Հատված «Ի՞նչ է գրականությունը» էսսեից:

Գրել` նշանակում է քողազերծել աշխարհն ու միաժամանակ այն առաջակել որպես պարտականություն ընթերցասերի մեծահոգությանը: Գրել` ասել է թե դիմել այլոց գիտակցությանը` ընդունելու էականը որպես էության ամբողջություն: Գրել` նշանակում է ցանկանալ ապրել այդ էականը միջնորդ մարդկանց կողմից: Սակայն ինչպես իրական աշխարհի մի մասն իրեն գործողության մեջ է դրսևորում, այնպես էլ մյուս մասը չափն անցնում է` այն փոփոխելու համար: Վիպասանի աշխարհն անմտություն կարտահայտեր, եթե չբացահայտվեր հեղինակի գերազանցելիությունը: Դա հաճախ է նկատելի եղել: Պատմության մեջ նպատակն իր գոյության իմաստը բխեցնում է ոչ թե նրան վեր հանող նկարագրությունների քանակից և երկարությունից, այլ տարաբնույթ կերպարների միջև առկա բարդ կապերից: Էլ ավելի էական կթվա, եթե գրողն ավելի հաճախ տնօրինի կերպարը. այսինքն վերցնի, հետո թողնի` կտրուկ անցում կատարելով մյուս կերպարներին` յուրաքանչյուրին տալով իրենց հանգուցալուծումը: Ինչպես առասպելական աշխարհում, այսինքն՝ մարդկանց ու իրերի ամբողջության մեջ, առավելագույնն իրականացնելու համար հարկ է, որպեսզի ընթերցողի համար բացահայտված քողազերծում-արարումը լինի նաև երևակայական պարտավորվածությամբ դրսևորված գործողություն. այլ կերպ ասած` որքան ավելի մեծ լինի փոխելու ցանկությունն, այնքան այն ավելի կենդանի կլինի: Ռեալիզմի մոլորությունն է կարծել, որ ճշմարիտը երևան է գալիս դիտելով ու, հետևաբար, ճշմարիտը կարող էին անմասն պատկերել: Արդյո՞ք այդպես հնարավոր կլիներ, քանզի ինքնին ընկալումը կողմնապահ է, որովհետև միայն նրա ներկայությունն արդեն իսկ իմաստի փոփոխություն է ենթադրում: Եվ ինչպե՞ս գրողն, ով համընդհանուրի հավակնորդն է, կարող էր ցանկանալ անարդարություններ պարունակող աշխարհի մեջ լինել: Այնուամենայնիվ պետք է լինի: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե գրողն ընդունում է լինել անարդարության ստեղծողն, ապա դա կայանում է անարդարության գերազանցմամբ`ուղղված իր իսկ ոչնչացմանը: Ինչ վերաբերում է ինձ` ընթերցողիս, ապա եթե ստեղծում ու պահպանում եմ անարդար աշխարհի էքզիստենցիալ պայմաններն, ուրեմն չեմ կարող անել այն, ինչի համար որ պատասխանատու չեմ: Եվ հեղինակի ամբողջ արվեստն ինձ պարտավորեցնում է կերտել այն, ինչ նա քողազերծում է, հետևաբար դա նշանակում է ինձ վտանգի ենթարկել: Երկուսով` ընթերցողն ու հեղինակը. ահա թե ովքեր են ստանձնում աշխարհի պատասխանատվությունը: Ու հաստատապես, որովհետև այդ աշխարհը կանգուն է մեր երկուսի ազատության միացյալ ջանքերով, և որ հեղինակը փորձեց իմ միջնորդությամբ այդ աշխարհ ներգրավել մարդկայինը: Պետք է, որպեսզի այդ աշխարհն իրապես ի հայտ գա ինքն իր մեջ, ավելի խորը շերտերում` կարծես մաս առ մաս անցնելով և ազատությամբ նեցուկ լինելով, որի վերջնական նպատակը մարդկային ազատությունն է: Ու եթե այն վերջ չունի, որը պետք է ունենար, անհրաժեշտ է, որպեսզի գոնե դեպի ազատություն տանող մի փուլ լինի. մի խոսքով, պետք է, որպեսզի այն լինի իրագործելի ու միշտ հաշվի առնվի և ներկայացվի ոչ թե որպես մեր վրա ուղղված ջախջախիչ մի գավազան, այլ որպես այդ վախճանների հանգրվանի գերազանցության տեսանկյուն: Անհրաժեշտ է, որ մեծահոգության տեսք ունեցող այդքան չար ու անհույս ստեղծագործությունը լեցուն լինի մարդասիրությամբ: Անկասկած, այդ մեծահոգությունը պարտավոր է արտահայտվել ուսանելի ելույթներում կամ էլ լսելի լինի առաքինի մարդկանց շուրթերից. այն նույնիսկ չպետք է լինի կանխամտածված և բնական է նաև, որ չպետք է լավ տպավորություններով լեցուն մի գիրք լինի: Ավելին`այն պետք է արտահայտի գրքի սյուժետային գիծը, բովանդակությունը, որտեղ կերտված են հերոսներն ու գործողությունները: Ինչպիսին էլ որ լինի գրքի բովանդակությունը, ամենուր պարտավոր է հանդես գալ թեթևության պես մի բան և հիշեցնել, որ ստեղծագործությունն երբեք բնականից տրված չէ, այլ` պահանջմունք և շնորհ: Ու եթե ինձ տալիս են այս աշխարհն իր բոլոր անարդարություններով հանդերձ, դա ոչ թե այն պատճառով, որ ես դրանց սառը բանականությամբ եմ նայում, այլ երևակայությամբս կենդանացնում, քողազերծում և ստեղծում` իրենց իսկ անարդարությամբ հանդերձ. այսինքն`փաստացի չարաշահման բացառում: Այսպիսով, գրողի աշխարհն իր խորությամբ կքողազերծվի միայն ընթերցողի քննությամբ, հիացմունքով և վրդովմունքով, և վեհանձն սերը խոստացված է ներկային, վեհանձն զայրույթը` փոփոխման, հիացմունքը` նմանակման: Չնայած դրան, գրականությունը բարոյականության արտահայտման մի ձև է` իմպերատիվ գեղագիտության խորքում մենք վեր ենք հանում իմպերատիվ բարոյականությունը: Քանի որ նա, ով գրում է, ճանաչում է, անգամ գրելու ողջ դժվարության փաստը գիտակցելով, իր ընթերցասերների ազատությունը, և քանի որ նա, ով կարդում է, միայն գիրքը բացելու փաստը, որն էլ ենթադրում է ճանաչել գրողի ազատությունը, արվեստը, և ընդունում մարդկանց վստահությունն առ ազատություն: Ու քանի որ ինչպես ընթեցողներն, այնպես էլ հեղինակներն ընդունում են ազատությունը նրա միայն դրսևորումը հանդուրժելու համար` ստեղծագործությունը նույնչափ կարող է սահմանվել որպես երևակայական աշխարհի ներկայացում, որչափ որ մարդկային ազատություն է պահանջում: Սևամորթների գրականություն չկա, որովհետև որքան էլ մուգ լինեն աշխարհը գունավորող գույները, դա արվում է այն պատճառով, որպեսզի մարդիկ զգան այդ աշխարհի առջև իրենց սեփական ազատությունը:


Այսպիսով՝ միայն լավ և վատ վեպեր կա՞ն: Վատ վեպն այն է, որն աչք շոյեց` հաճոյանալով, փոխարենը լավը` պահանջմունք է և հավատքի գործողություն: Սակայն հատկապես միայն այն դրույթը, որի ներքո արտիստը կարող է ներկայացնել աշխարհն իր ազատություններով, որոնց հետ ցանկանում է համաձայնվել, դա աշխարհում հենց այն մեկն է, ով միշտ տոգորվում է ազատության ընձեռած առավելություններով: Հասկանալի չէր լինի մեծահոգության այն պոռթկումը, որը գրողն օգտագործում ու հրահրում է` հաստատելու անարդարությունն, ու որ ընթերցողն ըմբոշխնում է իր ազատությունը՝ կարդալով մի գործ, որը կա՛մ հաստատում, կա՛մ ընդունում, կա՛մ էլ ուղղակի հրաժարվում է կշտամբել մարդը մարդուն ստրկացնելու փաստը: Հնարավոր է, որ լավ վեպ գրվի մի սևամորթ ամերիկացու կողմից, նույնիսկ, եթե սպիտակամորթների ատելությունն է ի ցույց դրվում, որովհետև հենց այդ ատելության միջոցով է արտահայտվում իր ռասայի ազատությունը, որը նա բարձրաձայնում է: Եվ մինչ ինձ կոչ են անում մեծահոգություն ցուցաբերել, ես չէի կարող դա հանդուրժել այն ժամանակ, երբ ինքս ինձ ճշմարիտ ազատությանն եմ ենթարկում` ինձ նույնականացնելով ճնշված ռասային և ինքս ինձ նրանց շարքերը դասել: Հանդես գալով սպիտակամորթ ռասայի և ինքս իմ դեմ` ես կոչ եմ անում բոլոր տեսակի ազատություններին, որպեսզի նրանք մյուս ռասաների ազատությունը պահանջեն:

Սակայն ոչ ոք գեթ մեկ պահ չէր կարող ենթադրել, որ կարող էին գրել անտիսեմիտիզմի պաշտպանությանն ուղղված մի լավ վեպ: Քանզի դա չեն կարող ինձանից պահանջել այն պահին, երբ զգում եմ, որ ազատությունս անխզելիորեն կապված է այն բոլոր մարդկանց հետ, որոնցից մեկին ծառայեցնում եմ իմ ազատությունը: Այսպիսով՝ լինի նա էսսեիստ, պամֆլետիստ, երգիծաբան կամ էլ վիպասան, ով միայն խոսում է անհատների մոլորություններից, կամ էլ հարձակման է ենթարկվում տիրող հասարակարգի կողմից, գրողն ազատ մարդ է, որը դիմում է իր պես ազատ մարդկանց միայն մեկ թեմայով`ազատություն: Քանի որ հեղինակները ծառայելու են ընթերցողներին, ապա այդ պահից սկսած ամեն մի փորձ սպառնում է հեղինակին իր իսկ արվեստում: Եթե ֆաշիզմը ներխուժեց մի դարբնի կյանք, սակայն ոչ անհրաժեշտաբար արհեստ, ապա գրողի դեպքում այն և՛ մեկի, և՛ մյուսի մեջ է. նույնիսկ ինչ-որ տեղ ավելի շատ արհեստի, քան թե կյանքի: Կարելի էր տեսնել հեղինակների, որոնք պատերազմից առաջ իրենց բոլոր մաղթանքներից ֆաշիզմն էին վեր դասում, բայց անզոր եղան ստեղծագործելու, երբ նացիստները նրանց շքանշաններ էին շռայլում:
Հատկապես մտածում եմ Դրիյո լա Ռոշելի մասին. նա սխալվեց, թեև անկեղծ էր, որն էլ և ապացուցեց: Ընդունել էր ղեկավարել մի ոգեշնչող ամսագիր: Առաջին ամիսներին հանդիմանում, կշտամբում, խրատներ էր տալիս հայրենակիցներին: Ոչ ոք չպատասխանեց, որովհետև նրանք այլևս ազատ չէին այդ անելու: Այդ ամսագիրը տրամադրություն էր թելադրում` չզգալով ընթերցողներին: Ավելի շփոթված էր երևում, սակայն չեղավ ոչ մի ակնարկ, որը կապացուցեր, որ նա հասկացվել էր: Ո՛չ ատելության, ո՛չ էլ զայրույթի որևէ նշույլ: Ոչինչ: Աճող հուզումներում թվաց ապակողմնորոշված, զոհի կարգավիճակում, ով դառնորեն գանգատվեց գերմանացիներին: Նրանց հոդվածները հիանալի էին, բայց` թունոտ: Եկավ պահը և նա ինքնասպան եղավ. ոչ մի արձագանք` բացառությամբ ծախված լրագրողների, որոնց նա արհամարում էր: Նա առաջարկեց իր հրաժարականը, հետո ետ վերցրեց, կրկին խոսեց ու միշտ` ձայն բարբառո հանապատի: Վերջապես դադարեց խոսել`մյուսների կողմից լռության մատնված: Նա ի ցույց էր դրել նրանց ստրկամտացումը, սակայն իր խենթ գլխում կամավոր պարտավոր էր մարդկանց ազատ պատկերացնել: Նրա մեջ հայտնվում է մեկն, որպեսզի իրեն բարձր գնահատի, սակայն իր ներսի գրողն իրեն չկարողացավ հանդուրժել: Նույն պահին մյուսները, որոնք բարեբախտաբար ավելի մեծ թիվ են կազմում, հասկացան, որ գրելու ազատությունն ենթադրում է նաև քաղաքացու ազատություն: Գերիների համար չեն գրում: Արձակի արվեստը համագոյակցում է միակ ռեժիմի` ժողովրդավարության հետ, որի դեպքում էլ արձակն իմաստ ունի: Երբ ժողովրդավարությունը վտանգված է, ուրեմն արձակն էլ է վտանգված: Կգա մի օր, երբ գրելը կարգելվի ու այդ ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի գրողը զենքը ձեռքն առնի:

Այսպիսով, ինչ էլ որ լինի, ինչ կարծիքներ էլ որ հնչեն, ինչ էլ որ բարձրաձայնվի, միևնույնն է` գրականությունը մարտի է մղում: Գրելը ազատությանը ձգտելու ձևերից մեկն է. եթե սկսել եք գրել` հոժարակամ կամ ստիպողաբար, ուրեմն արդեն ստանձնել եք այդ գործը: «Ստանձնել այդ գործն ինչի՞ համար»,- կհարցնեն: Հեշտ է ասել` պաշտպանել ազատությունը: Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք գրողը դառնում է իդեալական արժեքների պահապանը: Ինչպես Բենդայի հոգևորականը դավաճանությունից առաջ, կամ էլ՝ արդյո՞ք որոշակի ու առօրեական ազատության համար է պետք պաշտպանել հայացքնեըը` մասնակցություն ունենալով քաղաքական և սոցիալական բախումներին: Վերջինս կապված է արտաքուստ մեկ այլ շատ պարզ հարցի հետ, որն ինքդ քեզ չես տալիս. «Ո՞ւմ համար են գրում»:
Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել