Panorama.am-ը գրում է.
Այսօրվանից Պոլիտեխնիկը կղեկավարի ԵՊՃՇՀ արդեն նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, մինչև սահմանված կարգով հայտարարվեն ընտրություններ: Մրցույթը կկայանա և գիտխորհուրդը կընտրի ռեկտոր: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԵՊՃՇՀ ռեկտորի պաշտոնն այս պահին թափուր է, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտորներից մեկը:
«Դուք ակտիվ հետևում եք զարգացումներին: Տարբեր բուհերում տարբեր խնդիրներ լինում են, որևէ սենսացիա այս փաստի մեջ չենք փնտրում: Նախկին ռեկտորը որոշել է բուհի հետագա զարգացման համար, բազմակարծության պայմաններում, ստեղծել նոր հնարավորություններ: Նախկին ռեկտորը մնում է համակարգում, նա ԳԱԱ անդամ է, դասավանդում է Պետական համալսարանում»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ մամուլը երեկ ակնարկում էր բուհում իրականացված ուսումնասիրությունների մասին: Ըստ Արմեն Աշոտյանի, ուսումնասիրությունները դեռ ոչ մեկին վնաս չեն տվել, և չկա մի գերատեսչություն, որտեղ ուսումնասիրությունների ընթացքում խնդիրներ չլինեն:
«Այդ ուսումնասիրություններն իրականում թույլ են տալու ցանկացած բուհի, այդ թվում, Պոլիտեխնիկին, իմանալ իր խնդիրներն ու շտկել թույլ տեղերը: Բուհը ֆինանսապես կայուն է, որևէ տեսակի անհանգստություններ կոլեկտիվի և ուսանողների համար գոյություն չունեն»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը չմեկնաբանեց լուրերն այն մասին, թե Արա Ավետիսյանի հրաժարականը կապված է կոռուպցիոն գործարքների և չարաշահումների հետ. «Չեմ մեկնաբանում ասեկոսեներ: Ոչ մի ուսումնասիրություն դեռ ոչ մեկին վնաս չի տվել, նորից եմ ասում: Դրանք միայն օգնում են ավելի լավ աշխատել: Ասեկոսեներ և չհիմնավորված բաներ չեմ մեկնաբանում: Այս ֆոնին, բնականաբար, շահարկումներ շատ կլինեն»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Արա Ավետիսյանի հրաժարականի պատճառն այս բուհում «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ակցիան է եղել, Աշոտյանն ասաց, որ այդ ակցիան նորմալ է անցել, չի խանգարել դասապրոցեսին ու որևէ առնչություն չի կարող ունենալ ռեկտորի հրաժարականի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



