Յաճախ ենք լսում՝ «40 տարուայ բարեկամս է»: Այդ նշանակում է՝ նա հաւատարիմ է քեզ, չի խաբի, օգնութեան կը հասնի դժուար պարագաներում, մի խօսքով, վստահելի է միշտ, ու որպէս կայուն դրամագլուխ՝ պահ է դրուած ընկերների քո «բանկային հաշւում»:
Բնական է, որ գալիս են նորերը՝ առանց ընկերութեան տարիներ շալակելու ու միանում են հներին: Նորերի մէջ կարող է լինել այնպիսին, ով հէնց սկզբից արդէն յայտնի է, որ օժտուած է ազնիւ բարեկամ դառնալու բոլոր յատկանիշներով, միգուցէ շատ մտերմութիւնը կ՛ուշանայ, սակայն պէտք լինելու դէպքում կը հասնի քեզ՝ ինչ էլ որ լինի: Տարիներ չունի այս բարեկամութիւնը, բայց ծանօթացման վայրկեանից արդէն դուք զգում էք այդ անկեղծ կապը:
Ուրեմն ի՞նչ եղաւ ժամանակը, ո՞ւր մնացին տարիները, այն տարիները, որի ընթացքում շատ վեր ու վար էր արել 40 տարուայ բարեկամութիւնը՝ երբեմն փակելով դռներն իրար առջեւ, երբեմն էլ՝ չափազանցուած գրկախառնուելով:
Մարդու տեսակն է որոշողը անկեղծ բարեկամութիւնը, իրար հաւանելու, ընդհանուր կէտեր ունենալու երեւոյթը, իսկ տարիների քանակը դառնում է մի քանակական ածական, որ շռայլանք ու փայլք է տալիս բարեկամութեանը, որն ունի 40 կամ այլ տարիների պատմութիւն:
Կան բարեկամութիւններ՝ առանց տարիքի:

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել