Լուսանկարիչ Բարբ Ուլին 2002 թ.-ից լրջորեն զբաղվում է լուսանկարչությամբ: Նա մասնագիտացած է երեխաների լուսանկարչության մեջ: Այս շնորհալի լուսանկարիչը չի պատկերացնում իր կյանքն առանց երեխաների: Նրա մասին ավելին իմանալու համար կարդացեք ստորև ներկայացված հարցազրույցը:
- Մի քանի խոսք Ձեր մասին: Ո՞ր երկրից եք և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ:
- Ես Ավստրալիայից եմ: Ներկայումս բնակվում եմ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում: Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել 2002 թ.-ից: Այդ ժամանակ ես բլոգ էի վարում և այնտեղ տեղադրում իմ երեխաների լուսանկարները:
- Ձեր լուսանկարները բանաստեղծական են ու լուսավոր: Դրանք ասես բոլորովին այլ աշխարհ տեղափոխեն դիտողներին: Որտեղի՞ց են ծնվում Ձեր յուրօրինակ մտահղացումները և ներշնչանքի ի՞նչ աղբյուր ունեք:
- Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար: Ինձ համար ներշնչանքի աղբյուր են ծառայում իմ հաճախորդները: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում իմ ներշնչանքի աղբյուրը փոխվում է: Ուստի, եթե մի քանի ամիս առաջ տայիք ինձ այդ հարցը, ես գուցե այլ կերպ պատասխանեի:
- Ինչպե՞ս եք թարմության շունչ հաղորդում Ձեր լուսանկարներին, և ի՞նչն է օգնում Ձեզ չկորցնել Ձեր մոտիվացիան:
- Ես պարզապես երբեք իմիջիայլոց չեմ մոտենում իմ աշխատանքին: Ես ամեն մի լուսանկարի մեջ իմ սիրտն ու հոգին եմ դնում:
- Դուք սկսնակ ու պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար սեմինարներ եք անցկացնում Ավստրալիայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում: Մի փոքր պատմեք այդ սեմինարների մասին:
- Սեմինարների նպատակն է զարգացնել լուսանկարիչների ստեղծարարությունը: Դրանք նախատեսված են ցանկացած մարդու համար, ով զբաղվում է լուսանկարչական աշխատանքով և լուսանկարչական տարրական գիտելիքներ ունի:
- Դուք աշխատում եք երեխաների հետ: Ինչպե՞ս եք կարողանում համոզել նրանց ընդունել այն դիրքը, որով ցանկանում եք լուսանկարել նրանց:
- Ես պարզապես թույլ եմ տալիս նրանց լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Ես սահմանափակումներ չեն դնում նրանց առաջ: Բնական լուսանկարներ ստանալու համար լուսանկարիչն ինքը պետք է հարմարվի երեխաներին և ոչ թե ստիպի նրանց ենթարկվել իր կարգադրություններին: Ես շատ հազվադեպ եմ խնդրում երեխաներին այս կամ այն դիրքն ընդունել տեսախցիկի առջև: Նրանք իրենք են ընտրում իրենց ուզած դիրքը: Իմ գործն է ճիշտ պահին լուսանկարել նրանց:
- Ինչպե՞ս եք նախապատրաստվում ֆոտոսեսիային:
- Ինձ որոշ ժամանակ է հարկավոր լինում կենտրոնանալու համար: Ես նախապես եմ որոշում, թե ինչ արդյունքի եմ ցանկանում հասնել տվյալ ֆոտոսեսիայից: Ինձ այդ հարցում շատ է օգնում երաժշտությունը: Ես, անշուշտ, խորհրդակցում եմ հաճախորդի հետ, քանի որ ֆոտոսեսիայի վերջնարդյունքը պետք է ոչ միայն իմ, այլև նրա սրտով լինի:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են երեխաների լուսանկարչությամբ զբաղվել:
- Պարզապես դուրս եկեք տնից, լուսանկարեք, փորձարկեք: Կան մի շարք կայքեր, որոնց միջոցով դուք կարող եք առցանց կապ հաստատել տարբեր լուսանկարիչների հետ, ովքեր սիրով կկիսվեն Ձեզ հետ իրենց փորձով: Որքան ավելի շատ լուսանկարեք, այնքան ավելի կզարգանա Ձեր լուսանկարչական տեխնիկական, և դուք ավելի պահանջված կդառնաք աշխատաշուկայում:














