1in.am-ը գրում է.

Այսօր բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այսօր լրանում է նաև Չարենցի առաջին ժողովածուի՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», լույսընծայման 100-ամյակը: Բանաստեղծը, ցավոք, կարողացավ ստեղծագործել ընդամենը 25 տարի: Մեծ բանաստեղծի հին ու նոր կերպարների քննությանն այսօր անդրադարձավ գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Վերջինիս խոսքով` այսօր պոեզիայի ու գրականության մեծ տոն է, և ժամանակն է, որ Չարենցին ամբողջապես ճանաչենք: Գրականագետը այս առումով կարևորեց բանաստեղծի անտիպ ժառանգությունը:

Գրականագետի խոսքով` մեզանում թերևս չկա մեկ այլ հայ հեղինակ, որը այնքան հետաքրքրություն առաջացնի, որքան Չարենցը, սակայն նշեց, որ մեզանում դեռ մակերեսորեն են ճանաչում բանաստեղծին:

Ըստ բանախոսի՝ ինքը միշտ անակնկալի է գալիս՝ այս ինչ հզոր ուժ է այս բանաստեղծը:

«Այսօրվա գրական անդաստանում չենք գտնի մեկ այլ հեղինակի, որն այդքան ազդի գրականության վրա: Ահա դրանում է Չարենցի ուժը: Նրա մեջ որքան Աստվածն էր նստած, այնքան խորանում էր երկրի ընդերքը՝ ժամանակի տերն ու պատասխանատուն էր»,- ասաց գրականագետը:

Անդրադառնալով Չարենցի ստեղծագործությանը՝ գրականագետը նշեց, որ բանաստեղծն ունի ցանկացած հոգեվիճակ արտահայտող բանաստեղծություններ՝սիրային քնքուշ բանաստեղծություններից մինչև ահավոր ընկճվածություն արտահայտող:

Հարցին՝ ինչո՞ւ Չարենցը չունի համաշխարհային ճանաչում, վերջինս տվեց հետևյալ պատասխանը. «Ոչ թե մեր գրողներն են փոքր, այլ այն պատվանդանը, որի վրա կանգնած ենք»: 

Վերջինս նաև ցավով նշեց, որ «չարենցագետներից շատերը» Չարենցին հարմարեցնում են իրենց:

Գրականագետը հայտնեց, որ դեռ կան անտիպներ, որոնք սպասում են տպագրության: Ինչ վերաբերում է վերջին շրջանում բանաստեղծի էրոտիկ բանաստեղծություններին, գրականագետը նշեց, որ «շատերի համար չամբողջացած Չարենցն է ամբողջական»:

«Էրոտիկ բանաստեղծությունները ամենևին Չարենցի հարգը չեն գցում: Էս մարդը բոլոր ձևերին դիմում էր՝ դա ապտակ էր ստալինյան ժամանակներին»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է շատերին հետաքրքրող հարցին, թե այնուամենայնվիվ՝ որտե՞ղ է մեծ բանաստեղծի գերեզմանը, Գասպարյանը նշեց, որ փաստեր կան, թե որտեղ է գերեզմանը, բայց հարազատները՝ Արփենիկ Չարենցի գլխավորությամբ, դեմ են գերեզմանատեղը հայտնաբերելու աշխատանքներին, վերջիններս ցանկանում են, որ դա առեղծված մնա: Նա հայտնեց, որ գերեզմանի հայտնաբերման աշխատանքները դադարեցված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել