«...Իրադարձությունների ժամանակակիցն անգամ լինելով՝ դժվար ես ըմբռնում, թե  ինչու, եթե օտարի բռունցքում չենք, ապա պարտադիր յուրայինի կրունկի տակ: Հնարավոր է, որ հենց այս խայտառակությունը չհանդուրժելու համար է, որ մեզ անընդհատ դուրս է ձգում՝ էմիգրացիա, բողոք կամ պատերազմ: Եվ իսկապես, իսկ ինչ է փոխարենը՝ անազատություն, հնազանդություն եւ իբրեւ արդյունք՝ այլասերում՝ եռագույնիդ շվաքի, հիմնիդ մեղեդու ու մտածողությանդ կաղապարների ծանրության տակ: Սուտ է, հայոց պետականությունը դեռ չի վերականգվել, քանզի բանտը չի կարող նույնանալ պետականությանը...»:
Տիգրան Հայրապետյան 13.01.98:



 Տասնվեց տարի է անցել այն ժամանակներից, երբ Տիգրան Հայրապետյանը, իր համանուն վերնագրով հոդվածում այսպես  է մեկնաբանել ժամանակի իրադարձությունների կնիք կրող Հայաստանի դիրքն ու դերը՝ ճիշտ այնքան, որքան հասցրել եմ ապրել այսօրվա Հայաստանում: Ու թեեւ նա հոդվածում անդրադառնում է  Ռուզվելտի ու Չերչիլի գաղափարական դրսեւորումներին՝ ինձ առավել հետաքրքեց ավանդական ինքնադրսեւորման հենց այս հատվածը: Ու տեղին է ասված, որ ամենաթարմ նորությունն անգամ՝ հնի վերամարմնավորումն է, քանի որ այսօր կա այն, ինչ կար տասը տարի ու անգամ հարյուր տարի առաջ: Ուղղակի հիմա ամեն անգամ փողոցով անցնելիս մարած լույսերն ավելի շատ են: Առաջվանը չի: Էմիգրացիայի մասին է խոսքը: Բնակչության արտահոսքի հետևանքով փոխվում է երկրի որակական հատկանիշների ֆոնը՝ պակասում է հասարակության հարաբերակցությունը բոլոր սեռատարիքային խմբերում: Արտագաղթողների շարքերում մեծ է՝ աշխատող, կառավարման հակվածություն ունեցող, ակտիվ անհատների ու գիտական կադրերի թիվը: Ու նրանք արտագաղթում են շարունակելու ուրիշ պետությունների պատմություններ: Չեմ կարծում, որ Պատմությունն իր ընթացքից չի շեղվելու, բայց արդյո՞ք չի էլ ենթարկվելու ժամանակի դեմքերի ու դեպքերի թելադրանքին: Ու արդյո՞ք պետականությունը չվերահսկվող մեխանիզմ է՝ տիրապետության գործիք, որը մարդկային բնազդների պատրանքն է՝ սուր զգացումների դոզան ստաբիլ պահելու համար, կամ գուցե ավելացնելու, էլի ու այնքան մինչեւ передозировка-ից կխեղդվեն ազատ պետականություն ունենալու բոլոր երազները: Գուցե: Հենց մեր պետականության առկայութունն է մեր երկրի Դամոկլյան սուրը, որը ժամանակի ընթացում կամ կժանգոտվի ու կկորցնի իր ֆունկցիոնալ առավելությունը կամ հասարակական ճնշման տակ կճկվի ու կմասնատվի կամ էլ կախված իրադարձությունների դասավորվածությունից կօգտագործվի ի օգուտ մեզ: Թեպետ այս կրկեսային արենայում նույնպես լինում են ձախողումներ, երբ աճպարարը սայթաքում է, կամ հանդիսատեսի խլացնող ծափահարություններից բավարարված հեռանում:
«Երկրային ազատությունը ապրելու պարագայում է, որ արժեք ունի»,-ասում է Հայրապետյանը: Իսկ ես կասեմ՝ անկախությամբ երիզված պետականությունն է սեփական կամքի դրսեւորումը, սեփական նպատակին հասնելու ձգտումը, ու սոցիալական արժեհամակարգի տրամաբանական սինթեզը՝  քաղաքական ծրագրերի իրագործմանը:
Փոքրերը շատ փոքր են, երիտասարդները՝ շատ երիտասարդ, ծերերը՝ շատ ծեր, այդ պատճառով հետեւությունները թողնում եմ քեզ, սիրելի ընթերցող: Հնարավոր է՝ դու գտնես այն հարցերի պատասխանները, որոնք ամենեւին էլ չունեն դրա կարիքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել