արդեն հորս հետ ենք հանդես գալիս երկրորդական, երրորդական դերերում:

Հե՞շտ էր խաղալ Կարեն Ջանիբեկյանի հետ, արդյո՞ք մեծ էր պատասխանատվության զգացումը:

Հեշտ էր այնքանով, որ հարազատ էներգիա կար շուրջս, դժվար էր այնքանով, որ մեր մեջ եղած հայր և որդի հարաբերությունները չէին կորում, այսինքն զուտ մասնագիտական չէր մեր շփումը, այլ նաև որպես հայր ու որդի ուսումնասիրում էինք միմյանց: Կար մեկ հանգամանք, որը հեշտացնում էր մեր խաղը՝ մենք հենց հայր և որդի էլ խաղում էինք: Սա շատ նուրբ քայլ էր ռեժիսոր Մարինե Զաքարյանի կողմից, ով ստեղծել էր իրականությանը մոտ դրություն:

Ձեզ միասին տեսնելու նոր առաջարկներ կա՞ն:

Նոր առաջարկներ չկան, սակայն դրանք կլինեն այն առաջարկները, որոնք ինձ և հորս շատ կուրախացնեն։

Կա՞ն այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում Դուք կհրաժարվեք դերից:

Այո՜, կան: Ես  կհրաժարվեմ դերից այն դեպքում, երբ արտադրվելիք սերիալի, ներկայացման կամ  ֆիլմի գլխավոր նպատակը լինի կոմերցիոն շահը, երբ կանտեսվեն արվեստի բոլոր արժեքները և տվյալ արտադրանքի առաջնային խնդրիը կլինի բարձր վարկանիշ հավաքելը, շահույթ բերելը։

Ամենամեծ խնդիրը, որը դնում եք ինքներդ Ձեր առաջ:

Մի փոքրիկ քայլ անել առաջ՝  դեպի երազանքս։

Մի առիթով Կարեն Ջանիբեկյանն ասաց, որ Դուք մեծ դերասան կդառնաք, եթե աստղային հիվանդությունը չխանգարի: Ի՞նչ կասեք այս մասին:

Դե հետո հայրս հավելեց, որ եթե աստղայինը դեռ չի տարել, ուրեմն դժվար էլ տանի, բայց վստահ կարող եմ ասել, որ աստղային հիվանդությունն ինձ չի այլևս չի սպառնում: Ժամանակին ես քաջ ծանոթացա այդ հիվանդությանը,  երբ զգացի նշույլները, երբ զգացի, որ մի քիչ վարակվել եմ ու կարող եմ ասել, որ աստղային հիվանդությունը ամենևին էլ կապ չունի գոռոզության, մեծամտության և ինքնասիրահարվածության հետ, այդպիսին կարող է լինել յուրաքանչյուր ոք՝  դերասանը, շինարարը,  բիզնեսմենը և մատուցողը: Ես  մեծամիտ շատ մատուցողների էլ եմ ճանաչում:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել