Մարտի 10-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ «Ահաբեկչության դեմ պայքարի» մասին օրենքում առաջարկվել են փոփոխություններ կատարել, ըստ որոնց նախատեսվում է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը: Համաձայն այդ լրացումների՝ ահաբեկչական գործողություն կհամարվի ահաբեկչություն անելուն ուղղված բաց կոչերը, ահաբեկչության ֆինանսավորումը թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս, Ադրբեջանի քաղաքացիներին իր երկրի սահմաններից դուրս զինված հակամարտություններին ներգրավելը՝ ինչ-ինչ կրոնական արարողակարգերի կամ էլ կրոնական թշնամության հողի վրա, ինչպես նաև ագրեսիվ կրոնական հոսանքներին հարող զինվորական խմբավորումների ստեղծումն Ադրբեջանում:
Եկեք առաջին հերթին փորձենք անդրադառնալ այս օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտությանը և դրդապատճառներին: Ինչպես հայտնի է, այսօր Ադրբեջանում Իրանն ակտիվ աշխատանքներ է տանում հենց կրոնական հոսաքներին աջակցելու ուղղությամբ: Տարբեր փորձագիտական մակարդակներում շատ է խոսվում այն մասին, որ Իրանը լրջորեն զբաղված է Ադրեջանում իսլամական հեղափոխություն իրականացնելու համար հիմքեր ստեղծելով: Սրա վտանգը, ըստ երևույթին, գիտակցում են նաև իշխող էլիտայում, և թերևս սա էլ պատճառ է դարձել, որպեսզի ընդլայնեն «ահաբեկչություն» հասկացությունը և օրինական հիմքեր ստեղծեն ցանկացած պոտենցիալ «վտանգը» չեզոքացնելու համար:
Ադրբեջանում, փաստորեն, կսկսվի «վհուկների դեմ որս»: Այլ կերպ ասած, Ադրբեջանի ռեժիմը ստեղծում է հավելյալ «օրինական» մեխանիզմներ՝ իր իշխանության հանդեպ ցանկացած ոտնձգություն կանխելու համար: Չի բացառվում, որ սա հավելյալ գործիք կլինի ոչ միայն «ահաբեկչության դեմ պայքարի», այլև սեփական ժողովրդին սաստելու համար, որը եթե հանկարծ որոշի երբեմն-երբեմն բարձրացնել սեփական ձայնը՝ հանուն ինչ-որ գաղափարների: Բայց ամեն դեպքում այդքան չխորանանք ադրբեջանական հասարակությանը սպասվող պոտենցիալ ռեպրեսիաների մեջ և չշեղվենք թեմայից:
Ինչ վերաբերում է Իրանի գործողություններին, կարծում եմ, որ եթե Իրանն իսկապես ցանկանա իրականացնել հեղափոխություն և իր բացարձակ ազդեցության տակ առնել Ադրբեջանը, ապա այն դա կանի անկախ նրանից, թե ինչ օրենք կընդունվի մեր հարևան երկրում: Այստեղ ավելի կարևոր հարցն այն է, թե անելիս Իրանն ինչպես կկարողանա առաջին հերթին դա համադրել Ռուսաստանի, իսկ երկրորդ` Թուրքիայի շահերի հետ, որոնց հաստատ դուր չի գա Իրանի նման նկրտումները տարածաշրջանում: Այնպես որ, կապրենք-կտեսնենք, բայց փաստը մնում է փաստ, որ թե՛ այս, թե՛ մեկ ուրիշ օրենքի ընդունում, կամ էլ փոփոխությունը չի կարող հանդիսանալ ալիևյան ռեժիմի համար հստակ երաշխիք:
Եզրափակելով միտքս` կցանկանայի մեկ այլ` բավական ուշագրավ հանգամանքի ևս անդրադառնալ: Բանն այն է, որ այս նորությունն ինձ հիշեցրեց մի երևույթ, որը եթե լիներ այսօր, կստացվեր այնպես, որ Ադրբեջանի ներկայիս իշխանություններն իրենք իրենց համարում են ահաբեկիչներ՝ ըստ «Ահաբեկչության մասին» նոր օրենքի: Հիշում եք, թե ինչպես էր Ադրբեջանն 90-ականներին ակտիվ կերպով աշխատում չեչեն գրոհայինների, ավղան մոջահեդների հետ, որպեսզի այդ ահաբեկիչները գային Արցախ և կռվեին հայերի դեմ «սրբազան պատերազմում»: Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այն ժամանակ ոչ միայն այդ ահաբեկիչներին էր հրավիրում «սրբազան պատերազմի», այլև Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությանը փորձում էր հաղորդել կրոնական երանգ միջազգային հանրության շրջանում, որպեսզի մեր դեմ ուղղի առնվազն ամբողջ իսլամական աշխարհը: Այդ ուղղությամբ ակտիվ քարոզչություն էր տարվում մասնավորապես Իսլամական Կոնֆերանս կազմակերպությունում, որպեսզի մեր դեմ Ջիհադ հայտարարվեր: Ի դեպ, կարճաժամկետ հեռանկարում այդ ծրագիրն աշխատեց, և բազմաթիվ չեչեն գրոհայիններ գալիս էին մեր դեմ կռվելու՝ հենց սրբազան պատերազմի պատկերացումներով: Ասացի կարճաժամկետ, որովհետև շատերը գալիս էին հակամարտության գոտի, համոզվում, որ ոչ մի կրոնական երանգ այդ հակամարտության մեջ չկա և վերադառնում էին իրենց տները: Հիմա, փաստորեն, ստացվում է այնպես, որ ադրբեջանցիք դատապարտում են մի բան, որն անում էին իրենք՝ այն էլ պետական մակարդակով:
Ափսոս, որ օրենքը հետադարձ ուժ չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/663800030353844?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել