Որպես International Media Holding-ի գլխավոր խմբագիր՝ հարկ եմ համարում հրապարակային անդրադարձ կատարել հակաֆեյքային հորջորջվող օրինագծի և նրա խոցելի կետերի վերաբերյալ:
«Ֆեյքերի մասին» պայմանական անունը ստացած օրենքի նախագիծը հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Ես ևս այս կամ այն կերպ ներգրավված եմ որոշակի քննարկումների մեջ, ուստի ցանկանում եմ առայժմ առանձնացնել հետևյալը:
Նախ, չեմ կիսում նախագծի հեղինակների հավաստիացումները, որ առաջարկվող նախագիծը նպատակ չունի սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը: Ի վերջո, այն վերաբերվում է ԶԼՄ-ներին, մշակվել է կամայականորեն, և լրագրողական համայնքի հետ քննարկումները սկսվել են բացառապես մտահոգությունների բարձրաձայնումներից հետո: Ընդ որում, դա արվում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր խորհրդարանից լրատվամիջոցներ է ներմուծվում այնպիսի բառամթերք, որը մինչ այժմ ոչ մի լրատվամիջոց կամ օգտատեր հրապարակայնորեն չի օգտագործել: Հարգելի պատգամավորներ, ինչպիսի՞ պատասխանատվության նախադեպ եք ստեղծել ինքներդ մի կառույցում, որտեղ գործունեություն եք ծավալում: Ինձ համար անհասկանալի է, ասենք, այսպիսի հնարավոր իրավիճակը. դիցուք, արդարադատության նախարարի մասին որևէ հրապարակման տակ 500 օգտատեր, որոնք դժգոհ են նախարարի գործունեությունից, մեկնաբանություններում օգտագործում են հայտնի բառապաշարը, որը օգտագործվեց խորհրդարանական քննարկումների ժամանակ, և նախարարը, ենթադրենք, պահանջում է հեռացնել դրանք: Լրատվամիջոցները ծանր երկընտրանքի առաջ են կանգնում, հայտնի բառն, անշուշտ, վիրավորական է, սակայն ներառված է պառլամենտական բառապաշարում: Եթե խորհրդարանը իրավական գործընթաց չի ձեռնարկել իր անդամների վիրավորական արտահայտությունները իրավական հետևանքի վերածելու ուղղությամբ, ինչու այդպիսի պարտավորություն պետք է ստանձնի լրատվամիջոցը՝ սահմանափակելով իր ընթերցողի՝ ազատ արտահայտվելու իրավունքը:
Պահանջը՝ 12 ժամվա ընթացքում, վիրավորվողի պահանջող, հեռացնել վիրավորական գրառումը, տարօրինակ է: Մարդկային բնավորությունները տարբեր են, և մարդը կարող է վիրավորվել ամենաչնչին որակումներից և ԶԼՄ-ից պահանջել հեռացնել գրառումը: Ինձ համար առ այժմ անհայտ է՝ լրատվամիջոցը ու՞մ պետք է հղում անի՝ հասկանալու համար՝ վիրավորակա՞ն է այդ գրառումը, թե՝ ոչ: Պետք է ենթարկվի վիրավորվողի կամայական որոշմա՞նը, թե առաջնորդվի որոշակի մեթոդաբանությամբ՝ մերժելու կամ կատարելու համար վիրավորվողի պահանջը: Ինչպես կարող ենք հասկանալ՝ որտեղ են սկսվում և որտեղ են ավարտվում լրատվամիջոցների, օգտատերերի և նրանցից վիրավորված անձանց իրավունքները:
Ինչ է մեզ տալիս այս աղմուկն ու անպտուղ քննարկումները: Մեծ հաշվով հասկանալի է, որ փորձ է արվում սահմանափակել լրատվական դաշտ տարաբնույթ օգտատերերի կողմից ներմուծվող տեղեկատվությունը՝ այս կամ այն պաշտոնյայի մասին: Նախագծի հեղինակները իրենց այս ցանկությունը այնպես են լղոզել իրավաբանական ձևակերպումներով, որ ստացվել է իսկական շիլաշփոթ: Ընդ որում, նախագծի հեղինակներից մեկը հենց Արմեն Ռուստամյանն է, որի թեթև ձեռքով հայկական լրատվական դաշտ ներմուծվեց հայտնի հայհոյանքը: Հետաքրքիր է՝ օրենսդիրները այդ բառը մեկնաբանում են որպես հայհոյա՞նք, թե հղում են կատարում մեղմիկ բառարաններին:
Կողմնակից լինելով ցանկացած ողջամիտ քննարկման, չբացառելով հետագա քննարկումներին մասնակցելու հնարավորությունը՝ նախագծի հեղինակներին կոչ եմ անում ՀՀ ԱԺ-ում ոչ պառլամենտական բառերի արտանետումներին տալ իրավական գնահատական: Հակառակ պարագայում ստացվում է, որ դուք նախագիծ եք մշակում այն բառապաշարի՝ լրատվամիջոցներով արծարծման դեմ, որն ինքներդ լեգիտիմացրել եք հայոց խորհրդարանում: Չեմ խոսում այն «չնչին» վիրավորանքների մասին՝ իդիոտ, դհոլ, խլուրդ և այլն, որոնք վաղուց թևածում են հայ քաղաքական երկնակամարում: Սա կարող եք ընդունել անգամ որպես քննարկումների ծավալման սկզբնակետ, կամ, որ մի քիչ կարող է կոպիտ հնչել, նախապայման...
Վերջում ուզում եմ հիշեցնել գործընկերներիցս մեկի կողմից արված դիպուկ կանխատեսումը՝ ֆեյքային օֆշորների մասին: Մի ստիպեք, որ հայրենական արտադրության էկոլոգիապես մաքուր հայհոյանքները արտահանվեն կիպրոսյան հեռուներ և հետ վերադառնան՝ այլ ակցենտով:
Ի վերջո, յուրաքանչյուր մարդ Ձեր անունից կարող է Կիպրոսում ֆեյսբուքյան հաշիվ բացել: Պատմությունը մեզ այդպիսի թարմ, ուսանելի օրինակներ է տվել:
Ամեն...