Գործողությունը կատարվում է 2014 թվականի մարտին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչությունում:
Նստած են Հայաստանի մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատրյանն ու Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Արման – Մեխակ, էսա Մոսկվայի ցուցահանդեսն ա, էն գրանտային կոնյակից բաց մի բաժակ խմենք, շնորհավորենք իրար, տուրիզմ ենք զարգացնում...
Մեխակ – Բացեմ, Արման ջան, էս ազիզ օրվա համար եմ պահել, ո՞նց չբացեմ:
Արման – Բացիր, գրանտը գրանտ ա բերում, բացիր խմենք, տեսնենք էս երկրի տուրիզմը ոնց ենք զարգացնում: Հա, Մեխակ ջան, լավ ա հիշեցի. ի՞նչ եղավ զուգարանների հարցը: Չեն աշխատում, ջհանդամն աշխատեն, մեկ ա` փողը կերանք, մարսեցինք, բայց Տաթևում գոնե փամփերսի արտադրություն չդնե՞նք, տուրիստները հերիք են, որ մի փեշ փող աշխատենք:
Մեխակ – Տաթևու՞մ... եկեղեցու՞մ ենք ծախելու:
Արման – Հա, ի՞նչ կլինի, որ...ո՞նց ա Հասմիկը Գառնիում ուզում ա պեռաշկի ծախի... ավել թիքան փոր չի ծակի, արի էս տարվա բյուջեի մեջ մտցրու, որ տուրիզմի զարգացման համար Տաթևում փամփերսի արտադրություն ենք դնում... դե կեսը փայ կտանք, կեսն էլ` մեզ...
Մեխակ – Լավ, կմտածենք էդ մասին,- ասում ա ու բացում կոնյակը:
Հանկարծ կոնյակի մեջից Ջին է դուրս գալիս....
Ջին – Ախ դուք, ապիկարներ, Մոսկվա եք ուզում գնալ հա՞:
Մեխակ – Դու ո՞վ ես,-շրջվում է դեպի պատն ու խաչակնքում աշխատասենյակի պատին կախած ՀՀ նախագահի նկարին....
Արման – Հիսուս քեզ Քրիստոս,-խաչակնքում է,- է՞ս որտեղից եկավ:
Ջին – Ես ձեր մեռած խիղճն եմ, ես եկել եմ, որպեսզի ձեզ հասկացնեմ, թե որքան ապաշնորհ եք դուք....
Արման և Մեխակ – Մե՞նք....իիիինչ ենք արել,-կմկմալով....
Ջին – Հիմա կտեսնեք...Հիմա մեկ րոպեից դուք կլքեք այս աշխարհը և կտեղափոխվեք դարերի խորքը` հասկանալու համար, թե ինչ է եղել իրականում և ինչպես եք կեղծում սեփական պատմությունը` ծառայեցնելով այն օտարին...
Արման և Մեխակ – Չէէէէէէէէէէէէ, չենք ուզում.....

Արար երկրորդ...

Մ.թ.ա. 8-րդ դար, Արդինիի Մուսասիրի տաճար: Կանգնած են Սարդուրի Բ արքան, Ջինը, Մեխակը և Արմանը:
Սարդուրի արքա – Ով ապաշնորհ իմ զավակներ, երբ ասորաց Սարգոն արքան գրավեց այս տաճարը, քարուքանդ արեց, թալանեց, ես ինքնասպան եղա վշտից` սակայն սերունդներին ավետելով Մուսասիրի տաճարաշինական մոդելը տարածել աշխարհով մեկ: Իմ որդիք դա արեցին` տարածելով ոչ միայն մեր սրբազան հայրենիքում, այլև հելլենաց երկրում...դուք այսօր Գառնին կամավոր տվեցիք հույներին` ձեր ապաշնորհ կեցվածքով...
Արման – Ներիր, տեր արքա, մենք չգիտեինք...
Սարդուրի – Ստում ես, անարժան հայ, ստում ես....տարիներ առաջ դուք արդեն հրատարակել եք գրքույկներ, ուր գրված էր, ճշմարտությունը, որ Գառնին դա Մուսասիրի ոճն է ու ժառանգորդը հայոց ճարտարապետական դպրոցի....
Արման - /շշուկով/ Հիսուս քեզ Քրիստոս, սա հաստատ գրանտի մասին էլ գիտի...
Սարդուրի – Եվ դու Մեխակ, որ ի պաշտոնե կոչված ես զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, դու՞ ինչու չընդիմացար այդ ապաշնորհ ու ապազգային գրվածքին.... Քո ոլորտը Վանատուր աստծո հովանավորության տակ է, Վանատուրի չի ների քեզ, ինչպես որ չի ների Տիրը` ազգի մշակույթն ու պատմությունը աղավաղելու համար....
Մեխակ – Մշակույթը Հասմիկինն է տեր արքա....
Սարդուրի – Այն հայինն է. դուք` երկուսով, Հասմիկով հանդերձ, անարժան եք....
Դղրդյունով բացվում է երկինքը և երևում է զայրացած Վանատուր աստծո դեմքը.... Անարժա՛ն եք....
Մեխակն ու Արմանը սրբում են իրենց քրտինքն ու նայում չորս դին...հանկարծ տեսնում են, որ հայտնվել են Հռոմում` Կոլիզեումում...
Արման – Մեխա՞կ, էս ի՞նչ էր....կոնյակդ հարբեցրեց, էն ի՞նչ թագավոր էր....
Չորսն են նայում ու հանկարծ տեսնում են Ներոն կայսրին, Տրդատ արքային հայոց....
Տրդատը շանթահարող հայացքով նայում է նրանց...
Տրդատ – Ով, ազգիս անարժան զավակներ... ես ջարդեցի հռոմեական զորքերը, հայոց Փառքը բարձրացրի առ աստվածներ... դուք այսօր զբոսաշրջիկին ներկայացնում եք թե Ներոնը ողորմաց ինձ թագ ուղարկելով, թե իմ հզորագույն երկիրը հպատա՞կն էր Հռոմի...
Մեխակ – Չէ, Արման, սա երազ չէ.... էս ու՞ր հասանք...
Ջին – Դուք Հռոմում եք...Հիմա պարտված Ներոնը թագ կտա Տրդատին ու մեծ ռազմատուգանք` Արտաշատը և ավերված Գառնին վերանորոգելու համար...
Արմանն ու Մեխակը կրկին գլխապտույտ ունեցան: Ուշքի են գալիս հայոց Արտաշատ մայրաքաղաքում:
Արքունի պատշգամբում ճեմում է Սաթենիկ թագուհին...
Սաթենիկ – Դուք ազգի անարժան զավակներ: Ինչպե՞ս համարձակվեցիք Արտաշատը համարել հելլենական, իմա` հունական քաղաք: Այն իմ սիրասուն ամուսինը` քաջն Արտաշեսը կառուցեց իմ աչքի նմանությամբ: Այն հայոց քաղաքաշինական ամբողջական մոդելով է կառուցված: Անգամ մեծն Հաննիբալը հիացած էր Արտաշատով ու խոստովանեց, որ հելլենական աշխարհում ու Հռոմում չկա նմանը: Ինչպե՞ս համարձակվեցիք և ինչու՞...
Մեխակ – Բայց մենք չգիտեինք....
Սաթենիկ – Դուք պարտավոր եք իմանալ....ապաշնորհ պաշտոնյաներ... Մի՞թե չունեք դույզն ինչ արժանապատվություն, մի՞թե ձեր երակներում հայկյան արյուն չի հոսում...ինչքա՞ն կարելի է ջուր լցնել թշնամու ջրաղացին...Ջին, նետիր սրանց Արտաշատի արքունական զնդանը` Խոր Վիրապ, թող տասներեք տարի տառապեն այնտեղ, խելքի կգան....
Արման – Հիսուս քեզ Քրիստոս, էս բախտին էլ արժանացանք... Ջհանդամը, գոնե սուրբ կդառնանք....
Մեխակ – Պահո.... էստեղ էլ հատավ իմ բաժինը...
Ջինը նետում է նրանց Խոր Վիրապ....

Մեխակի աշխատասենյակում....երկուսն էլ զարթնում են նիրհից....
Արման – Մեխակ, աչքս կպել էր, պարապ մնացինք, գործ էլ չունենք անելու, բայց գեշ երազ տեսա վախենալու հա...
Մեխակ – Հա, Արման ջան, մեր բախտն էլ` էսա, արի մի բաժակ կոնյակ խմենք, տուրիստ ա, կգա էլ, կգնա էլ, մեր գլուխը պահենք....Հա, Արման, էն բուկլետների գործն ի՞նչ եղավ....
Արման – Այտա բուկլետ ա էլի, ի՞նչ պիտի լինի, տպեցինք, գնաց...էն գռանտի կոնյակներից չունե՞ս, բաց մի բաժակ խմենք...

Վերջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել