Լեզվաբան, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876 թվականի մարտի 8-ին Կոստանդնուպոլսում: 

Նա հեղինակ է մոտ 200 աշխատությունների, որոնք ընդգրկում են հայերենագիտության գրեթե բոլոր բնագավառները: Հայոց լեզվի պատմությունն ու հայ բարբառագիտությունը՝ որպես գիտության առանձին բաժիններ, ձևավորվել են նրա աշխատությունների շնորհիվ:

 

 

Ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, սովորել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա՝ Ստրասբուրգում: 1898–1923 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում, 1923 թ-ից՝ Երևանի պետական համալսարանում:
Լեզուներ սովորել է պատանեկան հասակից. տիրապետել է հունարենին, եբրայերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, պարսկերենին, գիտեր լատիներեն, սանսկրիտ և այլ լեզուներ: Լազերեն սովորել է մի ծերունի լազից, գրել է այդ լեզվի քերականությունը, ուսումնասիրությունը 1897թ-ին ներկայացրել է Փարիզի լեզվաբանական ընկերությանը և 21 տարեկանում ընտրվել այդ ընկերության անդամ:
Աճառյանը գրել է «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» բազմահատոր աշխատությունը, որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանական գրականության մեջ: Աշխատության մեջ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն աշխարհի բազմաթիվ լեզուների և հատկապես հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու փոփոխությունների մասին:
Շուրջ 40 տարի աշխատել է նախադեպը չունեցող «Հայերեն արմատական բառարանի» ստեղծման վրա, «Հայերեն արմատական բառարանի» մասին ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»: 
Աճառյանը հայ բարբառների գիտական դասակարգման հեղինակն է: Բարբառագիտական կարևոր հետազոտություններից են նրա «Հայ բարբառների դասակարգումը», «Հայ բարբառագիտություն» երկերը, «Հայերեն գավառական բառարանը»: 
Հայագիտության համար արժեքավոր է Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը», որտեղ հավաքված և ուսումնասիրված են V–XX դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները: «Հայոց լեզվի պատմություն» երկհատոր աշխատության մեջ  քննել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը: Աճառյանն ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը. գրել է «Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը», «Հայոց գրերը» աշխատությունները:
Աճառյանը բացառիկ բարեխղճությամբ կազմել է տարբեր վայրերում պահվող հայոց հին ձեռագրերի ցուցակները, զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության հարցերով: Նրա ուսումնասիրությունները  հայագիտության յուրատեսակ համալսարան են:
Աճառյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտը, համալսարան, դպրոց և փողոց՝ Երևանում, ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել