Մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների և արագաչափ սարքերի թիվն օր-օրի այնքան շատ է ավելանում, որ եթե վերազինման գործընթացը նույն տեմպով շարունակվի, ապա որոշ ժամանակ հետո տեսախցիկներն ու արագաչափերը կհայտնվեն երրորդական, չորրորդական փողոցներում, բակերում, շենքի մուտքերում, խաղահրապարակներում: Տպավորությունն այն է, որ կա տեսախցիկների և արագաչափ սարքերի պահեստավորված հսկայական խմբաքանակ, որոնք սպառելու և վարորդների դրամապանակը մինչև վերջին դրամը դատարկելու համար չգիտեն էլ որտեղ տեղադրեն: Բա ո՞ւր կորան ձեր հումանիստական արժեքներ, որի մասին միշտ քարոզում եք, լսում ենք, բայց այդպես էլ չենք տեսնում: Առաջարկում եմ՝ տեսախցիկներն ու արագաչափերը օգտագործել մարդասիրական նպատակով և տեղադրել սահմանամերձ գյուղերում: Արագաչափերի առկայության դեպքում՝ անասունները չեն գերազանցի սահմանված արագությունը և չեն հայտնվի թշնամու արոտավայրերում, իսկ տեսախցիկներն էլ սահմանամերձ գյուղի բնակիչներին, և հատկապես՝ հովիվներին, անբարենպաստ եղանակային պայմաններում կողմնորոշվելու լրացուցիչ հնարավորություն կտան՝ Հայաստանի սահմանից դուրս չհայտնվելու համար:
Ինչպես ասում են՝ անասունները կլինեն անվնաս, հովիվները՝ անվտանգ, մայրաքաղաքը կթեթևանա տեխնիկայի այդ լծից, վարորդներն էլ ղեկի առջև փոքր-ինչ շունչ կքաշեն: Մի քիչ էլ հումանիստ եղեք:



