Եթե հայրենի կառավարությունը կարծում է, որ մի քանի հազար դրամ կենասաթոշակ բարձրացնելով էապես նվազեցրել է կենսաթոշակառուների աղքատության մակարդակը, ուրեմն իսկապես կտրված է իրականությունից և չի տիրապետում իրավիճակին:
Ինչպես կարող է թոշակառուների շրջանում կրճատվել աղքատության մակարդակը, երբ միջին կենսաթոշակը 36 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ավելի քան 56 հազար դրամ: Այդ ի՞նչ անհայտ բանաձևով են հաշվարկում աղքատության ցուցանիշի կրճատումը, երբ թոշակառուի ստացած կենսաթոշակն օրական կազմում է 1200 դրամ, որով նա պետք է սնվի, գումար հատկացնի դեղորայքին, կոմունալ ծախսերին: 
2014 թվականին կենսաթոշակը բարձրացել է 15 տոկոսով, ասել է թե, 4500-5000 դրամով, այսինքն՝ պետությունը, 2013 թվականի համեմատ, 2014-ին օրական կտրվածքով թոշակառուին հատկացրել է 150-170 դրամով ավել կենսաթոշակ: Եվ եթե այս 150 դրամը հիմք է տալիս կառավարության եզրահանգելու, որ 40 տոկոսով նվազել է աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվն, ուրեմն իսկապես պետք չէ կասկածել այսօրվա կառավարության ստեղծագործ մտքի գունազարդ թռիչքին: Կարելի է պատկերացնել, թե այդ մտքի թռիչքն ուր կհասներ, եթե 150 դրամի փոխարեն կենսաթոշակը բարձրացներ 500 դրամով: Այս դեպքում բոլոր կենսաթոշակառուներին կդիտեր որպես պոտենցիալ միջին խավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել