Ուզում եմ հանրության ուշադրությանը ներկայացնել մի նյութ, որի հեղինակը գիտության և կրթության երկարամյա նվիրյալ Ավետիք Բարսեղյանն է, որի տղան 3,5 տարի առաջ սրտի կաթվածից մահացել է՝ թողնելով 3 անչափահաս տղաներին երիտասարդ կնոջ խնամքին, որը, սակայն, այսօր գործազուրկ է, իսկ պատճառը... Կարդանք այդ մասին պարոն Ավետիքի նամակում, որը նա գրել է քաղաքապետին.
«Ես կյանքի երկար ճանապարհ անցած մարդ եմ, գիտության և կրթության ջատագով, շատերին եմ օգնության ձեռք մեկնել, բայց այսօր իմ այրիացած հարսին չեմ կարողանում օգնել, որի խնամքին 3 անչափահաս տղաներ կան և ես ու կինս, որ հաշմանդամ թոշակառուներ ենք, և բացի մեր ուշադրությունից, հարսիս օգնել չենք կարող: Հարսս՝ Քրիստինե Առաքելյանը, 20 տարուց ավելի Երևանի թիվ 37 դպրոցում աշխատելուց հետո հիասթափված հեռացել է այնտեղից, և դպրոցի անունը լսել չի ուզում: Մի ուսուցչուհի, որը սիրված ու հարգված է եղել ծնողների, աշակերտների և մանկավարժական կոլեկտիվի կողմից, երբեք խնդիրներ չի ունեցել, ամուսնու մահից հետո կոլեկտիվը նրան շրջապատել է հոգատարությամբ ու սիրով, մինչև այն պահը, երբ դպրոց մտավ նոր տնօրենը: Մեր փոքրիկ թաղամասը, ծնողական համայնքը և նույնիսկ մենք մեծ հույսեր կապեցինք նոր տնօրենի հետ, մտածում էինք, որ երիտասարդ է, եռանդով լի, նոր շունչ կհաղորդի դպրոցին, բայց սխալվեցինք... Դպրոցի շատ աշխատողներ ընկան «սև ցուցակի» մեջ, այդ ցուցակում հայտնվեց նաև իմ հարսը: Քրիստինեն 0,5 դրույքով նաև գրադարանավար էր աշխատում: Տնօրեն Նելլի Պարոնյանը մի օր նրանից վերցնում է գրադարանի բանալիները և այլևս չի վերադարձնում, ու հետո այն հանձնում է իր ընկերուհուն՝ ինչ-որ Սեդրակյանի: Տնօրենը իր համար անցանկալի աշխատողների և հատկապես իմ հարսի նկատմամբ սկսում է ցուցաբերել անհարգալից վերաբերմունք: Դպրոցում դրամահավաքությունները դառնում են հաճախակի, չես տալիս՝ հայտնվում ես «սև ցուցակում»: Տնօրենը (ցավոք մանկավարժը, որը երեխաներ է «կրթում»), աչքի է ընկնում իր լկտի պահվածքով, մանկավարժին ոչ հարիր բառապաշարով, մարդկանց նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Հարսս, չդիմանալով կոպտություններին ու անհարգալից վերաբերմունքին, ստիպված, տնօրենի պարտադրանքով դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից: Հիմա էլ ստիպված է թակել աշխատանքի գործակալությունների դռները՝ աշխատանք գտնելու հույսով: Գրադարանավարից վերցրել է բանալիները՝ հաշվի չառնելով, որ գրադարանի գրքերի ընդունում-հանձնում գոյություն ունի: Հաշվի չի առել, քանի որ դա իրեն ձեռք չի տալիս. գրադարանի գեղարվեստական գրքերը իր գալուց անմիջապես հետո հանձնեց թղթի թափոն, սրա համար էլ ընդունում-հանձնում չի արել: Իսկ դպրոցը շատ հարուստ գրադարան ուներ: Վայ-տնօրենը անում է էն, ինչ ուզում է և այդպես էլ արտահայտվում է, չափազանց իքնավստահ է և ինչու չպետք է ինքնավստահություն ունենա, ինչպես ինքն է ասում՝ Ցոլոն ու Գայուշը մեջքին կանգնած են»: