Քանի որ էսօր աչքովս շատ ընկան զանազան ստատուսներ՝ այս կամ այն չափով ծաղրող և ընդհանրապես քարկոծող ֆեմինիզմը, մարտի ութն էլ կատեգորիկ կերպով չընդունող որպես բոլշևիկյան տոն, ասեմ. տատս ինձնից մեծ էր վաթսունվեց տարով, նրա մայրն իրենից՝ տասնչորս, տասներկուսում էին ամուսնացրել, և հասցրել էր չխոսկան հարս լինել, սկեսրայրի ու տեգոր ոտքերը լվանալ և այլն, և այլն։ Տատս երջանիկներից էր, որ քառամյա դպրոց էր գնացել (դպրոցը իր պապն էր բացել ու իրենց տանը), բայց նրա կյանքի երազանքին՝ կրթությունը շարունակելուն, խանգարեց այն, որ խորհրդայնացումը մի քանի տարի շուտ չեղավ։ Այսինքն՝ իմ ծնունդից ընդամենը յոթանասուն տարի առաջ կանայք ապրում էին բոլորովին այլ իրավունքներով ու պարտականություննրով, բոլորովին այլ ախարհում։ Ես չեմ ասում՝ իմ վիճակն ավելի լավ ա, քան իրանցը, բայց ես մի տեսակ սովորել եմ էս վիճակին ու ինձ ինչ-որ իրավունքներ ունենալն ու ավելիին ձգտելը ավելի ա դուր գալիս, քան չխոսկան լինելու և ամուսնու բարեկամների ոտքերը լվանալու տեսլականը։ Ու ես հասկանում եմ, որ իմ ունեցած իրավունքների համար եթե ինչ-որ չափով պարտական եմ պատմական ինչ-որ գործընթացների (դեղագործության և բժշկության զարացմամբ պայմանավորված ժողովրդագրական աճ, ուրբանիզացիա, ինդուստրիալիզացիա, ի վերջո՝ խորհրդայնացում, հանրակրթություն և ընդհանուր մոդեռնիզացիա), ապա առնվազն ոչ պակաս չափով պարտական եմ ֆեմինիստների անխոնջ պայքարին իրենց ու իմ իրավունքների համար։ Ես շնորհակալ եմ այդ հայտնի և բազում անհայտ կանանց։



