Առավոտյան շատ շուտ ռադիոյով հետաքրքիր հաղորդում էի լսում` մարդու օրգանիզմում կուտակվող քիմիական նյութերի և դրանց բացասական ազդեցության, օրգանիզմը ներսից քայքայելու և մարդու մահն արագացնելու վերաբերյալ: Եվ ամենակարևորն այն էր, որ այդ քիմիական տարրերը հիմնականում առաջանում են նենգ, վատատես, դիմացինի մեջ թերություն փնտրող, տեղի-անտեղի քննադատող, անգյալ, ծանծաղասիրտ, աղքատիմաց, քրթմնջացող, դժկամ և փնթփնթան մարդկանց մոտ:
Ասածս այն է, որ նստած տեղը, բոլոր-բոլորին անուն կպցնելով, անգյալությամբ տառապելով ու չիմանալով, թե իրականում դու ինչ ես ցանկանում` կյանքդ չես բարելավի: Վեր կաց համակարգչի դիմացից, ստանձնիր պատասխանատվություն քո կյանքի հանդեպ, գարուն է, ծառ տնկիր, շքամուտքդ մաքրիր, հարևանիդ ժպտա, աշխատանք փնտրիր, եթե չունես` սկսիր թեկուզ ամենաանհրապույր գործից, ոչ պատվաբեր մասնագիտություններ չկան, սկսիր ու կհասնես քո ուզածին, համբերատար եղիր, «բիրդան աղա» չեն ծնվում: Բարեկեցությունը ստեղծում են, այլ ոչ թե գտնում: Անհաջողակներ չկան, կան անգյալներ ու շտապողներ: Սրա-նրա խելքին էլ մի ընկիր... Կառուցիր կյանքդ ու կտեսնես, թե որքան լավն են քո երկիրը, քո հողը, քո ընտանիքը, քո հարևանը, քո ենթական, քո ղեկավարը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել