Ցավում եմ այն բանի համար, ինչ կատարվեց այս վերջին ամիսներին Ուկրաինայի հետ:
Ազատության համար պայքարը ևս խելք, հնարամտություն, իմաստություն, զգուշություն և բազմաթիվ այլ բարեմասնություններ է պահանջում այդ գործին իրոք ջատագով մարդկանցից: Այն, ինչ կատարվեց Ուկրաինայի հետ, մի խումբ ազգայնամոլ, կարիերիստ, դաժան ու տհաս մարդկանց անճոռնի գործելաոճի հետևանքն է: Պահը ճիշտ չընտրեցին, ճիշտ մարդիկ չառաջնորդեցին շարժումը, անիրավ մեթոդներ կիրառեցին և այլն, և այլն: Երկրի տերիտորիալ ամբողջականությունը զոհեցին իրենց նեղ կարիերիստական նպատակների համար: Ժողովուրդը իր մեծամասնության մեջ այդ շարժման հետ չէր: Ժողովրդի արևմտյան ստվար հատվածը իրեն հակադրեց արևելյան նույնչափ ստվար հատվածին և փորձեց բռնությամբ իր կամքը պարտադրել նրանց: Ակնհայտ է, որ նման շարժումը չէր կարող այլ արդյունքի բերել, քան այն, ինչը ստացվեց:
Իսկ հույսը, որ Արևմուտքը կօգնի, մնաց սառույցի վրա: Արևմուտքը այդքան միջոցներ չունի, որպեսզի օգնի այդ հսկա երկրին, այն դեպքում, երբ սեփական դաշնակիցներն են վատ տնտեսական պայմանների հասել:
Մի խոսքով, ճիշտ չէր հաշվված և՛ ժամանակը, և՛ միջոցները: Ճիշտ չէին ընտրված նաև առաջամարտիկներն ու դրոշակակիրները՝ նույնպես: 
Այս բոլորի մասին բազմիցս գրել եմ դեռևս այդ շարժումը չսկսված, ու երբ դեռ Յանուկովիչը չէր էլ ստորագրել ՄՄ մտնելու բարաթը: 
Մի խոսքով, Ղրիմը մատաղ արեցին, որ Տիմոշենկոյին բանտից հանեն և Յանուկին էլ պաշտոնից քշեն: Կոպիտ ասած, ահա ամբողջ Մայդանի արդյունքը, եթե մի կողմ դնենք ազատասիրական գաղափարներով ժողովրդին դաստիարակելու կարևոր գործը:
Գոնե հետոն մի քիչ լավ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել