Civilnet.am-ը գրում է.

Մարտի 8-ը դառնում է 104 տարեկան: 1910թ. գերմանուհի Կլարա Ցետկինը Կոպենհագենի աշխատավոր կանանց հետ հանդիպման ժամանակ մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային օր։

Կլարա Ցետկինը գեղեցիկ կին չէր, բայց գիտեր ապրելու ձևը: Օսիպ Ցետկինի հետ նրա ամուսնությունը չի գրանցվել, քանի որ Օդեսայից Գերմանիա տեղափոխված էմիգրանտ Օսիպ Ցետկինն առանձնապես ամուսնության ցանկություն չուներ և բացատրում էր, որ սոցիալ-դեմոկրատական խմբակների հավաքները սիրավեպերի համար չեն: Այնուամենյանիվ, Կլարան երկու զավակ է ունենում օդեսացի էմիգրանտ Օսիպ Ցետկինից:

Ցետկինի մահից հետո տիկին Կլարան «Հավասարություն» թերթի տպագրման համար նկարիչներ է վարձում գեղարվեստի ակադեմիայից, ու այսպես ամուսնանում տասնութամյա նկարչի հետ: Կլարա Ցետկինը երեսունվեց տարեկան էր: Ապրում են միասին քսան տարի: Մինչև այն պահը, երբ արդեն քառասունամյա նկարիչը սիրահարվում է հիմա արդեն աշխարհում հայտնի BOSCH կենցաղային տեխնիկա արտադրող ընկերության հիմնադրի աղջկան՝ Պաոլինա Բոշին:

Չէ, մոռացա, Ցետկինի ու նկարչի արանքում Կլարան ամուսնանում է նաև դատավարության ժամանակ իր շահերը պաշտպանած փաստաբանի հետ:

Մյուս սոցիալ-դեմոկրատ տիկինը՝ Ռոզա Լյուքսեմբուրգը, բնությունից օժտված չլինելով կանացի հմայքով, այնուամենայնիվ ապրում է բավականին հետքրքրիր կյանք: Ի դեպ, նրա բազում սերերից մեկը հենց Կլարա Ցետկինի որդին էր՝ Կոստյան: Ինչպես ասում են՝ նախաձեռնող կանայք էին… Երբ երիտասարդը որոշում է թողնել տարիքն առած ու բավականին տգեղ այս կնոջը, մայրը՝ Կլարան, վիրավորվում է որդուց խեղճ ընկերուհուն լքելու համար: Այ քեզ ընկերություն:

«Բարոյակա՞ն մարդիկ էին հանգուցյալները»,- կհարցներ Օստապ Բենդերը:

Մի բան տարօրինակ է, որ յոթ տասնամյակ բարոյականության ու առաքինի կանանց ջատագով Խորհրդային Միությունը, որ առավոտից գիշեր ատում էր նեխող իմպերիալիզմի բարքերը, շռնդալից տոնում էր սրբության հասցված մի տոն, որի հիմնադիրները կարգին հեռու էին կնոջ առաքինության ընդունված դրույթներից:

Հիմա, անցան տարիներ: Մարտի 8-ին Հայաստանում աղջիկներին շնորհավորհում են ու նվերներ առնում տղաներ, որոնց տեսակետը կնոջ ազատության կամ ավելի մեղմ՝ սիրո, հավասարության, հանդիպելու, իրավունքների մասին շատ նման են աֆղանական սարերում կնոջ սիրելու իրավունքի ու հնարավորությունների որակին: Պատմե՞նք՝ ինչ անենք, որ տղաներն ու աղջիկներն իմանան ինչ կանայք էին էդ մարտի 8-ի ակունքներում, ինչ «վատ» աղջիկներ էին, պատկերացնո՞ւմ են արդյոք մարտի 8-ին հորից կամ մորից վերցրած փողով ընկերուհուն նվեր առնող տղաները, որ Կլարան տղամարդու հետ հանդիպելիս եղբորը չէր հարցնում, ու իր հերթական սիրեցյալը պարտավոր չէր նեկայանալու Կլարայի եղբորը կամ դասընկերներին: Ինձ թվում է՝ մեր պարապությունից թասիբի զոհ դարձած տղաները կդադարեն նշել մարտի 8-ը, եթե Կլարայի մասին երկու տող կարդան: Նրանք անպայման կասեն՝ «վայ հորս արև, արա» ու այլևս կարգելեն իրենց ընտրյալ ջրահարսին երբևէ արտասանել մարտի 8-ի մասին որևէ տող:

Այս կանայք ինձ նույնիսկ հետաքրքրեցին, բայց նրանց հանդեպ մի ուրիշ վերաբերմունք եմ ունեցել:

Էս երկու շատ նախաձեռնող կանանց պատճառով, տարեկան մեկ օր անպայման մերոնք վիճում էին, ու մանկության տարիներիս կայուն տխուր օր էր մարտի 8-ը:

Հայրս, քաղաքական նկատառումներից, ատում էր կոմունիզմի շվաքը, ու նա միջազգային ու կանանց այս տոնի բոլորովին ուրիշ ձևակերպում ուներ:

Մայրս, որ աշխատում էր ռուսական միջավայրում, որտեղ «մեժդունառոդնի ժենսկի դենը» առանձնահատուկ հարգի էր, վշտահար էր լինում ամեն տարի մարտի 8-ին, որովհետև նրա ու նրա ամուսնու քաղաքական հայացքները Կլարայի և Ռոզայի հարցում արմատապես տարբեր էին: Բացը լրացնում էինք մենք՝ երեխաներս: Բացիկների ու փայտե գդալների այն քանակը, որ մենք նվիրել ենք մորս մարտի 8-երին անցնում է մանկության ընթացքում մեր ապրած տարիների թիվը, ինչից էլ կարելի է հետևություն անել, որ նախ յուրաքանչյուրս մեկական բացիկ էր գրում, ոչ թե երկուսով՝ մի հատ: Երկրորդ, յուրաքանչյուրս երկու բացիկ էինք նվիրում: Դրանց մեջ մի բացիկ կար՝ կապույտ ֆոնի վրա բյուրեղապակյա ծաղկաման ու մեջը կարմիր վարդ:

Կլարան էապես ազդեց մեր մանկության այդ մեկ օրվա վրա, որովհետև պարբերականությունը չէր խախտվում, ու ոչինչ չէր փոխվում ո՛չ մեկի, ո՛չ մյուսի վարքագծում: Մարտի 8-ը տխուր օր էր:

Մի անգամ մարտի 8-ին մեզ՝ Կրուպսկայայի անվան դպրոցի աշակերտներիս, տարան Ստանիսլավսկու անվան թատրոն, որտեղ հանդիսավոր նշվում էր մարտի 8-ը Կենտրոնական կոմիտեի քարտուղարի ու մյուս ղեկավար անձանց ու առաջավոր կանանց ներկայությամբ: Մեզ էնքան էին բզբզել ու հրահանգներ տվել, որ մի քիչ թմրած էինք, բայց անգամ թմրած վիճակում հասկանում էինք, որ եթե մի բան սխալ անենք, համարյա վերջն է լինելու: Լարված, թմրած լցվեցինք դահլիճ ու շարվեցինք դահլիճի շարքերի բաց հատվածներում, մի քանի րոպե կանգնեցինք, մի աղջիկ արտասանում էր Սևակի «Մոր ձեռքերը»: Լավ էր արտասանում՝ հուզական, բարձր, առանց կաշկանդվելու: Ես կմեռնեի, եթե այդքան մարդու մոտ կանգնեի, էն էլ՝ Դեմիրճյանի ու ասմունքեի: Իսկ աղջիկը կարողացավ: Ու հենց ավարտեց ,Կարեն Դեմիրճյանը մոտեցավ, գրկեց ու համբուրեց նրան: Տպավորված էի երևի, որովհետև երբ եկա տուն, տեսա՝ մայրս անտրամադիր ու ջերմությամբ պառկած էր, իսկ տատս ասում էր «անիծվի էս մարտի 8-ը»: Դա նշանակում էր, որ առավոտյան արդեն գաղափարական վեճ էին ունեցել ամուսինները սոցիալ-դեմոկրատիայի անընդունելի դրույթների վերաբերյալ: Ես անմիջապես կողմնորոշվեցի ու արտասանեցի իմ ամենահիանալի ստերից մեկը, որ ասել եմ մանկության տարիներին: Ես մի շնչով պատմեցի, որ Ստանիսլավսկու թատրոնում արտասանել եմ «Մոր ձեռքերը» ու Դեմիրճյանն ինձ գրկել ու համբուրել է: Այ հենց էդպես: Մայրս ժպտաց, վեր կացավ անկողնուց, տատս խնդրեց մի հատ էլ պատմեմ, ես պատմեցի: ՈՒ քանի որ ես հիմնականում ստախոս չէի, ոչ ոքի մտքով չանցավ կասկածել:

Ես այսօր՝ 2014-ի մարտի 8-ին պատմեցի մորս, որ խաբել եմ նրա տրամադրությունը բարձրացնելու համար: Մամաս հուզվեց:

Լուսինե Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել