Պարզվում է՝ ոչ միայն Զորի Գայկովիչը ռուսներից երիցս լավ ու փայլուն գիտե Ռուսիայի պատմությունը, այլ ՀՀ ազգաբնակչության առնվազն կեսից ավելին։ Ու համակարգչի առջև փափուկ բազկաթոռի մեջ ընկղմված, չորս պատերի ներսում, պատուհանները պինդ փակած, որ միջանցիկ քամիներ չլինեն հանկարծ, «վերլուծություններ» են շմփացնում իրենց համակարգչի ստեղնաշարին, ձեռի հետ էլ խորհուրդներ տալիս Պուտին կայսրին։
Արդեն ՀՀ-ից մեսիջներ են հղում վերջինիս, որ Ղրիմից հետո հաջորդ քայլը պետք է լինի Ալյասկան, որովհետև այն «ջրի գնով» են վաճառել ԱՄՆ-ին։ Այ, եթե ավելի թանկ վաճառեին, այլ հարց է...
Ժողովուրդ, անկեղծ ասած, արդեն ինձ թվում է, թե ՀՀ հոգեբուժարաններում «ամնիստիա» է եղել, ու բոլոր հիվանդներին մեկական համակարգիչ են տվել և տուն ուղարկել։
Հարգելիներս, ձեր վտիտ ուսերից ցած դրեք աշխարհի հոգսերը, մեղք եք, ջահել եք, տուն-ընտանիք ունեք, նրանց մասին էլ մտածեք։ Ռուսաստանում առնվազն 150 միլիոն ռուս կա, թող մի քիչ էլ իրենք մտածեն իրենց մասին։
Քարերը ձեր փեշերից թափեք ու մտածեք հատկապես ձեր երկրի մասին, այն ծառի ճյուղի մասին մտածեք, որի վրա թառած, աջ ու ձախից աշխույժ սղոցում եք, ձեր «կոտրած տաշտակը» թողած, սար ու ձորերի մի՛ տվեք ձեզ։ Ու մի քիչ էլ նաև խղճացեք նրանց, ովքեր անմեղ-անմեղ նստել, ձեր հիմարություններն են կարդում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել