ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Սպառողների շրջանում բազմաթիվ են դժգոհությունները՝ կապված կենցաղում շատ պահանջված էլեկտրական լամպերի հետ, քանի որ դրանք գրեթե չեն ծառայում նպատակին: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ պատճառը օրենսդրությունն է, որը պարտադիր սերտիֆիկացում չի ենթադրում: Ըստ նրա՝ եթե նախկինում ապրանքները պարտադիր փորձաքննություն էին անցնում ու սերտիֆիկացվում հենց սահմանին՝ մաքսազերծվելուց առաջ, ապա այժմ այլ կարգ է գործում:
«Ներմուծման պահին պարտադիր չէ ապրանքի որակական և օրինականության սերտիֆիկացման մասին փաստաթուղթը: Դա պարտադիր է լինում դեպի խանութներ իրացնելու ժամանակ»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Հենց այս փոփոխությունն էլ, ըստ նրա, բերում է անվերահսկելիության: «Արդյունքը հետևյալն է՝ էլեկտրական լամպերի փաթեթավորման վրա չկա տեղեկություն ո՛չ դրանց ծագման, ո՛չ սերտիֆիկացման, ոչ էլ` որակական ցուցանիշների մասին: Ո՞ր սպառողի մտքով կանցնի պահանջել ապրանքի սերտիֆիկատը»,- հարցնում է Ա. Պողոսյանը:
Էլեկտրական լամպերի վերահսկողությամբ պետք է զբաղվի ՀՀ էներգետիկայի նախարարության ստորաբաժանում հանդիսացող շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: Սակայն ի՞նչ վերահսկողության մասին կարող է խոսք լինել, երբ վերջին անգամ շուկայում ստուգումներ իրականացվել են 2008-2009 թթ.:
Ավելացնենք նաև, որ Ա. Պողոսյանը համապատասխան նամակ է գրել Էկոնոմիկայի նախարարին և քաղաքապետին՝ առաջարկով կազմակերպել էլեկտրական լամպերի փորձաքննություն և պարզել, թե դրանք ինչպես են հայտնվում մեր երկրում: Պատասխան, սակայն դեռ չի ստացել:
«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել