Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ դիտողություներին: Մասնավորապես, ակցիայի մասնակիցներից Դավիթ Սանասարյանը` դիմելով փոխոստիկանապետին նշել է.
«Պարոն Մելքոնյան, ես էլ մտածում էի թե փոխվել են մեր ոստիկանները, բոլորին ասում էի թե վատը, բացասականն անցյալում են, մեր ոստիկանները արդիականանում են, էսօր պարզ դարձավ, որ կարմիր բերետավորներն իրանց կաշին չեն փոխել: Էդ մարդիկ անջատված են, չեն զգում ոչ մի բան: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եւ պահանջում եմ փոխեք դրանց, ընտրեք նորմալ հոգեւիճակ ունեցող կիրթ մարդկանց: Հուսով եմ ականջալուր կլինեք»:
Գրառմանը Ռոբերտ Մելքոնյանը հետևյալ կերպ է պատասխանել.
«Իմ շատ հարգելի պ. Սանասարյան, ես մտածում էի, որ քաղաքական-հասարակական գործիչները իմ հորդորներից հետո ողջամիտ կգտնվեն եւ չեն խախտի մոմավառության խորհուրդը, այն կանցկացնեն աստվածահաճո: Հիասթափված եմ եւ՛ նրանց, եւ՛ լրագրողների, եւ՛ հեղինակազրկված շարժումների կողմից Վ.Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբոխից, որոնք անջատված, անըզգա փակեցին մայրուղին, խախտելով բարոյականության բոլոր սահմանները: Ես հետագայում ավելի մանրակրկիտ եւ խորությամբ կանդրադառնամ... Ես Ձեզ շատ եմ հարգում, ցավում եմ, որ Դուք այդ ,,քամուց քշվածների,, հետ եք եւ մասնակցեցիք խզմալյանական անհաջող բեմադրությանը... Ի տարբերություն Ձեզ, Ժ.Սեֆիլյանը ինչպես միշտ ստոիկյան կեցվածքով կողքից նայում էր այդ ամենին: Հա՛, Աստվածասեր ,,Բազազի,, պատասխանն էին ուզում լսել որոշ օգտատերեր: Համենայն դեպս ես նորից Ձեզ սթափության կոչեր արեցի, Աստված էլ շուրջ մեկ ժամ սթափեցնող անձրեւ տեղաց, որպեսզի որոշ տաքագլուխներ սթավեն, սակայն նրանք չհասկացան, շարունակեցին իրենց ամբոխավարությունը... Իսկ անջատված բերետավորներից կազատվենք, Մոսկվան միանգամից չի կառուցվել: Չնայած ամեն ինչ փոխադարձ է, նրանք էլ կարող են թերանալ, ռոբոտ չեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել