«Բանանի գինը Հայաստանում անցած տարվա վերջից սկսեց բարձրանալ։ Իսկ անցած հանգստյան օրերին կտրուկ թռիչք արձանագրեց և հիմա մեր խանութներում մեկ կիլոգրամ բանանի գինը արդեն հազար դրամ է։ 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բանանի գնի բարձրացումը դեռ շաբաթներ առաջ գրավել է հանձնաժողովի ուշադրությունը, և իրենք որոշակի տեղեկատվություն են պահանջել բանանի ներկրմամբ զբաղվող «Քեթրին» ընկերությունից՝ հասկանալու համար, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը։

Ըստ Արամ Սահակյանի, սպասվում է, որ այդ ընկերությունից իրենց պահանջած տեղեկատվությունը կստացվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում։ «Քեթրին»-ը, ըստ էության, միակ բանան ներկրող ընկերությունն է։ Այս ընկերությունում մեր հարցերին չպատասխանեցին։ Լսելով հարցերը՝ վերցրեցին մեր հեռախոսահամարը և խոստացան հնարավորության դեպքում զանգահարել և մեկնաբանություններ տալ, սակայն երեկվա դրությամբ մեկնաբանություններ ստանալ այդպես էլ չհաջողվեց։

Հայաստանում վաճառվող բանանը աշխարհում ամենաթանկերից մեկն է։ Օրինակ՝ Եվրոպայում մեկ կիլոգրամ բանանի մանրածախ միջին գինը մեկ եվրո է կամ 570 դրամ։ Առանձին դեպքերում, օրինակ՝ թանկ սուպերմարկետներում, բանանը արժե առավելագույնը 1.5 եվրո։ Ռուսաստանում այն արժե 1.2-1.3 դոլար։ Նույնքան արժե Վրաստանում։ Իսկ Հայաստանում, ինչպես նշեցինք, ամենաքիչը 2 դոլարի սահմաններում է, իսկ հիմա 2.4 դոլար։

Ավելացնենք նաև, որ Հայաստանում բավական մեծ քանակությամբ բանան է սպառվում։ Անցած տարի, օրինակ, Հայաստան է ներկրվել 9 հազար 880 տոննա բանան։ Բայց պետք է արձանագրել, որ 2012 թվականին ներկրվել էր 12 հազար 500 տոննա։ Այլ կերպ ասած՝ միայն մեկ տարվա ընթացքում բանանի ներկրումը Հայաստան նվազել է մոտ 21 տոկոսով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել