ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Մեր երկրում իր առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը իր գոհունակությունն էր հայտնել ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ: Նա նշել էր, որ հանձնաժողովից ակնկալվող դրական արդյունքները տեսանելի են և ակնհայտ: 
Ի տարբերություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ղեկավարի` «Սպառողների միության» նախագահը ՏՄՊՊՀ-ի գործունեությունը գնահատում է անարդյունավետ: «ՏՄՊՊՀ-ի աշխատանքից չբավարարված լինելու բազմաթիվ հիմքեր ունեմ»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Այդ հիմքերից նա առանձնացրեց գների աճն ու հատկապես թաքնված աճը: «Ինչու պետք է մեզանում շաքարավազի գինը թռիչքաձև բարձրանար 30%»,- հարց է հնչեցնում Ա. Պողոսյանն ու կրկին հիշեցնում, որ Կայուն զարգացման ծրագրում գրված է` գները և սակագները պետք է ունենան կայուն վարքագիծ և դրանց տարեկան աճը չպետք է գերազանցի 4 %-ը: «Մի հարվածով շաքարավազը թանկացրին 30 տոկոսով: Պատկերն ավելի ահավոր է լինում, երբ բարձրացնում ես թաքնված գնաճի խնդիրը: Շաքարավազի հետ գնում ես ջուր, որի համար ըստ էության թաքնված գումար ես վճարում»,- նշեց Ա. Պողոսյանը: Նա առաջարկում է տարբեր վաճառակետերից շաքարավազ ուղարկել փորձաքննության` համոզվելու համար, որ խոնավությունը գերազանցում է սահմանված չափորոշիչները: «Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ: Նույն խնդիրն առկա է կարագի, հացի, օղու պարագայում»,- ասում է Ա. Պողոսյանը: Ըստ նրա` եթե տնտեսական մրցակցությունը նորմալ է, գներն էլ համապատասխանաբար զսպվում են և հակառակը` եթե գներն անկանոն են, նշանակում է՝ ոլորտում կան չլուծված խնդիրներ:

«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել