Բարի կիրակի, բարեկամներ, այսօր Անառակի կիրակին է. Անառակ որդու հայտնի առակի ուղերձով է բացվում այս շաբաթը Պահքի ճամփորդներիս համար: Ու թերևս տեղին է հիշել ներող հոր խոսքը, երբ տեսնում է դարձի եկած իր զավակին` «իմ այս որդին մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց»: Ահա հենց այսպես, վերջերս դարձի է եկել Կյանքի խոսք միջազգային կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանը: Նա իր հայտարարությունը արել է անմիջապես իր կառույցի կիրակնօրյա հավաքին` նկատելով, որ դա կարող է թվալ արմատական, բայց խաղաղություն բերող: Նա դարձի է եկել՝ վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը:
Մի քանի օր է ինչ հոգևոր և աշխարհիկ լրատվամիջոցները ողողված են ցնցող լրատվությամբ՝ Համաշխարհային “Կյանքի Խոսք” աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ ՈՒլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Սա մեծ ցնցումներ է առաջացրել նաև ՀՀ-ում , քանի որ այս կառույցը ու սրան հարող այլ աղանդներ ագրեսիվ քարոզչություն էին անում նաև այստեղ` օգտագործելով PR բոլոր զենքերը` մինչև իսկ շոուբիզնեսում ամրանալը: Ու տեղեկացնեմ, որ Հայաստանում նրանք նոր անդամագրված ցանկացած մեկին նվիրում էին հենց այս մարդու գիրքը` իբրև ուղեցույց: Հիմա ի՛նչ են նվիրելու, ինչպես են բացատրելու այս` իրենց համար անցանկալի իրավիճակը: էհ: Արթուր Սիմոնյանը իր հետևորդների գումարները փաստորեն իզուր մսխեց, իզուր կառուցեց նոր-գիգանտ շենքը- <<եկեղեցին>>. Շենքը կա, իրենց առաքելության ռահվիրան չկա:
Էկմանը հրաժարվել է նաև Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն և իր որդին մեղադրվում են $12.000.000 յուրացման մեջ: Իր հրաժարականի նամակում Ուլֆ Էկմանը գրում է.
“Ես հասկացա, թե որքան քիչ գիտեի Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգևոր կյանքի և վարդապետության մասին: Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ և չար կեցվածք ունեի նրանց հանդեպ և չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա և ապաշխարեցի անհոգ, անփույթ և մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, և հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները և խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետուտյուն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդե սերունդ”:
Որքան էլ կյանքի խոսքի քարոզիչները փորձում են ասել թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այդ որոշումը կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաև անուղակիորեն ՈՒլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը:
ՈՒլֆ Էկմանի հայտարարությունը կարող եք դիտել այստեղhttp://livetsordplay.se/en/play.aspx?idClip=4211&cn=Sunday+Service
Sunday Service, Ulf Ekman, 3/9/2014 9:45:00 AM
livetsordplay.se