Գրառումը արվում է ՛՛Ամեն ինչ ոչնչի մասին՛՛ բլոգի ֆեյսբուքյան էջի  600-րդ  ՛՛լայք՛՛ կոճակը սեղմող  Մարինա Մինասյանի  առաջարկված թեմայի համաձայն ՝որպես  փոքրիկ ՛՛նվեր՛՛  600-րդ մասնակցին =)  Շնորհակալ եմ ուշադրության ու բլոգս ընթերցելու  համար Մարինա ջան, հուսամ, որ գրառումը կհավանեք :

 ***




 Ժամանակի թեմային ես շատ եմ անդրադարձել  և  առանձին  գրառումներով, և ենթավերնագրերով ու այլ գրառումներում անընդհատ նրա մասին հիշեցնելով: Իմ  գրառումներից արդեն իսկ կարելի է հասկանալ, որ ես  գնահատում եմ ժամանակի գործոնն ու  նրա չափազանց կարևոր  դերը մեր կյանքում: Շատ հաճախ թե բլոգում ու թե կյանքում կրկնում եմ, որ ՝

Ժամանակը մեր լավագույն ընկերն է, երբ նրան ճիշտ ու արդյունավետ ենք ծախսում : Բայց կդառնա համար մեկ թշնամին, եթե շահագործենք այդ ընկերությունը:

 Մարդիկ հետաքրքիր են իրենց պահվածքով .  եթե մարդուն առաջարկես  գումար, հողատարածքներ, ապա նա  կընտրի հնարավորինս շատ փող, կլայնացնի իր  հողատարածքը, կձգտի հնարավորինս շատ  բան ունենալ:
Իսկ ժամանակի հարցում...մենք անփույթ  ենք: Մեր ունեցած հարստությունը ընդարձակելու փոխարեն  ՝ հնարավորինս  փոքրացնում ենք ծավալն ու խեղդում նրան: Մինչդեռ չենք էլ գիտակցում, որ  ժամանակը մեր ունեցած ամենամեծ կապիտալն է:
Մենք կառավարում ենք մեր  գումարը : Լավ աշխատենք՝ շատ գումար կունենանք: Ծախսենք՝ կսնանկանանք: Մեր կապիտալը մեր ձեռքերում է լինում ու  ինքներս ենք որոշում նրան ինչպես օգտագործել:
Իսկ ժամանակը....
Մարդիկ մի պարզ բան չհասկացան . ժամանակը չի սիրում օրենքներ, ժամանակին չես կարող ոչ կանգնեցնել ու ոչ էլ  փորձել սանձել : Ժամանակն առաջարկում է շփման միայն մեկ տարբերակ՝ ազնիվ  ընկերություն : Ընկերացիր ժամանակի հետ ու նա քեզ  կտա շատ հնարավորություններ :  Մի մոռացիր նրա կարևորության մասին, նրան խելամիտ ծախսիր , կանոնակարգիր օգտագործվելիք ժամանակը ունա  միշտ քո կողքին կլինի ,  երբեք քեզ թիկունքից չի հարվածի  : Հենց փորձես սանձել նրան կամ  խաղից դուրս օրենքներ սահմանել՝  կխեղդի քեզ :  Կխեղդի վայրկենական ու այնպես արագ,որ չես էլ հասցնի գիտակցել եղածը : Կամ  հավասարը հավասարի նման ընկերություն , կամ ՝  ոչինչ :
 Բոլոր հաջողակ մարդկանց միավորում է մեկ բան . սպասելու ընդունակությունը:  Կշռադատված, պետք եղած ժամանակ երկար համբերող ու սպասող մարդիկ են հասնում հաջողության, տաք գլխով մտածողներին, ցավոք, հաջողությունը կամ չի ժպտա, կամ էլ մասամբ կժպտա:
 Գիտե՞ք ինչու:
 Որովհետև ոչինչ չի կարելի անբնական արագացնել :
 Կարելի է քայլել դինամիկ ու համաչափ արագ քայլերով : Բայց երբ մենք   սկսում ենք արհեստականորեն արագացնել մեր քայլերը, մեր  քայլքը փոխակերպում է ոչ թե  թեթև վազքի, այլ  փութկոտ քայլաձևի,որի վերջը անպայման սայթաքելն ու ընկնելն է : Համաչափ  արագ քայլելուն պետք է սովորել ժամանակի ընթացքում: Ափսոս, որ մարդիկ սիրում են դեռ քայլել չսովորած միանգամից վազել :  Վազքը կարող է ստացվել , բայց այն շատ կարճ կտևի : Իսկ սայթաքումները բավականին ցավոտ են լինում, հատկապես, երբ նրանց ետևում ժամանակն է կանգնած : Արհեստականորեն արագացված ժամանակի պատճառով սայթաքումը ամենացավոտն  է լինում , որովհետև ժամանակը միշտ առաջ է գնում, իսկ դու արդեն իսկ կոտրված ընկել ես  հատակին : Նա վազում է առաջ, իսկ դու  մնացիր : Կարճ հաղթանակ ՝ արագ վազք: Արդյո՞ք դա է մեզ պետք : Համոզված չեմ...

Հենց այդ իսկ պատճառով երբեք մի փորձեք ժամանակի համար բռնապետ դառնալ : Թույլ տվեք իրադարձություններին հանգիստ առաջ գնալ իրենց հունով,  արհեստականորեն պետք չի ոչինչ  արագացնել :
Մեզ թվում է, որ միայն մեզ է պետք ժամանակ ,որ մտածենք ու կշռադատենք:
Իրականում.... Նույնիսկ ժամանակին է ժամանակ հարկավոր ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել