Ուկրաինայի գործող վարչապետ Արսենիյ Յացունյուկը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի հետ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Թեմային անդրադարձել է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` ասելով, որ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հաջորդ շաբաթ Եվրամիության խորհրդի նիստի ընթացքում: Սակայն հարկ է նշել, որ ինչպես ասել են վերը նշված պաշտոնյաները, ստորագրվելուց ստորագրվելու է միայն համաձայնագրի քաղաքական մասը: Այնպես որ, Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագիրը (DCFTA), կարելի է ասել, որոշ ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, անցնում է պատմության գիրկը: Իսկ ինչպես հիշում եք, Յանուկովիչը կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը հենց տնտեսական բաղադրիչի պատճառով, որին հետևեց այն, ինչ մինչ այժմ կատարվում է Ուկրաինայում` քաոսը: Մի՞թե այս ամենը հնարավոր չէր կանխել: Իհարկե, հնարավոր էր: Ասեմ, թե ինչպես:
Մինչ Ուկրաինայի հրաժարվելը Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանը ևս կանգնեց այս խնդրի առջև՝ չնայած որ, փառք Աստծո, մեզ մոտ չեղան այնպիսի զարգացումներ, որպիսին որ մենք տեսնում ենք այժմ Ուկրաինայում: Հայաստանն այն ժամանակ կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը՝ իր ամբողջ գունապնակով, բայց փոխարենը ամենաբարձր մակարդակներով ԵՄ-ին առաջարկեց ստորագրել այդ համաձայնագրի քաղաքական բաղադրիչը` այդպիսով բալանսավորելով մեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Իսկ ԵՄ-ն այդ առաջարկին արձագանքեց շատ կոշտ և հստակ` ասելով, որ համաձայնագիրը բաղկացած է քաղաքական և տնտեսական բաղադրիչներից և միասին մեկ ամբողջություն է և հետևաբար հնարավոր չէ ստորագրել պայմանագրի ընդամենը մեկ մասը: Կարճ ասած, մեզ կանգնեցրեցին երկընտրանքի առջև, և մենք ստիպված արեցին մենք ընտրությունը և արեցինք դա հօգուտ Մաքսայինի:
Պարզ ասած, ԵՄ-ի «ագահության» պատճառով և աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով` տակնուվրա արվեց շուրջ 50.000.000-անոց մի հսկայական պետություն: Դեռ այսքան զոհողություններից հետո, և այն բոլոր տնտեսական զրկանքներից հետո, որոնք դեռ պետք է կրի Ուկրաինայի ժողովուրդը, ԵՄ-ն այժմ խոսում է համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի ստորագրման մասին: Բա ո՞ւր մնաց այժմ եվրոպացիների սկզբունքայնությունը, որը դրսևորվեց Հայաստանի նկատմամբ:
Ի վերջո, մի՞թե արժեր, որ Ուկրաինան հայտնվեր այս իրավիճակում մի համաձայնագրի պատճառով, որը ԵՄ-ը ստորագրել է, օրինակ, Եգիպտոսի, Հորդանանի, Թունիսի կամ էլ Ալբանիայի հետ: Կարծում եմ՝ ոչ: Նաև կարծում եմ, որ Հայաստանի առաջարկը պետք է ընդունվեր ԵՄ-ի կողմից և վերջ դրվեր այս աշխարհաքաղաքական հակամարտությանը, բայց փոխարենը Արևմուտքը գերագնահատեց իր ուժերը և ձեռնարկեց տնտեսական էքսպանսիա դեպի Արևելք: Իսկ այժմ ունենք այն, ինչ ունենք:
Հ.Գ. Հետաքրքիր է իմանալ՝ այսքանից հետո արդյո՞ք Հայաստանին ևս կառաջարկվի ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, թե՝ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս կարձագանքի դրան Հայաստանը: