1in.am-ը գրում է.

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը:

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարան է ներկայացրել դիմում՝ նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ վերջինս ունի այլ դատական նիստ և ապա մեկնում է արտերկիր՝ վերապատրաստման դասընթացների: Հաջորդ դատական նիստին տվյալ գործով կներգրավվեն երկու փաստաբաններ՝ Ֆրանսիայից, ովքեր Հայաստան կժամանեն մարտի 25-ին, կհավատարմագրվեն փաստաբանների պալատում և կծանոթանան սույն քրեական գործի նյութերին:

Դատական նիստը հետաձգվեց մարտի 28-ին, ժամը 14:00-ին:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ չորս պաշտպաններից գոնե մեկը կարող էր ներկա գտնվել դատական նիստին, և այստեղ, ըստ նրա, դատական գործընթացը երկարաձգելու միտում կա: 

«Ես գտնում եմ, որ միևնույն ժամանակ պաշտպանական կողմը իր գործողություններով անտեսում և խախտում է տուժող կողմի իրավունքները և պատճառում լրացուցիչ ցավ՝ ինչպես բարոյական, այնպես էլ ֆիզիկական՝ նկատի ունեմ Տաթևիկ Հակոբյանի լիարժեք քայլել չկարողանալը: Պաշտպանի չներկայանալու պատճառները անհիմն են»,- ասաց նա:

Վարդան Պետրոսյանը դիմեց տուժող կողմին, ուզում էր խոսել, սակայն դատավորը նրան խոսելու հնարավորություն չտվեց:

Տուժող կողմի ներկայացուցիչներից Արեգ Հակոբյանը դատարանում՝ դիմելով Վարդան Պետրոսյանին, ասաց. «Ավելի լավ կլինի էդ ուռոդը վաբշե չգա», ինչից հետո դատավորը նրան կարգի հրավիրեց՝ հիշեցնելով, որ իրավունք չունի դատական նիստը խանգարելու:

Հակոբյանները վրդովված դուրս եկան դատարանից: 

«Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց Հակոբյաններին՝ արդյոք միտո՞ւմ են տեսնում դատական նիստը հետաձգելու մեջ. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել, ժամանակը ցույց կտա:

Հակոբյանները դատարանի մոտ տևական ժամանակ կանգնել էին, զրուցում էին պաշտպանի հետ, և երբ անցավ Վարդան Պետրոսյանին ուղեկցող մեքենան, գոռացին՝ դու ինքնասպան պետք է լինես:

Իսկ դատարանում նրանց վրդովեցրել էր Վարդան Պետրոսյանի հագուստի գույնը, որը ըստ նրանց՝ բաց էր:

Տեսանյութը՝ ավելի ուշ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել