Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա է ներկայացրել մի նոր օրինագիծ, որ քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար: Այսպիսով՝ այս նոր օրինագծի համաձայն՝ խորհրդային նախկին հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց քաղաքացիությունից: Ըստ օրինագծի՝ այս ամենի համար բավարար կլինի ընդամենը հանձնել ռուսաց լեզվի քննություն:
Տեսեք, սա իբր կապվում է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ, բայց փաստորեն անդրադառնալու է նաև պոստսովետական մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանի վրա:
Կարելի է վստահ ասել, որ այն հարյուր-հազարավոր արտագնա աշխատողները, ովքեր ամեն տարի մեկնում են Ռուսաստան աշխատելու, Ռուսաստանի պոտենցիալ քաղաքացիներ են: Դժվար թե Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը, լինեն դրանք օրինական, թե՝ ոչ, օրինական բնակվողներ և աշխատողներ, այս տարիների ընթացքում ռուսերեն չսովորեին: Ես վստահ եմ, որ շատերն առանց աչքները թարթելու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից, և ձեռք կբերեն Ռուսաստանի քաղաքացիություն՝ մեծացնելով իրենց՝ ավելի բարենպաստ պայմաններով աշխատելու շանսերը, էլ չեմ խոսում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում և «տեխնիկապես» հնարավորություն ունեն դառնալ Ռուսաստանի քաղաքացիներ: Պատկերացնո՞ւմ եք, թե Ռուսաստանը գրչի մեկ հարվածով ինչ ճակատագրական և առանցքային կարևորություն ունեցող որոշում է կայացրել Հայաստանի համար՝ թեկուզ անուղղակիորեն:
Ի՞նչ կարելի է ասել Ռուսաստանին այս պարագայում: Իրավիճակն այնպիսին է, որ այսօրվա դրությամբ մենք՝ հայերս, նստած ահ ու դողով սպասում ենք, թե երբ պետք է ավարտվի Ուկրաինայի ճգնաժամը, և բնավ ոչ այն պատճառով, որ շատ ենք անհանգստանում այդ երկրում ապրող մարդկանց մասին: Բանն այն է, որ այդ ճգնաժամի պատճառով ռուսական ռուբլին գնալով արժեզրկվում է, իսկ ռուբլու և առհասարակ Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող ցանկացած երևույթ ուղղակիորեն անդրադառնում է մեր պետության կայունության վրա, քանի որ երկիրը գոյատևում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին:
Ամենամեծ դժբախտությունն այն է, որ Հայաստանն այնքան խոցելի է, որ Ռուսաստանի կողմից ցանկացած որոշում ուղղակիորեն անդրադառնում է մեզ վրա՝ անկախ նրանից՝ դա ուղղված է մեզ, թե՝ ոչ: Կարծում եմ՝ ժամանակն է Արթուր Բաղդասարյանին մեկ անգամ ևս գործուղել Ռուսաստան: Թող այս անգամ էլ գնա և խնդրի, որ այս որոշումը ևս չանդրադառնա Հայաստանի վրա, ինչպես որ այժմ մեզ վրա չի անդրադառնում Ռուսաստաի միգրացիոն նոր օրենքը: Թող անպայման գնա և խնդրի, քանի որ տվյալ օրենքը Հայաստանի համար կարող է դառնալ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք: