Այսօր առավոտյան գործի ուղևորվելիս Աճառյանի անվան դպրոցի ճակատային մասում նկատեցի կապույտ պաստառ`«ՀԱՊԿ ակադեմիա», «Академия ОДКБ».

 

 

Պաստառը նոր էր հայտնվել:

Մինչ այսօր մտածում էի, որ դպրոցը վերանորոգում են, քանի որ ԱԺ նախագահը 2013 թվականի մայիսին անձամբ խոստացել էր նորոգել դպրոցը:
Հովիկ Աբրահամյանը դպրոցը լուծարելուց երեք ամիս առաջ խոստանում էր հոգալ դպրոցի հարցը: ԱԺ նախագահը քվեարկել է այդ դպրոցում:

Դպրոցը իրոք ուներ նորոգման անհրաժեշտություն`

Դպրոցը կառուցվել է 1936 թվականին 240 աշակերտի համար: Ճարտարապետը եղել է Մարկ Գրիգորյանը: Եղել են պահեր, երբ դպրոցի աշակերտների թիվը եղել է 700: Իսկ 2013 թվականին ուներ ընդամենը 48 աշակերտ:

Տեղեկատվական փնտրտուքս հանգեց այսպիսի արդյունքի:

 


1. ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 29 իր 917-Ա, որոշումով լուծարել է Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցը, որը ուներ 1665 ք.մ մակերես, 0.253 հա հողատարածք և շենքը գանահատվել է 8.359.000 դրամ:


Տեսեք՝ ինչ գնով է լուծարվել եռահարկ շենքը քաղաքի սրտում: Ի՞նչ է սա:


Կառավարության որոշումը («Երևանի Հրաչյա Աճառյանի անվան Հ. 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույք հանձնելու մասին) ունի շատ հետաքրքիր հիմնավորում`


Դպրոցը լուծարելու նախագիծը ներկայացրել է Արման Սահակյանը, որը գիտենք, որ Գալուստ Սահակյանի որդին է, և հանդիսանում է պետական գույքի կառավարման վարչության պետը:


2. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր 24.08.2013թ. թիվ 01/7-49629Հ գրությամբ տեղեկացրել է, որ նշված դպրոցի աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-իհետագա գործունեությունը գտնում է ոչ նպատակահարմար և կազմակերպությանն ամրացված  Մխիթար Հերացու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին տրամադրելու հարցում առարկություններ չունի:

Այսինքն՝ Երևանի քաղաքապետը, քանի որ դպրոցի աշակերտների թիվը նվազել է, չի առարկել և թույլ է տվել, որ դպրոցը նվիրեն նորահայտ ակադեմիային:


Հարցեր`

Արդյո՞ք կրթության ու գիտության նախարարը տվել է իր համաձայնությունը, որպեսզի դպրոց լուծարվի:

Քանի որ «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 15.1 կետով «համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների  վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ».


Արդյո՞ք Երևանի ավագանին կողմ է քվեարկել դպրոց լուծարելուն, թե Տարոն Մարգարյանը ինքն է որոշել միանձնյա:


- Ինչո՞ւ է դպրոցը քանդվել: Դրա մասին կառավարության որոշման մեջ չկա ոչ մի նշում:
Եթե վարձակալը իր հաշվին կատարում է ծախսեր, ապա նոր շենքը փաստորեն արդեն նրան է պատկանելու:


Փաստորեն դպրոցը լուծարելով ու քանդելով այն փաստացի օտարվել է:


Դպրոցը մինչև քանդվելը


Հրաչյա Աճառյան

Ցավալի է, որ մեր երկրում պետական չինովնիկները պարզ ընթացակարգերով կարող են լուծարել կրթօջախ այն հիմնավորմամբ, թե աշակերտների թիվը նվազել է: Եվ անգամ չեն մտածում, թե ինչի է նվազել:

Ոչ Ազգային ժողովի նախագահը, ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը, ոչ կրթության նախարարը դեմը չեն առել այս ապօրինության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել