Epress.am-ը գրում է.
Դատական նիստին Տիգրան Առաքելյանը փոխանցել է իր նախկին խցկացի պատմածը, համաձայն որի վերջինիս խոշտանգել են ու ստիպել են երրորդ անձի դեմ ցուցմունք տալ։
Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Առուշանյանի գործով (դատավոր Մեսրոպ Մակյան) ցուցմունք է տվել նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը։ Ինչպես նշում է Հելսինկյան ասոցիացիայի կայքը, Առաքելյանը դատարանին պատմել է, որ ինքը 2012թ-ի հունիսին կալանքի տակ է գտնվել Նուբարաշեն ՔԿՀ-ում թիվ 012 խցում։
Առաքելյանի խոսքով՝ այդ ժամանակ 012 խուց են բերել Արտաշես Գալուստյանին, ով իրենց խցում մնացել է մոտ մեկ շաբաթ, որից հետո նրա խափանման միջոցը փոխել են:
Արտաշեսը միշտ գտնվել է վատ հոգեվիճակում, Տիգրանի հետ կիսվել է իր խնդիրների մասին և պատմել է, որ իրեն ձերբակալելու ժամանակ, երբ դեռ ոստիկանությունում է եղել, ենթարկվել է բազմաթիվ ճնշումների և նվաստացուցիչ ու անմարդկային վերաբերմունքի:
Այնուհետև Տիգրան Առաքելյանը զրույցի մանրամասները պատմելու համար, դատավորին խնդրել է կանանց դուրս հրավիրել դահլիճից։ Երբ կանայք դահլիճից դուրս են եկել, նա ասել է, որ Արտաշես Գալուստյանը իրեն պատմել է, թե ոստիկաններն «արհեստական առնանդամը» ձեռքներին իրեն սպառնացել են, որ դրանով «կծեծեն, կնկարահանեն և կուղարկեն բերդ»:
Գալուստյանը նաև պատմել է, որ տուժողները նույնպես մտել են ոստիկանություն և ոստիկանների ներկայությամբ իրեն ծեծի ենթարկել և որ այժմ էլ /խափաման միջոց փոխվելուց 1-2 օր առաջ/ իրեն պարտադրում են սուտ ցուցմունք տալ մի երրորդ անձի դեմ և ինքը ստիպված է ցուցմունք տալ, որպեսզի իր խափանման միջոցը փոխվի:
Ինչպես Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ Էդուարդ Դանիելյանին և Արման Վեզիրյանին հայտնել է ամբաստանյալ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, Գալուստյանը, երրորդ անձ ասելով, նկատի է ունեցել հենց Առուշանյանին, որի դեմ ցուցմունք տալուց հետո Գալուստյանն ազատ է արձակվել, իսկ Առուշանյանը՝ կալանավորվել:
Հելսինկյան ասոցիացիայի կայքը նշում է, որ Գալուստյանի խափանման միջոցը փոխելուց հետո, 2012 թվականի հունիսի 26-ին նա իր հոր հետ ինքնասպան է եղել իր տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ու թեև դեպքն արտառոց էր, սակայն դրա ընթացքի, ինքնասպանության ու սույն քրեական գործի միջև պատճառական կապի մասին չի խոսվում:
Աշոտ Առուշանյանը և Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում են «Մանանա գրեյն» կազմակերպության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից խոշոր չափի գումարի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նրանք մեղքը չեն ընդունում։
Երեկվա դատական նիստին մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ է բացահայտվել․ տուժողներին պատկանող «Մանանա գրեյն» կազմակերպությունից նախկինում ևս խոշոր գումարի հափշտակություն է տեղի ունեցել, որը չի բացահայտվել։ Այդ մասին հայտնեց տուժողը, ի պատասխան Սիմոնյանի հարցի, սակայն նախորդ նիստին այդ հարցին բացասական պատասխան էր տվել: