ArmnewsTV.am-ը գրում է.
Ահա և հանդիպեցին. Փարաջանով Ավեդիկյանն ու Սերժ Ավեդիկյանը:
Այսքան նման ու այսքան տարբե՞ր: Երկուսի աչքերն էլ կարծես թե նույնն են, բայց հայացքն է ուրիշ: Աֆիշից նայող Փարաջանովի հայացքում արտիստական պրովոկացիա կա: Շատ վարակիչ: Նաև ասում է` մենակ է: Աֆիշին նայող Փարաջանովին խաղի ընթացքում նույնիսկ հարազատները չեն ճանաչել, էլ ուր մնաց ինքն իրեն ֆիլմում ճանաչի:
Դրա համար կարևոր ուղղում հենց գլխավոր դերակատարից` ինքը Փարաջանովի դերը չի խաղացել, մարմնավորել է` ապրելով:
Ֆիլմը նկարահանելուց առաջ գլխավոր դերակատարն ու ռեժիսորը գիտեր` քայլը ռիսկային է: Հայտարարությունը առաջին ցուցադրությունից առաջ` Ոսկե Ծիրանին, Ավեդիկյանն անձամբ արեց` քննարկումների տարափ հաստատ կլինի: Փարաջանովի ընկալումները` տարբեր ու սկանդալային: Բայց իր մոտեցումը դա է:
Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան` համատեղ արտադրությունը քիչ էր մնում «Օսկար»-ում հայտնվեր: Բայց դրա համար Ուկրաինան պետք է շատ փող ծախսեր` չծախսեց: Մեծ պրեմիերայից առաջ` Փարաջանովը ճամփա է ընկնում պետական մրցանակով:
Փարաջանովի համար մրցանակ է շնորհվում նաև ուկրաինուհի ռեժիսորին: Ելենա Ֆետիսովան Երևան չի եկել: Առավոտյան այդ մասին պաշտոնական նամակով է նախագահին տեղեկացրել` Սերժ Սարգսյանի խոսքով` շատ հարգալից շարադրելով պատճառները: Ուկրաինուհին նաև գրել է, որ մրցանակից հրաժարվում է` առաջարկել է գումարը` 5 միլիոն դրամ, ուղղել բարեգործությանը: Նախագահ Սարգսյանի պատասխանի շեշտը մեկն է` Հայ-ուկրաինական հարաբերությունները եղել են ու կմնան եղբայրական:
Ուկրաինացի ռեժիսորի դրամական պարգևը Նախագահի հիմնադրամը կկրկնապատկի, և կուղղի բարեգործության:
7 տարվա աշխատանքը այբուբենի 7-րդ տառով: Հեղինակը նվիրում է «Է»-ն: Մեկ տառանոց վերնագիրը հազար ու մի հարց է առաջացնում: Է-ն մեկի՞ է նման, հինգի՞, թե՞ յոթի:
7 տարում Էդվարդ Միլիտոնյանին 7 մուսա է այցելել: Դրանք բանաստեղծի չորս բոլորն են: Որտեղի՞ց են գալիս` չգիտի: Միայն զգում է ու լսում:
Մի քանի տասնյակ ստեղծագործություններից հանձնաժողովը հենց «Է»-ն է պատվավոր դարակում դրել: Պետական մրցանակը կարմիր-կապույտ այս ժողովածուի համար է:
Պարգևատրման օրը հեղինակը «Առաքելություն»-ն է հիշում: Բացում է հենց այդ շարքն ու ասում` Հավիտյանս հավիտենից:
Նույնիսկ 20 ժամվա թռիչքից ու անքուն գիշերից հետո Երվանդ Զորյանը ձեռքը կառնի չիպն ու կհամոզի` սա էլ օրգանիզմ ունի, հիվանդանալ գիտի: Միայն թե ախտորոշումից հետո բուժող բժիշկ չկար: Մինչև «Սինոփսիս»-ի թիմը առողջացման ծրագիր չմշակեց:
Այստեղից էլ գյուտը` մի գլուխը լավ է, երկուսն` ավելի լավ: «Սինոփսիս»-ի մասնագետներով գլուխ գլխի տվեցին ու աշխարհին ասացին` հիվանդ չիպին բժիշկ պետք չէ: Իրենց նորարարությունը չիպերի համար ինքնաբուժումն է: Կա սխալ, չիպն ինքն իրեն կսրբագրի:
Կիսահաղորդչային արդյունաբերության տասնյակի ազդեցիկ դեմքը Կալիֆորնիայում է իմացել` իր և գործընկերոջ` Սամվել Շուքուրյանի անունները, պատվավոր ցանկում են: Պետական մրցանակը հենց իրենց գյուտի համար է:
Այն, ինչ սկսվել էր երկրաշարժի տարիներին, ավարտվեց 2010-ին: Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծը 2007-ին ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ուսումնասիրեցին ու գործի անցան: Առանց աղմուկի ու բարձրագոչ բառերի: Այդ մասին խոսվեց, երբ նոր մասնաշենքի դռները բացվեցին:
Հենց բացման օրը Արթուր Մեսչյանին բարձրագույն պարգևի` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր դարձավ: Հիմա` դրա կողքին պետական մրցանակն է: Գիտական նոր, վերակառուցված գլխավոր մասնաշենքերի, և դեպի Մատենադարան տանող ճանապարհի կառուցման համար: Ճարտարապետն ընդգծում է` մրցանակը միայն իրենը չէ: Դրամական պարգևը` նույնպես:
Բայց հանձնախումբը դժվար ընտրության առջև է հայտնվել` ճարտարապետ Արտակ Ղուլյանի գործն էլ հասարակական հնչեղություն ունեցավ: Մայր Աթոռի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանը: Մրցանակը կիսվում է:
2011, նոյեմբեր: Բեռլինում համաշխարհային պրեմիերան հնչեց, բոլորը շունչները պահեցին` առաջին հայկական Ռեքվիեմը ոչ ավելի, ոչ պակաս` դիվանագիտական նախաձեռնություն արժե: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին Տիգրան Մանսուրյանի նվերն է:
Պրեմիերայի օրը արտասահմանյան լրագրողներով շրջապատված մաեստրոն կասի` այս կտավն իր կյանքի 10 տարին է արժեցել: Ինչի, եթե ոչ աշխարհը ցնցած Ռեքվիեմի համար պետք է լինի բարձրագույն պարգևը:
Մաեստրոն հուզվում է հատկապես երեք բառից` մեկը մյուսից պատվավոր` Հայաստան, պետական, մրցանակ:
Առանց Թումանյանի ու Խաչատրյանի` հայերի պատմությունը մի քիչ ուրիշ կլիներ` պակաս հարուստ, պակաս ուժեղ: Նախագահը մեծերին պատահական չի մեջբերում: Հանդիսությանը ներկա արվեստագետներն են շարունակում մշակույթի, գիտության զարգացումը:
Մրցանակակիրներին Սերժ Սարգսյանը ասում է` Շնորհակալություն: Իր և պետության անունից: Հենց նրանցով է երկիրն ավելի հարուստ, ավելի ուժեղ: «Շարունակեք հարստացնել ու ուժեղացնել մեզ»,-ասում է Նախագահը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



