Իմ կարծիքով, հայ երիտասարդությանը մի բան շատ է պակասում. ճամփորդելը: Ու ճամփորդել ասելով նկատի չունեմ ընտանիքով ամռանը Քոբուլեթի մեկնելը, այլ մենակ, ինքնուրույն, գոնե Եվրոպա (մոտ է), ծայրահեղ դեպքում թեկուզ Ռուսաստաններ, շփում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Կասեք` բա ֆինա՞նսը: Ինչ խոսք, ճամփորդելն էժան հաճույք չէ, բայց ոչ էլ անհասանելի է: Ուղղակի շատերի համար դա հարստության խորհրդանիշ է, լրացուցիչ ճոխություն, որը քեզ թույլ կտաս, եթե չիմանաս` փողերդ որտեղ ծախսել:
Համենայնդեպս, ամեն ինչ էնքան թանկ չէ, ինչքան շատերին թվում է: Ուսանողական տարիներին ամեն անգամ ճամփորդելու համար ուղիղ մի տարի փող էի հավաքում: Քիչ չէր լինում նաև, որ զանազան դրամաշնորհներ էի ստանում, որոնք լրիվ կամ մասամբ հոգում էին ծախսերս: Լինելով ֆինանսապես ոչ այնքան ապահով երկիր` մենք, այնուամենայնիվ, շահեկան դիրքում ենք, որովհետև հեռու չենք Եվրոպայից (հետևաբար ավիատոմսերն էժան են). նույն դրամաշնորհը մեր ծախսերի 70-80 տոկոսը կարող է հոգալ, իսկ մեքսիկացու ընդամենը 30:
Լավ, իսկ ինչու՞ է էդքան կարևոր ճամփորդելը:
Շատերին գիտեմ, որ կյանքում ոտքները Հայաստանից դուրս չեն դրել (ու չեն էլ ուզում): Երբ համեմատում եմ այն ընկերներիս հետ, որոնք սովոր են օտարազգիների հետ շփվել, մեծ տարբերություններ եմ տեսնում:
Ճամփորդելը լայն աշխարհայացք է տալիս: Սկսում ես հարցերին ոչ միակողմանիորեն նայել: Հասկանում ես, որ, այնուամենայնիվ, աշխարհում հայերից բացի ուրիշ ազգեր էլ կան, որոնք ոչ մի բանով քեզնից վատը չեն: Ավելին` կարող ես լիքը նմանություններ գտնել, ու դա բնավ պայմանավորված չէ նրանով, որ այդ ազգերը քեզնից են առաջացել:
Հիմա կհարցնեք` լավ, ընդամենը էսքանի համար արժե՞ ճամփորդել:
Իրականում սա «ընդամենը» չէ: Հենց այդ ճամփորդական փորձն է, որ օգնում է հայրենակիցներիդ հետ ճիշտ շփվել, աշխատանքիդ միայն մի նեղ ու սուբյեկտիվ տեսանկյունից չնայել, գնահատել աշխարհի մյուս ժողովուրդների փորձը, կիրառել այն երկիրդ բարելավելու համար: Հակառակ դեպքում թվում է` աշխարհի տիրակալը դու ես, իսկ հայրենակիցներդ ամեն հարցում ճիշտ են: Ու դա կամաց-կամաց տանում է կործանման:



