Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնց շրջանում իրարանցում է առաջացնում ինչ-որ մի « դասի «Մերսեդես»…Կրկնակի զարմանում եմ այն լրատվամիջոցների վրա, որոնք սույն «դարակազմիկ» իրողությունը և մյուս համանման աղբերը լուսաբանում են, նույնիսկ հարցազրույցներ վերցնում…Փաստորեն մեքենան արտաքինից ոսկեջրածի տպավորություն է թողնում, և այդ ոսկեջրած մերսեդեսների մասին հայ հանրությունը տեղյակ է հեռուստատեսային զանազան հաղորդումներից…Եվ ի՞նչ...Պատկերացնո՞ւմ եք, «ՀԺ»-ի թղթակցին հաջողվել է, չէ, բախտ է վիճակվել կապվել Երևանում հայտնված այդ «սենսացիոն» մեքենայի սեփականատիրոջ հետ և աղաչել, խնդրել նրան մեկնաբանություններ տալ սույն «անչափ հետաքրքիր» հարցի շուրջը…Չէ’, իրոք աշխարհի վերջն է, կամ ես եմ անցյալ դարից…Երբ մի ինչ-որ երգչուհու հղիություն դառնում է ամենաքննարկվող թեման՝ ոտնատակ տալով ուկրաինապաշտների, պուտինամոլների գրառումներն ու քննարկումները: Երբ մի ինչ-որ ոսկեգույն « դասի «Մերսեդեսի» հայտնվելը կարող դառնալ սոցիալական ցանցերի բուռն քննարկումների և մեկնաբանությունների առարկա, հուզել հայ հանրությանը…Այո-այո, չեմ սխալվում, այդպես էր գրել «ՀԺ»-ի հարգարժան լրագրողը` հուզել հայ հանրությանը, ապա ես այլևս ասելու բան չունեմ, սա իրոք վերջն է….Թքել եմ շեյխական հաճույքններով զարմացողների, դրանցով հիացողների, դրանք կյանքի նպատակ դարձնողների վրա…Հարգարժան լրագրողներ, լուսաբանելով այս ամենը, հուզվելով, զարմանալով նման երևույթներով, «հերոսացնելով» այդ մեքենաների տերերին՝ դուք ակամա տոն եք տալիս ընչաքաղցությանը, իրապաշտությանը, ցոփությանը, ցուցամոլությանը և մնացած այլ համանման երևույթների արմատավորմանը, տարածմանը…Հետո էլ լալահառաչ գրում եք, որ ներկա սերնդի մեծամասնությունը զուրկ է արժեհամակարգից, հետաքրքրության, խոսակցության թեման միայն հագուստն է, ավտոմեքենաները, հեռախոսներն ու աղջիկները…Չե՞ք զգում, որ ակամա կամ գուցե միտումնավոր նպաստում եք այդ ամենին...Այո’, այլևս այդ «Մերսեդեսի» տերը, շենգավիթցի` «երրորդմասցի» 21-ամյա Հայկ Վարդանյանը ձեր թեթև ձեռքով շրջապատում գլուխ գովալու առիթ ունի: Նա ձեր միջոցով դարձավ «հանրահայտ» ու «հայտնի» անձնավորություն…Հա’, ձեռքի հետ էլ ակամա կամ գուցե միտումնավոր գովազդվեց ինչ-որ «Դիզայն լաբ» ընկերություն…Ձեռքի հետ, իմիջայլոց…Բայց դե, իհարկե, կարևորը դա չէ, կարևորը միշտ բարձրարժեք կատեգորիաներից խոսելն ու կուրծք ծեծելն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել