Մի մոլորված քամու կտոր է շվշվացնում խոհանոցի լվացարանում: Խոհանոցի դուռը փակում եմ: Ո՞ւմ է պետք քամին՝ առանց տերևների խշշոցի: Հեռուստացույցով ինչ-որ հին հայկական ֆիլմ է: Մարդիկ խոսում են: Այսինքն, տխրում են: Նրանց խոսքի միակ իմաստը տխրությունը փոխանցելն է: Պատուհանից դուրս մի շուն է կաղկանձում: Նա չգիտի, որ տոն է: Ֆիլմը սիրո մասին է: Վերնագրի մեջ սեր ու երգ բառերը կան: Էլ ի՞նչ սեր, որ տխուր չերգվի: Մի թիթեռ է կանգնել համակարգչիս վրա: Այսինքն՝ էկրանին: Այսինքն՝ էկրանի միջի նկարին: Գովազդը ընդհատում է ֆիլմի տխրությունը: Կոկա-կոլա, ընտանիք, ջերմ ժպիտներ, կանաչ մառոլ, բացի՜ր երջանկությունը: Ամերիկյան լայն ժպիտը, օվկիանոսը կտրելով` խուժում է սենյակ: Մտածում եմ` փոխեմ նկարը: Բա թիթե՞ռը: Իսկ թիթեռը չփոխեմ: Միայն նկարը: Էտ դեպքում, նույն թիթեռը չի լինի: Գովազդը ընդհատվում է: Բոլորը շարունակում են տխրել: Տղան հեռանում է նրանից: Չգիտեմ, թե խի: Բայց ի՞նչ կապ ունի, թե խի, եթե հեռանում է: Շունը լռում է: Ինչ-որ բան է հասկացել: Դրսում ինչ-որ անհասկանալի արև է շողում: Մերթ շողում է, մերթ լռում: Շունը տխուր քայլում է արևի տակով: Ամռան տապին, տաք ասվալտի վրա թափված պաղպաղակի գոլորշու պես հուսախաբ աչքեր ունի նա: Տոն է: Կանանց իրավունքների պաշտպանության օրը: Իրավուքների պաշտպանության արդյունքում կանայք էլ նույնը չեն, ինչ այն ժամանակ: Բայց տոնը նույնն է: Պետք է խմբագրել տոնը: Խմբագրված կանանց` խմբագրված տոն: Արևը սկսում է ավելի դանդաղ շողալ: Շտապել պետք չի: Շտապողին տղա չի ծնվում: Հա, տղաների մասին: Տղաները ծաղիկներ են նվիրում, հետո շնորհավորում, հետո հեռանում, հետո էլի հեռանում: Հեռանում են երկու անգամ, չնայած մի անգամ էին եկել: Աշխարհի կարգն է: Դանդաղ, շատ դանդաղ: Անմխիթար մի անձրև է գալիս վերևից: Շրխկում է պատուհանիս վրա իր հատուկենտ կաթիլներով: Արհամարհանքով: Կարծես ես եմ մեղավոր իր կիսատ-պռատության համար: Անձրևի իրավունքների պաշտպանության օր է պետք ստեղծել: Հավասար հնարավորություններ: Հավասար իրավուքներ անձրևի տակ համբուվելու համար: Հա, համբուրվելու: Զարմանում եմ` ինչպես կարելի է մի ամբողջ կյանք ապրել ու չհամբուրվել անձրևի տակ: Սիրում եմ անձրևի տակ համբուրվողներին: Մեկ էլ ձնծաղիկ քաղել: Բայց սարերից: Ու առաջին սիրո համար, դպրոցական տարիներին: Դրանից հետո ձնծաղիկ քաղել չեմ սիրում: Բայց սիրում եմ հիշել: Բաներ կան, որ երկու անգամ սիրել չես կարող: Մի անգամ սիրում ես, հետո ամբողջ կյանքում հիշում սիրածդ: Թե անձրև լինեի, միշտ կգայի համբուրվողների վրա: Շունը էլի կաղկանձում է, ու նրա կաղկանձի ներքո շարունակվում է աշխարհը: Բայց աշխարհը չէր էլ ընդհատվել: Հերակլիտը վկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել