Ես երբեք չեմ հավատացել վիրտուալ սիրուն : Եվ չնայած նրան , որ մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի քեզ , մեկ է ,  էլի չէի հավատում :
 Դու իմ կյանքում հայտնվեցիր այնքան անհասկանալի ու աննկատ, ինչքան արագ ու աննկատ   խոհանոցում՝ տուփի միջից վերջանում է սուրճս :  Հայտնվեցիր ինչպես հասարակ մի մարդ, որին ես առանց վարանելու կարող էի  սուրճի հետ համեմատել:
Բայց հետո կատարվեց... Ինչ-որ մի բան :  Ու իմ կյանքը բաժանվեց երկու մասի . երբ դու ՛՛օնլայն՛՛  ես  ու  երբ դու ՛՛օնլայն՛՛ չես : Ես, անկեղծ ասած , քո՝ սուրճի նման իմ կյանքում աննկատ հայտնվելուց հետո սկսեցի ատել  ՛՛օֆլայն՛՛ բառն ու այդ երևույթը  :  Սկսեցի ատել ցանկացած րոպեն, որտեղ դու չկաս :
Ու կիսվեց իմ կյանքը  : Ուղղակի կիսվեց : Երբ դու կաս ու երբ դու չկաս : Ամեն ինչ պարզ ու  հասարակ էր : Նույնիսկ ՝ պարզունակ : Սա ինձ, գրողը տանի , դուր էր գալիս :
Ես քեզ կարող եմ պատմել  իմ ու քո բոլոր հանկարծակի հանդիպումների մասին, որոնք տեղի էին ունենում գլխումս :  Կարող եմ  նույնիսկ ասել , որ մեր այդ հանդիպումներում շատ եմ սիրում  մատներով խաղալ մազերիդ  հետ ու ափով շոյել ճակատդ : Ուղղակի խենթանում եմ : Ես քեզ կարող եմ պատմել քո ձեռքերի մասին  , քո բնավորության ու սովորությունների մասին :   
Ես գիտեմ, որ երբ դու ժպտում ես, աչքերիդ անկյունում  գծիկներ են հայտնվում : Գիտեմ, որ  հոգնած ժամանակ չես սիրում, երբ ես  շատախոսում եմ :
Գիտեմ , որ տանը ոտաբոբիկ ես քայլում , որ սուրճը խմում ես գոլ վիճակում  , որ ատում ես ձեր  չորրորդ հարկի հարևանին , որ  սիրում ես ծխել ու օրական միքանի տուփ  ծխախոտ ես ՛՛ուտում ՛՛ : Գիտեմ, որ քնելուց առաջ թաքուն երազում ես : Գիտեմ, որ նախկին ընկերուհուդ մեջ քեզ դու էր գալիս նրա մազերի գույնը : Գիտեմ, որ քո վերնաշապիկները կախված են  զգեստապահարանիդ աջ հատվածում : Ես քո մասին գիտեմ այն, ինչ իրոք հարկավոր է : Ու ՝ կարևոր :  Այս մանրուքներն ինձ համար իրոք կարևոր  են :
Իմ ապրելակերպը ևս բաժանվել էր երկու մասի . հատված, որը պիտի պատմեմ քեզ  ու հատված, որը պիտի չպատմեմ : Երկրորդ հատվածը, թերևս , արդեն անհետաքրքիր էր ինձ համար :  Ես  անում էի ամենը, որ կյանքիս առաջին հատվածը հետաքրքիր անցնի . չէ՞ որ երեկոյան պետք է պատմեմ քեզ :
 Հետո ՝ երեկոյան,  գալիս ու հարմար տեղավորվում էի մեր չաթային պատուհանիկում : Խոսում էինք, խոսու՜մ....
Ես կարոտում  էի քեզ : Շատ էի կարոտում :  Ես անհամբեր սպասում էի երեկոյան ժամին, որ գամ ու խոսենք : Գամ, որ պատուհանիկի սահմաններում իրական լինենք : Կարոտում էի...ու կարոտում եմ :
Կարոտում եմ, որովհետև ոչինչ չի փոխվել : Իմ կյանքը մինչև հիմա բաժանված է երկու մասի. դու կաս , կամ ՝ դու չկաս : 
Ես էլի փորձում եմ  անգիր անել քո  սովորությունները : Քնելիս մտածում եմ ձեռքերիդ մասին . հատկապես՝ ափերիդ : Տեսնես ափերիդ մեջ եղած գծերն ի՞նչ դասավորվածություն ունեն : Սա կարևոր է, սա շատ կարևոր է ինձ համար : Միգուցե մի օր պատմես ափերիդ մասին : Ես կսպասեմ : 
Ոչ մի ձևական ռոմանտիկա, ոչ մի սպասումներ . ինձ քեզնից ոչինչ հարկավոր չէ :  Ես ունեմ քո ափերը, ես  ունեմ  աչքերիդ մոտ ՝ ժպիտից հայտնված գծիկները : Ես գիտեմ, թե որտեղ են կախված քո վերնաշապիկները : Ես ցանկացած պահի կարող եմ վերընթերցել մեր նամակները (եթե անկեղծ լինեմ՝ պիտի ասեմ, որ մեր նամակները վերընթերցելով գիշերներ եմ լուսացրել)  : Ու ես միշտ...միշտ զգում եմ, երբ դու քեզ վատ ես զգում : Ես ոչինչ չեմ ասում, բայց ՝ զգում եմ : Սա , թերևս , ամենակարևորն է : Ես ուղղակի զգում եմ քեզ : Ու դու , չնայած որ գտնվում ես վիրտուալ տիրույթում , ամենաիրական մարդն ես ինձ համար :  Չէ ՞ որ դու  միակն ես , ով ասել է ինձ, որ տանը ոտաբոբիկ է շրջում : Դու նույնիսկ չգիտես, թե սա ինչ  կարևոր է :
Ու վիրտուալ տիրությում մինչև ականջներիս ծայրը սիրահարված եմ քեզ , չնայած որ, գրողը տանի, չեմ ընդունում  :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել