1in.am-ը գրում է.
Պաղեստինյան կողմը պահպանում է մինչև ապրիլի 29-ը պաղեստինա-իսրայելական խնդրին լուծում գտնելու հույսը և ողջունում է փոխզիջման որոնմանն ուղղված ԱՄՆ միջնորդական գործողությունները: Վուդրո Վիլսոնի վաշինգտոնյան կենտրոնում նման հայտարարությամբ ելույթ է ունեցել պաղեստինցի գլխավոր բանակցող Սայիբ Էրիկատը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Օբաման և Քերին հաջողության հասնեն: Եվ մենք հույս ունենք, որ մինչև ապրիլի 29-ը լուծում կգտնվի: Դա հասանելի է»,- հայտարարել է պաղեստինյան կողմի ներկայացուցիչը:
Նա բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գործողությունները՝ նշելով, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի համար մերձավորարևելյան խնդրի լուծումն ունի առանցքային նշանակություն տարածաշրջանում անվտանգության ապահովման երկարաժամկետ քաղաքականությունում:
«Քերին հավատում է, որ այս տարածաշրջանում կայունության ու ժողովրդավարության բանալին պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման մեջ է»,- հայտարարել է Էրիկատը:
Պաղեստինյան կողմի ներկայացուցիչը նշել է նաև, որ ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկվել է վերադառնալ բաց և արդար նախագահական ընտրությունների, սակայն «մեկ իշխանության ու օրենքի գերակայության մասին» դրույթի պահպանման դեպքում:



