Սեդրակ Մկրտչյանը Emedia-ում բավական հետաքրքիր ձևով քննարկում է «Շանթ»-ի հակահարվածը սերիալների դեմ բողոքողներին:
***
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի լրատվական դաշտը ողողված էր մի շարք հետաքրքիր իրադարձություններով՝ Եվրոպական Խորհրդի նախագահի այցից սկսած, Հարսնաքարի գործի օր օրի ավելի սրվող իրադրությամբ վերջացրած: Սակայն այս ամենը մնաց երկրորդ պլանում նրանց համար, ովքեր դիտում էին «Շանթ»-ի կիրակնօրյա եթերը:
Լուրը այդ հեռուստաեթերից ամեն օր դուրս ժայթքող աղբի դեմ ՀՀ նախագահին ուղղած բողոք-նամակն էր, որի տակ ստորագրել էին մի շարք մտավորականներ, հասարակական ու մշակութային գործիչներ: Նամակը իսկույն տարածվեց լրատվամիջոցների կողմից, ինչը և ըստ էության առաջացրել էր «Շանթ» հեռուստաընկերության այդ աստիճան հետաքրքրությունը թեմային՝ երկրորդ պլան թողնելով շաբաթվա բուռն քաղաքական ու հասարակական բոլոր իրադարձությունները:
«Շանթի» հակահարվածը սերիալները քննադատողներին
Իրոք, «Շանթի» արձագանքի մեջ զավեշտալին կայանում է նրանում, որ կիրակնօրյա ամփոփիչ լուրերում սյուժեն սյուժեի հետևից պատմում էին, թե ինչ մեծ է «Շանթի» ներդրումը հայկական լրատվական դաշտում՝ ներկայացնելով ողջ ժամանակագրությունը՝ սկսած 1988 թ-ի երկրաշարժի օրերին որպես Գյումրու տեղական հեռուստաալիք կատարած ահռելի աշխատանքից `մինչև մեր օրերը:
Սակայն այդ բոլոր ռեպորտաժների շարքում այդպես էլ չհանդիպեց «Շանթի» կողմից որևէ ինքնաքննադատության տոկոս ու փորձ՝ հասկանալու, ինչն է առաջացնում հանրային բողոքը: Ականատես եղանք սեփական մեղքի իսպառ մերժելուն:
Հայտարարությունը, թե «մի շարք մարդիկ անում են նույն գործը, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, իսկ հետո մեկը գալիս ու հայտարարում է, թե բոլորդ էլ վատն եք»,– այլ կերպ հնարավոր չի հասկանալ քան այն, որ մեղադրանքները կարող են հասցեավորված լինել յուրաքանչյուր այլ ալիքի, բայց ոչ մի դեպքում «Շանթին»:
«Շանթն», անկասկած, հայկական լրատվական դաշտի ամենահաջող հեռուստաալիքներից մեկն է, ու այս նյութում նպատակ չունեմ անտեսելու «Շանթի» այն մեծ ներդրումը հայկական հեռուստատեսության կայացման գործում, որն իրոք որ հեռուստաալիքն ունի: «Հայ ՍուպերՍթար» նախագիծը՝ որը հայտնաբերեց ու շոու բիզնեսին տվեց մի շարք տաղանդավոր երիտասարդ երգիչների: «Ժողովրդական արտիստ» նախագիծը իր հերթին հոյակապ մի նախաձեռնություն էր վերակենդանացնելու հայկական ժողովրդական երգի ավանդույթները ու քարոզելու իրական հայկական երաժշտությունը: Նման մի շարք նախագծեր, որոնց նպատակն էր երիտասարդ տաղանդների բացահայտումը: Շանթի լուրերը, ԱՄՆ-ից ու Լիբանանից ուղիղ եթերները, միջազգային բազմաթիվ հեղինակային միջոցառումների հեռարձակումը Հայաստանում. այս ամենը ստեղծել է այն բարձր որակ ապահովող ալիքը, որ այսօր մենք դիտում ենք:
Սակայն պետք է հասկանալ մեկ իրողություն. լավը երբեք չի կարող անտեսանելի դարձնել վատը: Փաստը, որ որևէ ալիք իրականացրել է ու իրականացնում է հանրօգուտ ու հաջողված նախագծեր, չի կարող ստիպել հանրությանը չտեսնել այն բացասականը, որը նույնպես ներկա է եթերում:
Դեռևս վառ է հիշողության մեջ կրիմինալ գաղափարներով լի «Որոգայթ»-ը, որը առաջացրեց հանրային զայրույթի առաջին ալիքը: Անկասկած, սերիալը շատ է դիտվել ժամանակին: Անկասկած, կա մի հոծ բազմություն, ում հետաքրքիր է կրիմինալ աշխարհում տիրող յուրաքանչյուր փաստ, ու ովքեր դարձել էին սերիալի իրական սիրահարներ: Անկասկած, մի հոծ բազմություն էլ նայում էր, քանի որ սյուժեն էր հետաքրքրական, կար որոշակի ինտրիգ: Սակայն հեղինակները այդպես էլ չընդունեցին այն իրողությունը, որ իրենց սերիալը իրականցնում էր հանցագործ աշխարհի ռոմանտիզացիա, իրար ծեծելու, սպանելու, փախցնելու հիանալի զարդանկար, որտեղ բացասականի ու դրականի միջև սահմանագիծը չափազանց բարակ է: Ու եթե հասուն հանդիսատեսին բարդ է քարոզել որևէ գաղափար, փոխել ապրելակերպը, դաստիարակել ու ուղղորդել, ապա երիտասարդ տարիքի հանդիսատեսների համար այն հանգիստ կարող էր ընդունվել որպես գործելու կոչ:
Կրիմինալ սերիալների շարքը շարունակվում է՝ այժմ ձեռք բերելով «Անծանոթը» անվանումը: Ու կարիք չկա այստեղ նշելու, թե ֆիլմում ներկա են դրական կերպարներ, ովքեր դաստիարակում են սերունդը՝ ցույց տալով, ինչն է լավը, իսկ ինչը՝ վատը: Ոչ: Ֆիլմը հանցավոր կյանքով մարդկանց մասին է, որտեղ նույն կերպ լավի ու վատի սահմանագիծը թափանցիկ է, դրական կերպարները քշում են սև ջիպեր, գնում «ստրիպտիզնոց», ինչպես ասվում է ֆիլմում, ու ֆիլմի ընդամենը մաս նայելուց պարզ է դառնում, որ ֆիլմը ավելի շուտ հանցագործ աշխարհի բացահայտ ռոմանտիզացիայի ու հերոսացման օրինակ է, քան քննադատություն:
Ու այժմ հարցը նրանում չէ, որ «Շանթը» վատն է. «Շանթը», կրկնեմ, հայկական հեռուստաալիքներից ամենահաջողվածներից է, որտեղ սակայն առկա է մեծ թվով անթույլատրելիի քարոզչություն: Հարցը նաև նրանում չէ, որ մնացածը լավն են. ցավոք սրտի, այս պարագայում տարբերությունը ալիքների մեջ մեծ չէ: Հարցը հենց բողոք-նամակին «Շանթի» տարօրինակ արձագանքի մեջ է, ու այս ամբողջ պատմության ներքո սեփական հեղինակությունը ամեն կերպ մաքուր պահելու անհաջող փորձի: Ես ընդունում եմ այն փաստը, որ գյումրեցիների համար իրենց «թասիբը» բարձր պահելը չափազանց կարևոր է, մի գուցե ավելի կարևոր քան բոլոր մնացածի համար միասին վերցված, բայց հեռուստաեթերում դա դիտվում է առնվազն անլուրջ: Համոզված եմ, որ ռեպորտաժում ներկա Վահրամ Միրաքյանը, նույն ինքը նամակի հեղինակը, նպատակ չի ունեցել այս կամ այն ալիքը անվանազրկելու: Հասկանում են սա նաև սերիալների ականատես եղած մտածելու ունակ մարդկանց մեծամասնսւթյունը:
Նամակի անհրաժեշտությունը
Բողոքը տխմար բովանդակության դեմ իրոք անհրաժեշտ է: Սակայն ինչքանո՞վ է անհրաժեշտ նամակ գրել նախագահին այս հարցով: Ի՞նչ կարող է փոխել նախագահը: Ամբողջ հարցը նրանում է, որ նույնիսկ հնարավորության դեպքում, նախագահը չէ, որ պետք է հեռուստաեթերի աղբը մաքրի, այլ շուկայում գործող բազմաթիվ մտավորականներ, գործիչներ, պրոդյուսերներ, ռեժիսյորներ ու այլ մարդիկ, ովքեր հենց ստեղծում են այդ աղբը:
Ինչպես ու ինչ ճանապարհով պետք է ոլորտը բարելավվի, առանձին թեմայի ու շատ ավելի լայն քննարկումների առարկա է: Սակայն փաստը, որը պետք է արձանագրենք, այն է, որ նախագահին ուղղված բաց նամակը շատ ավելի մեծ հնարավորություն ունի հարցին համապատասխան մարմինների ու գործիչների ուշադրությունը սևեռելու, քան հազարավոր գրառումներ բլոգներում, լրատվականներում, կամ էլ, ինչպես լուծում էին առաջարկում «Շանթի» եթերում, հանդիպելով ալիքների ղեկավարության հետ: Թե ինչպես պետք է ստացվի, որ հեռուստաալիքների ղեկավարությունները մեկ էլ հանկարծ կհասկանան իրենց եթերից սփռվող աղբի առկայությունը ու կսկսեն որակյալ ֆիլմեր նկարել, դեռևս պարզ չէ: Ակնհայտն այն է, որ տարիներով նույն թեմայի շուրջ գրելը ոչ մի կերպ չի ազդում ալիքների բովանդակության բարելավմանը:
Այս պարագայում է, որ արդարացված է բաց նամակը ՀՀ նախագահին, քանի որ հարցը լուծելու միայն մեկ լուծում է մնում, ու լուծումը պետք է ակնկալել ավելի բարձր հարթությունից, քան այն,որտեղ գտնվում են հեռուստաալիքների ղեկավարությունները: