Երևի քչերին է հայտնի, թե ինչ է տեղի ունեցել 1946 թվականի մայիսի 25-ին՝ Երևանում:
Առաջին անգամ այս պատմությունը լսել եմ տատիկիս պատմածներից: Նրանք ապրում էին այսօրվա Կամերային տան այգու «Միասնության խաչ» արձանի հետին մասում:
Տատիկս պատմում էր, որ ամբողջ տունը ջուր էր, ոչ մի բան չէր մնացել տան ներսում: Իսկ որպես հետևանք այդ ջրհեղեղի մատնանշում էր քարերը, որոնք Գետառն էր քշել բերել այդ օրը:
Ահա այդ քարերը, որոնք այսօր էլ այդտեղ են`
1946 թվականի Գետառի ջրհեղեղի բերած քարերը այսօր էլ այգում են |
1946 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 20.30-ին, Երևանի կենտրոնը անսպասելի հեղեղվել էր Գետառի ջրերով: Սա իսկական ջրհեղեղ էր:
Նախորդ օրը գիշերը անընդհատ տեղացել էր անձրև: 25-ի ցերեկը անձրևը ավելի թույլ էր, սակայն երեկոյան կողմ այն նորից հորդառատ էր դարձել:
Ջրի հեղեղը առաջին իսկ 2 րոպեում հասել է կրիտիկականի և պահպանվել այդպես մինչև 22.30: Մոտ երկու ժամ ջրի հոսքը չի թուլացել:
Շատերի հողաշեն տները ուղղակի քշվել էին ջրի ուժգին հոսանքից: Ջուրը իր ճանապարհին հանդիպող շենքերի մուտքերով և առաջին հարկերի պատուհաններով լցվում և դուրս էր հորդում հակառակ կողմից կամ վերևի հարկի պատուհաններից՝ դուրս հանելով ամբողջ գույքն ու իրերը:
Քշված կամուրջների երկաթները և տրամվայների ծռմռված ռելսերը խցանվում էին շենքերի մուտքերում և նկուղներում:
Մեծ ավերածությունների են ենթարկվել Երևանի կենդանաբանական այգին և Անատոմիկի շենքի նկուղները: Ջուրը քշել տարել էր կենդանիներին և մահացածների մարմինները:
Քշված քարերի տրամագիծը հասնում էր 1-1.5 մետրի:
Ասֆալտե ծածկը լրիվ քշվել և մաքրվել էր:
Միայն 22.30-ից այն սկսել է թուլանալ, և նոր 24.00-ին գետը վերադարձել է իր սովորական հունը:
Քաղաքի բակերը և փողոցները ծածկվել էին տիղմով և մեծ ու փոքր քարերով:
Քշված նյութերի ծավալը հասել է մոտ 500.000 խ.մ, որը կազմել է ջրի հոսքի 28%-ը: Փաստորեն, 1 խ.մ ջուրը քշել է մոտ 380 կգ նյութ:
Ջրհեղեղի պատճառը նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղացող անընդհատ անձրևներն էին, որոնք նվազեցրել էին հողի ջրի կլանման գործակիցը:
Հետպատերազմյան սոսկալի իրավիճակում բնակիչները ապավինում էին միայն սեփական ուժերին:
Քաղաքը լիովին այս ջրհեղեղի հետևանքներից մաքրվել է մոտ 2 տարվա ընթացքում: Մեծամասամբ բնակիչների ուժերով:
Գետառի պատճառով ջրհեղեղներ եղել են 1860, 1866, 1873, 1912, 1923, 1924, 1946 թթ-ին:
Այսօր արդեն Գետառի հունը լիովին փակ է: Այն խողովակով հասնում է Հրազդան գետ:
Բայց ապահովագրվա՞ծ է, արդյոք, Երևանը նոր ջրհեղեղից: