ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԶԱՆԳԵՐԸ ԿԱՆՉ ԵՆ ՀՆՉԵՑՆՈՒՄ
“Բազում են կանչուածները,
բայց սակաւ են ընտրեալները” 
Մատթէոս 20:16

Կան մարդիկ, և նրանք սակավ են քանակապես, որոնց իղձերն ու նպատակները, որպես օրենք, իրականություն են դառնում, քանզի դրանք միշտ անանձնական են, իրենց համար չեն, բարի են ու անկեղծ, և նրանք` այդ մարդիկ, պատրաստ են իրենց կյանքն իսկ զոհաբերելու այդ նպատակների իրականացման համար: Միայն այս պարագայում է, որ ողջ տիեզերքն անգամ, իր բոլոր զորություններով օժանդակում է այդ գաղափարների ու երազանքների իրականացմանը: Մեր պատմությունն ունի այդպիսի օրինակներ: Նման մարդկանց ահա այդպիսի մոտեցմամբ էր նաև, որ քսան տարի առաջ իրականություն դարձան Շուշվա, մեր պատմական տարածքների ազատագրումը, պատերազմում Հայոց հաղթանակը: Ահա այս մարդկանց համար է ասված` “ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները” և նրանց` այդ ընտրյալների շարքին է նաև Ժիրայր Սեֆիլյանը, ում ծննդյան տարեդարձն է այսօր:
Եվ ահա, այս անգամ էլ, Ժիրայր Սեֆիլյանը չափազանց դժվարին, սովորական մարդու չափանիշներով անլուծելի, շատերի կողմից որպես ուտոպիստական ընկալվող խնդիր է դրել, առաջին հերթին իր ու նաև բոլորիս առջև` անձնապես վերափոխվելով, վերափոխել նաև մեր երկիրը, որտեղ այսօր գերագույն արժեքներ հայտարարված, մարդուն ամեն հոգևորից օտարող ու միայն բնազդներով առաջնորդող սուտ ազատականության, ամեն բնական իրար խառնող ու լղոզող կեղծ հանդուրժողականության, շահատենչության, ունեցվածքի առատության, սպառելու անհագ ցանկության ձգտումներին ու արժեքներին փոխարինելու կգան և կգերակայեն մարդու առաքինության և բարոյականության, սիրո և մաքրության, ազնվության, արժանապատվության, ճշմարտության և այլ, մարդ-մարդուն չափազանց հարազատ, Արարչի կողմից հաստատված հավերժ գաղափարները` դրանով իսկ մեր երկիրը վերածելով մի իսկական Դրախտավայրի:
Ուրեմն, սիրելիներս, եկեք Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելու և լավագույն մաղթանքներն ուղղելու հետ զուգընթաց, ժամ առաջ կողմնորոշվենք, “լինել, թե չլինել”-ու հարցում և մեր կարողությունների առավելագույնով զինվորագրվենք այս գործին, քանզի ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ զանգերը դարձյալ տագնապ ու կանչ են հնչեցնում, ներկայիս սպառողական քաղաքակրթության վախճանն են գուժում, մարդկությանը` բոլորովին նոր կենսակերպի անցնելու անհրաժեշտության մասին են ազդարարում: Մեծ գործեր կան անելու անխտիր բոլորի համար: Աշխարհաճանաչողության սահմանների ընդլայնման, ի Վերուստ հաստատված արժեքային համակարգի որդեգրման ճանապարհով` վերագտնել այն բոլոր ճշմարիտ ուղենիշները, դեպի ուր շարժվելով է միայն, որ մարդը կարող է հասնել հոգևոր կատարելության ավելի բարձր աստիճանի, համընդհանուր ներդաշնակության: Աշխարհում, հավատացեք, դեռ ոչ մի ժողովուրդ այսպիսի բարդագույն` ըստ էության մարդկությունը փրկելու խնդիր, չի դրել իր առջև: Ուրեմն, սիրելիներս, սկսենք ինքնամաքրման գործընթացը, նախ ավելի քննախույզ լինենք մեր, մեր զավակների, մեր հարազատների նկատմամբ, փորձենք թոթափել մեզ աննկատ գերեվարած նյութապաշտության լուծը, սպանենք մեր ներսում ծվարած և մեր էության մաս դարձած այդ հրեշին, վերակերտվենք ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ և ինքներս պատրաստվենք և մարդկանց նախապատրաստենք ՆՈՐԻՆ, դառնանք ՆՈՐԻ ձևավորման բյուրեղացման կենտրոններ: 

“Հունձքն առատ է, իսկ մշակները` սակաւ: Արդ` աղաչեցէ’ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձիհամար” Մատթէոս 9:37:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել