Asparez.am-ը գրում է.

«Ասպարեզը» Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է Ղրիմի ինքնավար հանրապետության Յալթա քաղաքի բնակիչներից մեկի հետ, ով չի ցանկացել ներկայանալ: Վերջինս նախ անդրադարձավ Ղրիմում ռուսական զորքերի առկայության խնդրին: «Ղրիմում ռուսական զորքեր իհարկե կան, սակայն Յալթայում ընդամենը մի փոքր ջոկատ կա «ՌԴ Սեւծովյան ռազմական նավատորմի» հանգստյան տան տարածքում` ռազմանավատորմի նախկին ծառայողների հանգիստն ապահովելու համար: Ղրիմի հիմնական բնակչությունը ռուսախոս է, մեծ մասը ռուսների կողմն է եւ այստեղ համարյա չեմ հանդիպում ԱՄՆ-ին կամ Մայդանին կողմնակից անձանց: Յալթայում` Լենինի հրապարակում կան տեղադրված ցուցապաստառներ, որոնցով հայտարարվում է, թե տեղի բնակիչները դեմ են ՆԱՏՕ-ին: Շատերը գոհ են, որ ռուսական զորքն է այստեղ մտել եւ բոլորն էլ լավ հասկանում էին, որ եթե ռուսական զորքերը չլինեին, դեպի Ղրիմ մայդանցիների եւ զենքի հոսք կլիներ»,-մանրամասնեց զրուցակիցս:

Նա նշեց, որ ինքը ծանոթների միջոցով տեղյակ է եղել վերջին շրջանում Խարկովում, Դնեպրոպետրովսկում ծավալվող իրադարձություններին: «Ուկրաինայի արեւելյան հատվածում, որտեղ հիմնականում ռուսներ են բնակվում, մայդանական հեղափոխության օրերից հետո ռուսական իշխանությունները սկսեցին հանգիստ չնստել եւ այս քաղաքներում եւս սկսեցին պրոռուսական ակցիաներ կազմակերպել: «Շատ մեծ` բազմահազարանոց հանրահավաքներ են եղել Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում: Օգնության հասնելու խնդրանքներ են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»: Զրուցակիցս հավաստեց, որ շատերը Ղրիմում  ձգտում են ՌԴ քաղաքացիություն ստանալ: «Ղրիմում գրանցում ունենալու դեպքում ռուսական քաղաքացիություն ստանալը շատ հեշտ է, իսկ թե որն է Ղրիմի բնակիչներին ռուսական անձնագրեր բաժանելու նպատակը, դա պետք է հարցնել ռուսական իշխանություններին: Երեւի անում են, որ Ղրիմում ուժեղացնեն իրենց դիրքերը: Լենինի հրապարակում տեղադրված վրանում հերթերը չեն վերանում. ստորագրում են հանրաքվե անցկացնելու, եւ իրենց անձնագրային տվյալներն են տալիս հետագայում Սիմֆերոպոլի ռուսաստանյան դեսպանատանը ՌԴ քաղաքացիություն ստանալու համար»:

Զրուցակիցս խնդրեց անպայման փոխանցել հետեւյալը. «Եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Մայդանում ինչ-որ տեղի ունեցավ դա լավ է, գովելի եւ նախանձելի, կամ ժողովրդավարություն է, լրիվ սխալ պատկերացում ունեն, թե իրականում Մայդանում ինչ է տեղի ունեցել եւ ովքեր են այդ հեղափոխականները: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է պաշտպանել նացիստական սվաստիկաներ կրող մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց համերկրացիներին երկրից դուրս շպրտել: Այն, ինչ տեղի ունեցավ Կիեւում, եթե լիներ իսկապես հեղափոխություն, որն ուղղված լիներ Յանուկովիչի կոռումպացված կուսակցության դեմ, ապա բոլորը կողմ կլինեին, նաեւ` հարավ-արեւելյան Ուկրաինան: Սակայն հեղափոխություն անել, դրանից հետո դեմ դուրս գալ Ռուսաստանին, Ուկրաինա բերել եվրոպացիներին, այդ մարդկանց ես չեմ հասկանում: Կոպիտ եւ ճակատագրական սխալ կլիներ Հայաստանում ռուսական լծից ձերբազատվելու համար Մայդան կազմակերպել: Այլ բան է, եթե Հայաստանում լիներ հեղափոխություն` Հայաստանի կոռումպացված իշխանություններից ձերբազատվելու համար»:

Մեր զրուցակիցը Յայթայից փոխանցեց, որ Ղրիմում լուրեր կային այն մասին, որ Կիեւում անմիջապես հեղափոխություն կազմակերպելուց հետո մայդանականները պատրաստվում էին իրենց «հրոսակախմբերով» ուղեւորվել Ղրիմ, իրենց հետ բերելով թալանված զենք, որն օգտագործվել է Մայդանում եւ նույն բանն իրականացնել Ղրիմում, ինչը դուր չեկավ Ղրիմի ռուսամետ բնակչությանը: Զրուցակցիս հարցրեցի` ականատես եղե՞լ է վերջերս Ղրիմում ռուսների, ուկրաինացիների եւ թաթարների կազմակերպած առանձին հանրահավաքներին: «Սիմֆերոպոլում հավաքները երկկողմանի էին, կային թե՛ թաթարներ, ովքեր կողմ էին նոր ձեւավորված մայդանական իշխանությանը, թե՛ ռուսամետ ցուցարարներ, սակայն Ղրիմում ռուսական զորքերի հայտնվելուց հետո թաթարները սսկվեցին: Մի քանի քաղաքներում կամավորական խմբեր հսկում են քաղաքի ելք ու մուտքը, կանգնեցնում մեքենաները եւ ստուգում, օրինակ` Սեւաստոպոլում»:

Անահիտ Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել