Lurer.com-ը գրում է.
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կմասնակցի Բեյրութի Al Bustan միջազգային փառատոնին: Մարտի 17-24-ը ՀՊԵՆ-ը կդառանա փառատոնի պաշտոնական նվագախումբը և ելույթներ կունենա բազմաթիվ անվանի մենակատարների հետ: Համերգային ծրագիրը կընդգրկի դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կհրամցնեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտները:
«Բեյրութի փառատոնին մասնակցում են լավագույն մենակատարները: Այնտեղ կկատարենք Բեթհովենի թիվ 6 և 9 սիմֆոնիաները, ինչպես նաև շատ այլ գործեր: Իտալիայից հատուկ հենց այդ առիթով Բեյրութ է գալիս մեկ այլ երգչախումբ»,-նշեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Սմբատյանն ընդգծեց, որ նվագախումբն ակտիվ գործունեություն կծավալի ողջ տարվա ընթացքում: Օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում որոշվեց, որ «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՀԿ-ն այսուհետ կգործի որպես ՊՈԱԿ:
«Ես կարծում եմ, որ նվագախմբի համար դա ևս մեկ ձեռքբերում է: Մենք արդեն ֆինանսապես ապահոված վիճակում ենք: Մենք ամեն կերպ ձգտում ենք, որ ամեն ինչ լավ լինի: Նվագախումբը շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Շատ հրավերներ ունենք: ՀՊԵՆ-ն պահանված է, ինչը բոլորիս մեծագույն հաղթանակն է»,-ընդգծեց Սմբատյանը:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարն ափսոսանք հայտնեց, որ այսօր շատ դժվար է Հայաստանից մեկնել հյուրախաղերի, որովհետև ֆինանսական միջոցները չեն բավարարում, և հրավիրող կողմը հիմնականում ապահովում է ամեն ինչ` բացի ճանապարհածախսից: «Հույս ունեմ, որ ինչպես նախորդ տարի, 2014-ը ևս բացառություն չի լինի, և շատ համերգներ ու հյուրախաղեր կունենանք»,-եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:



