Այս օրերրին Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղի է ունենում աննախադեպ տեղեկատվական պատերազմ: Երկու կողերից մենք ամեն ժամ, ամեն օր լսում և կարդում ենք տեղեկատվություն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Կողմերի լուսաբանումը նույն իրավիճակների մասին տարբերվում է հիմնովին. այնպիսի տպավորություն է, որ խոսքը միանգամայն տարբեր պետությունների, տարբեր իրադարձությունների մասին է: Մի կողմից Ղրիմի հանրաքվեն և պայքարը Կիևի դեմ Ռուսաստանը ներկայացնում է որպես պայքար ղրիմցիների կողմից իրենց ազատությունների և անվտանգության համար՝ ընդդեմ Կիևում իշխանությունը զավթած ֆաշիստական-ծայրահեղական խմբավորումների, իսկ մյուս կողմից Արևմուտքում այս ամենը ներկայացվում է ռուսական ագրեսիա՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այն բանից հետո, երբ Ուկրաինայում իշխանության եկան նոր, ժողովրդավարական եվրոպամետ գործիչներ: Մի խոսքով, երրորդ կողմի համար պատկերը անհասկանալի է:
Այսօր «WashingtonPost» պարբերականը տեղադրել է հոդված, որտեղ ասվում է, որ Ղրիմի թաթարները ահ ու սարսափի մեջ են ապրում այն մտքից, որ Ռուսաստանը «պատրաստվում է անեքսիայի ենթարկել Ղրիմը»: Նույնիսկ պատկերը ներկայացվում է այնպես, որ թաթարները գիշերները չեն քնում և հերթապահում են իրենց մզկիթների մոտ, քանի որ վախենում են ռուսական զորքից և առավել ևս վախենում են, որ իրենց կրկին կարտաքսեն «իրենց պատմական հայրենիքից»: Այս մասին թերթին իբր ասել է Տակտալի Ջամի (Taktali Jami) մզկիթի իմամ Մուսա Նազիզը: Այլ կերպ ասած, իրավիճակը ներկայացվում է այնպես, թե իբր համայնքն ամբողջությամբ դեմ է միանալ Ռուսաստանին, և թաթարների օրերը հաշված են այդ թերակղզում: Իսկ մեկ այլ ամերիկյան աշխարահռչակ լրատվամիջոցը` CNN-ը, Ղրիմում ապրող մի ռուս տղայի մասին օրերս պատրաստել էր մի ռեպորտաժ, ով դեմ էր արտահայտվում Ղրիմի` Ռուսաստանին միանալու հեռանկարին: CNN-ի հեռուստամեկնաբանը ռեպորտաժի վերջում եզրակացրեց, որ «Ղրիմի բնակչության մեծ մասը դեմ է Ռուսաստանին միանալու գաղափարին»:
Հիմա տեսեք, Ռուսաստանն իր հերթին այս օրերի ընթացքում ներկայացնում է բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցից «պարզ է դառնում», որ ղրիմցիների գերագշիռ մեծամասնությունը կողմ է դառնալ Ռուսաստանի սուբյեկտ: Ինչ վերաբերում է թաթարներին, ապա Ռուսաստանն ամենաբարձր մակարդակներով երաշխավորում է այդ համայնքի անվտանգությունը և խոստանում ազգային-մշակութային լիարժեք ինքնավարություն, եթե երկրամասի բնակչությունը գալիք հանրաքվեի արդյունքում որոշի միանալ իրենց «պատմական հայրենիքին»: Ըստ ռուսական մամուլի՝ թաթարների հետ որոշ թյուրըմբռնումը հարթելու համար երեկ տեղի է ունեցել նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ղրիմ-թաթարական մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևի հեռախոսազրույցը, որը գնահատվել է «շատ կառուցողական և արդյունավետ»: Կարճ ասած, ռուսների տեսանկյունից Ղրիմի թաթարներին, ըստ երևույթին, ոչինչ չի սպառնում և դեռ մի բան էլ նախատեսվում է, որը համայնքի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն կընդլայնվեն:
Դե այժմ ասացեք, թե ո՞ւմ հավատալ այս պարագայում: Սա, ի դեպ, շատ փոքր քաղված էր այն ահռելի տեղեկատվական հոսքից, որի տեմպն ու քանակը դեռևս չի նվազում: Անձամբ ես ոչ մի հիմք չունեմ որևէ մեկին նախընտրություն տալու համար, հետևաբար չեմ կարող ասել, թե ում ասածն է ավելի խելքին մոտ: Ասում եմ մի քիչ խելքին մետ, որովհետև վստահ եմ, որ երկու կողմերն էլ զբաղված են բացարձակ քարոզչությամբ: Ի դեպ, այս համատեքստում, կարծում եմ՝ պետք է ըստ արժանվույն գնահատել ռուսական կողմի աճը՝ համեմատած նախորդ տարիների հետ: 2008թ-ի վրաց-օսական պատերազմի ժամանակ ռուսները պատրաստ չէին դիմակայել Արևմուտքի տեղեկատվական գրոհին, իսկ այս օրերին նրանք հավասարը հավասարին պայքարում են իրենց «վիտուալ» կամ էլ «թվային» հակառակորդի դեմ:
Ինչևէ, վերադառնալով բուն թեմային, նշենք, որ միշտ էլ նման պարագայում ամեն մարդ ինքն է որոշում, թե որ կողմի հաղորդած լուրն ընդունի ի գիտություն և ձևավորի իր կարծիքը, բայց պետք է գիտակցել մի պարզ իրականություն, որ երկու կողմն էլ խաբում են և անում են դա առանց երկմտելու: